«Հենց այս պահին կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, պետք է հրաժարական ներկայացնի»,- ՍԴ-ի` ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով որոշման հրապարակումից հետո դուրս գալով նիստերի դահլիճից՝ այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ընդհանրապես ՍԴ-ի վճռի հրապարակումից հետո մի տեսակ խուճապային իրավիճակ էր, թե քաղաքական գործիչները, թե դիմող ու պատասխանող կողմը, թե լրագրողները չէին հասկանում` ի վերջո ՍԴ-ն բավարարե՞ց դիմող կողմի պահանջը, թե` ոչ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դուրս գալով դահլիճից, ասաց. «Առաջին անմիջական տպավորությունս դրական է: Ընդհանրապես դրական լիցքեր ստացա: Ավելի մանրամասն կարծիքներ կհայտնենք, երբ ուսումնասիրենք»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տպավորությամբ՝ այս վճիռը նշանակում է այն, որ թեև հակասահմանադրական են ճանաչվել վիճարկվող դրույթները, բայց մնում են գործողության մեջ բավականին երկար ժամանակ, ինչը թույլ կտա կառավարությանը վերանայել օրենքի դրույթները` համապատասխան Սահմանադրության:
Կարդացեք նաև
Պարոն Զուրաբյանը շարունակեց. «Կառավարությանն ահագին գործելու տեղ են թողել: Միայն այդ դրույթների հակասահմանադրական ճանաչելը կարևոր նվաճում է, անգամ ապրիլի 28-ի` կառավարությանն անվստահություն հայտնելու հանրահավաքի առաջին արդյունքը»:
Այդուհանդերձ Լևոն Զուրաբյանը որոշ վերապահումներ ունի. «Տեղ են թողել նրա համար, որ գործեն դրույթները և ընթացքում բերվեն Սահմանադրությանը համապատասխանության: Այնպես որ, պայքարը շարունակվում է»:
Հարցին` նույն կարծիքի՞ն է, որ ՍԴ-ն կայացնելու է նախագահական ապարատի թելադրանքով որոշում, պարոն Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Մեկ րոպե հետ չեմ կանգնում այդ կարծիքից: ՍԴ-ն միշտ որոշումներ է ընդունել, որը թելադրվել է նախագահի կողմից: Այս պահանջը վերաբերում էր զգայուն քաղաքական պրոցեսին և միանշանակ վստահ եղեք, որ որոշումն ընդունվել է այնպես, ինչպես թելադրել է նախագահական համակարգը»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը երկար մեկնաբանություններ չարեց ու ասաց. «Մեզ երկու օր ժամանակ տվեք և մեր վերջնական տեսլականն ու ապագա ռազմավարությունը կներկայացնենք հանրությանը: Շնորհակալություն մեր երիտասարդներին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ