Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը վախեցած չէ անվստահություն հայտնելու որոշումից». Արտակ Դավթյան

Ապրիլ 02,2014 16:26

«Ղրիմյան քվեարկությունը հակասեց Հայաստանի որդեգրած «ե՛ւ, ե՛ւ» արտաքին քաղաքականությանը եւ առանձնապես Ռուսաստանին շատ անհրաժեշտ եւ պարտադիր չէր Հայաստանի քվեարկությունը»,- այսօր՝ ապրիլի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն էլ կարծում է, որ ՄԱԿ-ի քվեարկության արդյունքները շատ հետաքրքիր են, քանի որ Իրանը եւ Իսրայելը նույն մոտեցումն են ցույց տվել եւ չեն մասնակցել այդ քվեարկությանը: Նա նաեւ նկատեց, որ մարտի 27-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի քվեարկության ընթացքում կողմ են քվեարկել մի շարք ժողովրդավարությունից հեռու գտնվող երկրներ, ինչպիսիք են Հոնդուրասը, Հայիթին, Կոլումբիան, Չադը, Ալբանիան, Ադրբեջանը եւ այլն:

Իսկ անդրադառնալով պարոն Մելքումյանի հայտարարությանը, թե Հայաստանի քվեարկությունը հակասում է արտաքին քաղաքականությանը՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ դա բացառապես վերաբերում էր միայն Մաքսային միության միասնական տարածքից բխող սահմանափակումներին.

«Ենթադրվում էր՝ Վիլնյուսում պետք է ստորագրվեր քաղաքական մասը՝ մարդու իրավունքներ, հռչակագիր քաղաքական եւ այլն: Քեսաբի խնդիրը տեղավորվում է «ե՛ւ, ե՛ւ»-ի տիրույթում, այնպես որ խնդիրը Մաքսային միությունից բխող սահմանափակումները չեն»:

Անդրադառնալով ոչ իշխանական 4 քաղաքական ուժերի ապրիլի 28-30-ը կայանալիք հանրահավաքներին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ եռօրյա հանրահավաքը մինչ այդ կազմակերպված իրենց ակցիաների բնականոն շարունակությունն է.

«Քառյակն այսօր արդեն իր ծրագրային աշխատանքներն է կայացնում, այսինքն՝ այն, թե ինչպե՞ս երկիրը այս իրավիճակից պետք է դուրս բերվի, նույնպես տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական: Այս բոլոր ծրագրային աշխատանքներն իրականացվում են, եւ որոշ ժամանակ հետո մենք կներկայացնենք այս վիճակից դուրս գալու մեր մոտեցումները»:

Արտակ Դավթյանը հայտարարեց, որ իշխանությունը վախեցած չէ կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի որոշումից, եւ իրենք այդ երեւույթին շատ հանգիստ են վերաբերվում, քանի որ դա նրանց իրավունքն է.

«Դա ավելի շատ ՀԱԿ-ի մեր որոշ գործընկերների լեքսիկոնն է, եւ այդ լեքսիկոնը երբեք էլ չի փոխվել եւ երբեք էլ չի փոխվելու, որովհետեւ արդեն ենթագիտակցական մակարդակով ձեւավորված ոճ է, որովհետեւ ամեն անգամ, երբ որ խոսում են, ինչ-ինչ ամպագոռգոռ բառեր եւ բառակապակցություններ են օգտագործում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930