Հաշվի առնելով այժմ Լաթաքիա տեղահանված Քեսաբի հայերի ծանր վիճակը՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը կազմակերպում է դրամահավաք: Ակցիան սկսվելու է ապրիլի 5-ից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին հայտարարեցին կազմակերպության անդամները: Նրանց խոսքով՝ նախաձեռնությանը միացել են անհատներ, երիտասարդական խմբեր. «Ակցիան մի քանի բնույթ է կրելու: Մեկը՝ մենք արկղեր ենք տեղադրելու քաղաքի տարբեր հատվածներում մեր լոգոյով, կնիքով, կարող է յուրաքանչյուր ոք մոտենալ եւ իր լումայով հանգանակության մասնակիցը դառնալ, ինչպես նաեւ՝ մեր հաշվեհամարները հասանելի են կայքէջում»,- ասաց կազմակերպության անդամ Դիանա Ֆարազյանը:
Մեկ այլ անդամի՝ Հակոբ Կազանչյանի խոսքով՝ ավելի ոգեւորվեցին, երբ բազմաթիվ երիտասարդներ իրենց դիմեցին՝ Լաթաքիայում գտնվող քեսաբցի ընտանիքներին օգնելու համար նախաձեռնություն կազմակերպելու հարցով:
«Մենք ունեցանք հանդիպումներ, որպեսզի քննարկենք միջոցները, եւ որպեսզի այսօրվանից արդեն սկսենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Մեկ այլ անդամ Հակոբ Ֆագեջյանը մասնավորեցրեց՝ դիմողները 200 հալեպցի երիտասարդներ են, ովքեր կամավոր կերպով են որոշել օգնել, նրանք հիմնականում ապահովված են, այստեղ ունեն եկամուտի աղբյուր:
Կարդացեք նաև
Կապը Լաթաքիայի հետ, ըստ երիտասարդների, լինելու է Լաթաքիայում եւ Հալեպում ապրող իրենց ներկայացուցիչների միջոցով: Ասում են՝ թափանցիկության համար, ամեն ինչ կազմակերպելու են թղթաբանության միջոցով, ինչպիսի օգնություն էլ ցուցաբերվի, ներկայացվելու է հանրությանը, եւ որպեսզի չլինեն խաբեություններ, հանգանակություն իրականացնող կամավորները ունենալու են լոգոն, կազմակերպության կողմից տրված հավատարմագրման վկայական:
«Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության մեկ այլ անդամ Սարգիս Բալխյանն էլ ասաց. «Այս նախաձեռնությունը ոչ թե մեր նախաձեռնության հովանու ներքո է լինում, այլ քաղաքացիական, հասարակական շարժման նման մի բան է, այսինքն՝ ցանկացած հայաստանցի, քաղաքացի ուզում է թեկուզ տասը, հարյուր դրամ նվիրել քեսաբահայերին, այս իրենց հնարավորությունը տալիս է»:
Դրամահավաք կազմակերպողները նաեւ նշեցին, որ այս հանգանակության արդյունքում գումարն են տրամադրելու քեսաբցիներին, ընդ որում գումարի 70 տոկոսն է ուղարկվելու Լաթաքիա, 30-ը պահվելու է Հայաստանում: Ըստ նրանց՝ Քեսաբն այժմ ավերվել է, տները քարուքանդ են եղել, եւ իրավիճակի խաղաղեցման դեպքում, երբ բնակիչները վերադառնան իրենց տները, գումարն այդ ժամանակ շատ անհրաժեշտ կլինի: Հակառակ դեպքում, երբ Քեսաբը չխաղաղվեց, եւ մեր հայրենակիցները գան պատմական հայրենիք, այստեղ նրանց ֆինանսական աջակցություն կցուցաբերվի այդ երեսուն տոկոսով նաեւ:
Նշենք, որ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին՝ մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ: Նպատակն է շտապ օգնություն տրամադրել Հայաստանում եւ Սիրիայում բնակվող առավել խոցելի ընտանիքներին, միաժամանակ մշակում է տեւական լուծումներ՝ դյուրացնելու Հայաստանում սիրիացիների բնակեցումը եւ ինտեգրացիան:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ