Մարտի 31-ին Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, ականի պայթյունից մահացու վիրավորվել է 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: Նա Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ էր: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ սպայի դին ապրիլի 1-ին տեղափոխվել է Բերդավան, թաղումը կկատարվի ապրիլի 3-ին:
Գյուղապետը հայտնեց, որ Հարություն Սաֆարյանն ամուսնացած էր, սակայն երեխա չուներ: Նա ծնողներ եւ երկու եղբայր ունի, եղբայրներից մեկը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում, մյուսը դպրոցական է:
Ա. Գաբրիելյանի տեղեկություններով՝ Հ. Սաֆարյանը մի քանի օրից պետք է մեկամսյա արձակուրդի մեկներ, որից հետո մարտական ծառայությունը պետք է շարունակեր հայրենի Տավուշի մարզում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ