Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով «գաղտնի վկային» խոշտանգել են

Ապրիլ 02,2014 14:57

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Մարտի 14-ի դատական նիստը հետաձգվել էր Ստեփան Հակոբյանի հիվանդության պատճառով:

Երեմ Սարգսյանը երկրորդ դատական նիստն է, ինչ ներկայացնում է իր բազմածավալ բողոքը: Պաշտպանն անդրադարձավ այն ապացույցներին, որոնք դրվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճռի հիմքում: Պաշտպանը նշեց մի շարք վկաների ցուցմունքները, որոնց նկատմամբ կիրառվել է պաշտպանական միջոցներ՝ դրանք եղել են փակ վկաներ, որոնց ինքնությունը դատարանում պարզ չի եղել, ինչպես նաեւ Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ մեղադրված Արսեն Առուշանյանի 2007թ. դատավճիռը: Ըստ պաշտպանի, եթե անգամ այդ ապացույցները թույլատրելի ճանաչվեին, ապա դրանք չէին կարող դիտվել մեղքը հաստատող ապացույցներ:

Վկա Ահարոն Հակոբյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, ըստ բողոքաբերի, առաջին ատյանի դատարանը համարել էր արժանահավատ, ինչը զարմացրել էր պաշտպանական կողմին, քանի որ այդ վկայի նկատմամբ 2007թ. կիրառվել է պաշտպանական միջոց: Վկան հանդես է եկել Հարություն Հարությունյան անուն-ազգանունով, նրա գործը առանձնացվել է, իր ցուցմունքը գաղտնազերծվել էր 2012թ.:

Ուշագրավ էր, որ «փակ վկայի» տան խուզարկություն կատարելու մասին 2007թ. որոշումն է դրվել այդ գործի հիմքում, վկան կասկածվել է հանցագործությանը մասնակցելու համար:

Երեմ Սարգսյանը բերեց ՀՀ վճռաբեկ դատարանի Նորիկ Պողոսյանի նախադեպային որոշումը, ասելով, որ ըստ նախադեպային որոշման՝ այն անընդունելի է համարվել եւ նույնը պետք է դիտվի ծպտված վկա Ահարոն Հակոբյանի համար էլ:

Այս գործով բողոքաբեր կողմը անարժանահավատ է համարում նաեւ մեկ այլ «փակ վկայի»՝ Արամայիս Սեդրակյանի ցուցմունքը, որը պահվել է գաղտնի եւ որի մասին որեւէ խոսք չի եղել: Պաշտպանական կողմը պնդեց, որ ինչպես մյուս «փակ վկաների», այնպես էլ այդ վկայի նկատմամբ բռնություններ եւ խոշտանգումներ են տեղի ունեցել ու երբ իրենք դիմել են հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քրեական գործ հարուցվի խոշտանգումների հետ կապված, վարույթը գտնվել է Արամ Գրիգորյանի մոտ, որը նախաքննություն է իրականացրել այդ գործով:

Մեկ այլ վկայի՝ Արթուր Հովհաննիսյանի ցուցմունքը դիտվել է արժանահավատ: Այստեղ խոսք է գնում իբրեւ թե սպանությունն իրականացրած Արսեն Առուշանյանը սպանությունից հետո խոսել է Ստեփան Հակոբյանի հետ : Մինչդեռ ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի՝ Ստեփան Հակոբյանն ասել է, որ իր քարտը SIM էր եւ դրանից օգտվել են իր մյուս ընկերները: Ակնարկվեց Նարեկ Խաչատրյանի մասին, որը հեռախոսահամար չի ունեցել եւ եթե լիներ նրա հեռախոսային համարը, պարզված կլիներ այնպես, ինչպես գործով անցնող 40 անձանց հեռախոսահամարները:

Պաշտպանը բողոքն ավարտելով խնդրեց անմեղ ճանաչել Ստեփան Հակոբյանին կամ բեկանել 03.06.2013թ. ինքնաբացարկի միջնորդությունը:

Ի դեպ, մեղադրողը՝ Արմեն Մարուխյանը («Հարսնաքարի» գործով մեղադրանքը պաշտպանող) դատարանին խնդրեց թույլ տալ իրեն՝ գնալ ԵՊՀ՝ քննությունների, ինչը թե նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի, այնպես էլ Կարինե Ղազարյանի կողմից կոշտ մեկնաբանման առիթ դարձավ: Նրանք դատախազին հորդորեցին քննությունների հաշվին չհետաձգել դատական նիստը, իսկ դատախազն էլ ասաց, որ նա ազատ է տնօրինելու իր ընդմիջման ժամը: Դատախազը պատասխան խոսքով հանդես կգա ժամը 16.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930