Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբանության մագիստրոս Գերասիմ Հարությունյանը, խոսելով մանկական աուտիզմից, ասաց, որ վերջինս պետք է ախտորոշվի միայն գործնական բժշկության նշանների հիման վրա:
Գ. Հարությունյանը նշեց, որ շատ հաճախ ծնողները, և հատկապես մայրերը, զգայուն լինելով` շփոթում են աուտիզմը այլ խանգարումների հետ: Այդ իսկ պատճառով ծնողները պետք է դիմեն հոգեբույժի` պարզելու համար՝ արդյոք իրենց երեխան ունի՞ այդպիսի հիվանդություն, թե` ոչ: «Պարաաուտիստիկ վիճակներում (աուտիզմ ունեցողներին բնորոշ պահվածք) պատկերը կարող է լրիվ համապատասխանել աուտիզմի պատկերին, բայց հիմքում ընկած լինի լրիվ այլ պատճառականություն, որը կարող է պայմանավորված լինի սոցիալական կամ հոգեկան գործոններով, մոր եւ երեխայի հուզական կապի խանգարումով: Եթե ծնողները մտածում են, որ իրենց երեխայի մոտ հետագայում կարող է զարգանալ աուտիզմ եւ սկսում են ինչ-որ շտկողական ու զարգացնող միջոցառումներ ձեռնարկել`չեմ կարծում, որ դա դրական ազդեցություն կունենա երեխայի վրա»:
Աուտիզմի դեպքում` երեխաները խոսքի հետ կապված խնդիրներ են ունենում, լինում են բավականին ինքնամփոփ, դժվարությամբ են ընկալում դիմացինի խոսքը եւ կարող են արտաբերել իմաստ չունեցող, կամ թեմայից դուրս բառեր:
Այս հիվանդությունը թեթևացնելու նպատակով կիրառվում են տարբեր մեթոդներ, որոնցից մեկը իրականցվում է նկարների միջոցով: Վերջինիս նպատակն է զարգացնել պատկերային և գործառութային ընկալումը «եւ այսպես հասնում ենք նրան, որ երեխան իր ցանկությունը արտահայտելու համար կիրառի խոսք»:
Ինչպես հոգեբանության մագիստրոս Գ. Հարությունյանը, այնպես էլ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր Աուրա Պաուլ Հեյլվեյլը նշում են, որ աուտիզմ հիվանդության պատճառները դեռեւս մնում են անհայտ, եւ արդյոք այն ունի՞
ժառանգական բնույթ, թե` ոչ, մնում է անհայտ:
Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ