Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա տարհանում էր, ցեղասպանություն չէր». արաբագետ (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 14:25

«Քեսաբում իրավիճակային առումով այս պահին կտրուկ փոփոխություններ չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ նշելով, որ այս պահին որեւէ բան չի կարող ազդել տիրող իրավիճակի վրա:

«Այլ հարց է, որ այն վերջին մի քանի օրերին միջազգային հնչեղություն ապահովեց: Բայց սրան զուգահեռ ապատեղեկատվության կամ տարբեր տեղեկատվական հոսքերի հետ գործ ունեցանք, որոնք չէին համապատասխանում իրականությանը: Իրականում արտաքին կողմից, դրսի տեղեկատվությունն էր, որոնք չէին համապատասխանում իրականությանը:
Հայերի կոտորած, որպես այդպիսին՝ Քեսաբի հետ կապված, ինչը տեսահոլովակներում ներկայացնում են, նման փաստ, համենայն դեպս չկա»,- ասաց նա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ ռազմական գործողություններին զուգահեռ ընթացող քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է: Նա նշեց, որ Քեսաբը իր աշխարհագրական դիրքով շատ կարեւոր է երկու կողմերի համար էլ: Թուրքիան եւս Քեսաբի հետ կապված ծրագրեր ունի՝ վեհարսկողություն սահմանել Սիրիայի հետ սահմանի երկայնքով: «Սակայն արդեն իսկ առկա է տեղեկատվություն, որ կոնկրետ ստորաբաժանումներ, որոնք մինչեւ այդ հաջողությունների են հասել երկրի հարավում եւ հարավարեւմուտքում, տեղափոխվել են Քեսաբի շրջան: Սիրիական ստորաբաժանումները պատրաստ են անցնելու վերջնական գրոհի»,- հայտնեց նա:
Անդրադառնալով միջազգային հարթակում տեղի ունեցող տեղեկատվական պատերազմին՝ թուրքագետ Լեւոն Հովսեփյանը նշեց. «Սա մեծ ընդհանուր կոնտեքստում է՝ աշխարհաքաղաքական այլ զարգացումների ֆոնին, ռուսական կողմից ցուցադրումները եւս մեկ անգամ Արեւմուտքին հասկացնում է, որ, այ՛, ձեր կողմից զինվող զինյալ-ապստամբները ինչպիսի դերակատարում ունեն հենց Քեսաբում՝ քրիստոնյաների դեմ, սա հստակ մեսիջ է տեղեկատվական դաշտում»: Նա զուգահեռներ անցկացրեց Ղրիմում եւ Քեսաբում տեղի ունեցողների հետ. Արեւմուտքը մեղադրում է Ռուսաստանին այն բանի համար, ինչը նա անում է Սիրիայում:

Մանրամասները` տեսանյութում

Արաբագետ Արմեն Պետրոսյանը եւս համամիտ է, որ գործընթացները միտված են տեղեկատվական պատերազմում Արեւմուտքի դեմ, մյուս կողմից էլ նկատում է անփութություն ռուսական պետական մարմինների կողմից, որոնք իրենց հայտարարություններում օգտագործում են կեղծ աղբյուրների տեղեկատվությունը:
Այն հարցին, թե արդյոք չի «նսեմացվում» 1915 թվականի Ցեղասպանությունը ՝ Քեսաբում տեղի ունեցածը եւս համարելով ցեղասպանություն՝ թուրքագետ Լեւոն Հովսեփյանը պատասխանեց, թե տեղահանվել են հայեր, եւ եթե դիտարկենք, թե ինչ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, կարելի է կատարվածը համարել «ցեղասպանական դրսեւորում », իսկ արաբագետ Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Սա տարհանում էր, ցեղասպանություն չէր: Եթե մենք սա ներկայացնում ենք, որպես ցեղասպանություն, ուրեմն նսեմացնում ենք այն փաստերի ուժը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930