«Եթե գյուղացիներն իրենց այգիները առատ ջրեին էլ, միեւնույն է ձյան պարագայում անիմաստ էր»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե նման եղանակային պայմաններում, եթե առատ ջրեին գյուղացու բերքը կփրկվե՞ր, ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Օրեր առաջ, գյուղնախարարությունը, ցրտահարությունից բերքը փրկելու համար, գյուղացիներին խորհուրդ էր տվել այգիները ծխահարել եւ առատ ջրել, սակայն սպասվող ձյան ու կարկուտի մասին խոսք չի եղել:
Այսօր տիկին Պերտրոսյանը «Բլից ինֆո» ակումբում վստահեցրեց, որ հիդրոմետ ծառայությունը ամսի 30-ի ձնից ու կարկուտից դեռեւս 5 օր առաջ կանխատեսել էր, ձյունը, կարկուտը, ըստ նրա, անկանխատեսելի է եկել:
Օթերեւութաբանի ներկայացմամբ, կարկուտը հիմնականում Երեւանում է տեղացել, իսկ ձյան պատճառով ամենաշատ վնասները կրել է Արարատյան դաշտավայրը: Լեռնային շրջաններում վնասներ գրեթե չկան, քանի որ Զարուհի Պետրոսյանի խոսքերով, վեգետատիվ շրջանը դեռ չի սկսվել, իսկ ձյունը ցորենի դաշտերին վնաս չէ:
Կարդացեք նաև
Տիկին Պետրոսյանն ասաց, որ հիդրոմետը տեխնիկական վերազինման կարիք ունի, սակայն, ծառայությունը այդքան էլ վատ տեխնիկական վիճակում չի գտնվում, եւ որ վերջին տարիներին հատկապես, կանխատեսումները, որպես կանոն, իրականանում են:
Ըստ նրա, վերջին օրերի ձնախառն կարկուտը այնքան հզոր է եղել, որ միջոցառումներ կիրառել հնարավոր չի եղել:
Ամռան համար հիդրոմետը դեռ կանխատեսում չուներ, սակայն գարունն, ըստ տիկին Պետրոսյանի, կանխատեսվել է նորմայի սահմաններում եղանակ:
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին եւ 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, որոշ հատվածներում բուք եւ ցածր տեսանելիություն: Երեւանում այդ օրերի երկրորդ կեսին եւ գիշերը հնարավոր է անձրեւ, իսկ ապրիլի 5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ