Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում այսօր Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավարությունն էր:
Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը կրկին պնդեց դատախազ Հենրիկ Պապիկյանի բացարկի վերաբերյալ իր միջնորդությունը՝ պնդելով, որ նա անաչառ չէ. «Այս գործի քննությանը մեղադրող պարոն Պապիկյանը չի կարող մասնակցել, որովհետեւ թույլ է տրվել քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ, կամայականորեն սահմանափակվել են պաշտպանական կողմի իրավունքները»:
Ըստ նրա, գործը ՊՆ քննչական ծառայությունում էր քննվում, բայց իր պաշտպանյալի հանցանքի վերաբերյալ փաստական հանգամանքներ այդպես էլ ձեռք չեն բերվել. «Քրեական գործը շարունակվեց քննվել ՊՆ քննչական ծառայությունում: Պաշտպանական կողմի պահանջները՝ գործը պետք է ուղարկվի այլ մարմին՝ մեղադրողի կողմից մերժվեց այն հիմնավորմամբ, որ գործն ուղարկելը անիմաստ է, քանի որ այն կբերի գործի քննության անհարկի ձգձգման: Մեղադրողի նման դիրքորոշումը տեղիք է տալիս պնդելու, որ նա շահագրգռված է եղել, քրեական այս գործը պահել իր հսկողության տակ, բացահայտորեն անտեսել է օրենքի պահանջը»:
Փաստաբանը նաեւ անդրադարձավ Վոլոդյա Ավետիսյանի եւ վկաներ Զաքարյանների առերեսման կազմակերպելու հարցին ու դժգոհեց, որ Վոլոդյա Ավետիսյանի եւ վկաների ցուցմունքներում էական հակասություններ կան, բայց քննիչը հրաժարվել է նրանց միջեւ առերեսում կազմակերպել. «Իսկ մեղադրողն էլ քննիչի ապօրինի գործողություններն արդարացրեց՝ պնդելով, որ քննիչը, նշված անձանց միջեւ առերեսում չկազմակերպելով օրենքի խախտում թույլ չի տվել, իսկ պաշտպանական կողմը նրանց կարող է հարցեր տալ դատաքննության ընթացքում: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ վկաները բացակայում են Հայաստանից, ինչը նշանակում է, որ մենք հարցեր տալու իրավունք չենք ունենալու նաեւ դատարանում»:
Կարդացեք նաև
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի միջնորդությունից հետո, դահլիճում նստած ազատամարտիկները սկսեցին ծափահարել: Դատավորը բարկացավ ու առաջինը ծափ տվող ազատամարտիկին դուրս հրավիրեց: Հետո ասաց՝ կանգնիր, ներողություն խնդրիր նոր հեռացիր: Մյուս ազատամարտիկներին էլ զգուշացրեց՝ հաջորդը դուք եք լինելու: Դահլիճից հեռացող ազատամարտիկն էլ ասաց՝ «նույնիսկ հորիցս ներողություն չեմ խնդրել, ուր մնաց քեզնից, կասեի հա»:
Դատարանն այս պահին հեռացել է խորհրդակցության սենյակ՝ դատախազի բացարկի հարցը քննելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ