Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ-ն լքելով՝ Ուկրաինան ինը միլիարդ եվրոյի կորուստ կկրի

Ապրիլ 02,2014 13:36

«Քաղաքական իմաստով ԱՊՀ-ի համար խնդիր չէ, եթե Ուկրաինան լքի ԱՊՀ-ն, քանի որ թեպետ Ուկրաինան հանդիսանում է ԱՊՀ-ի հիմնադիր անդամներից մեկը, բայց ԱՊՀ անդամ չէ»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի անկախ պետությունների համագործակցության երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գուսեւը`պատասխանելով հարցին` ակնհայտ է, որ Ուկրաինան լքելով ԱՊՀ-ն տնտեսական վնասներ կկրի, իսկ ի՞նչ կկորցնի ԱՊՀ-ն`Ուկրաինայի դուրս գալուց: Տեսակամուրջի մասնակիցների քննարկման թեման էր`«ԱՊՀ-ի ապագան. Ուկրաինա՞յի հետ, թե՞ առանց Ուկրաինայի»:

Մինչդեռ, տնտեսական իմաստով, փորձագետն այդքան լավատես չէ: Ըստ նրա միայն ԱՊՀ-ն լքելու մասին հայտարարությունից հետո, Ուկրաինան արդեն իսկ 1,5 մլրդ եվրոյի կորուստներ է կրել զրոյական մաքսատուրքերի եւ ակցիզային հարկի մասով: Կան համապատասխան հաշվարկներ, համաձայն որոնց, ԱՊՀ-ն լքելուց հետո  Ուկրաինան 9  միլիարդ եվրոյի կորուստ կկրի, մինչդեռ Ուկրաինայի արտաքին պարտքը 75 միլիարդ եվրո է: Այն գումարները, որոնք այժմ Արեւմուտքը`ի դեմս, ԱՄՆ-ի, Միջազգային վալյուտային ֆոնդի, Ճապոնիայի, տրամադրում է Ուկրաինային, ըստ բանախոսի, դրանք վարկային գումարներ են ու դրանք պետք է ետ վերադարձնել:

Ուկրաինայի`ԱՊՀ-ն լքելուց հետո, հիմնական գործընկեր ՌԴ-ն կկորցնի 2,5 միլիարդ եվրո`երեք անգամ քիչ, քան Ուկրաինան: Մեկ միլիարդ եվրո էլ Ղազախստանը կկորցնի: Ուկրաինայի`ԱՊՀ-ն լքելով, կասկածի տակ են դրվում մի քանի լուրջ ծրագրեր, այդ թվում նաեւ գյուղատնտեսական ոլորտի: Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրության մոտ հիսուն տոկոսն արտահանվում է ՌԴ, ըստ   Ալեքսանդր Գուսեւի, ՌԴ-ն ստիպված կլինի մաքսատուրքերը բարձրացնել:  «Ուկրաինացի տնտեսագետները լավ հասկանում են, որ դա կբերի տնտեսական կոլապսի, դա չեն հասկանում Ուկրաինայի ներկայիս քաղաքական դեմքերը: Մեղք է ժողովուրդը, քանզի հիմնական բեռը նրա վրա է լինելու»:

Աստանայից քաղաքագետ Գալիմ Բայկուտի գնահատմամբ՝ անցած տարի արդեն Ուկրաինայի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը 25 տոկոսով նվազել էր ու դա կապ չունի ընդհանուր սահմանի բացակայության հետ: Պարզապես  ապրանքատեսակները, որոնք նախկինում Ուկրաինայից էին ներմուծվում Ղազախստան, այժմ այդ երկրում են արտադրվում:

Քաղաքագետի գնահատմամբ, ԱՊՀ միությունն առավելապես ռազմաքաղաքական նշանակություն ունի եւ Ուկրաինան դուրս կգա, Մոնղոլիան կամ Աֆղանստանը կցանկանան մտնել`դրանից պանիկայի մեջ ընկնել պետք չէ: «Կգա հավասարակշռված իշխանություն, ի՞նչ քաղաքական կուրս կտանեն`այդ ժամանակ էլ լուրջ բանակցություններ կարելի է տանել: Սպասենք իշխանության լեգիտիմիզացիային, նոր քննարկենք այդ հարցերը»,- ասաց նա:

Գալիմ Բայկուտի եզրահանգման հետ համաձայնեց  ՌԴ խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: «Ժամանակը ցույց կտա, թե որքանով է ձեռնտու այն, ինչ հիմա անում է Ուկրաինան եւ ժամանակի ընթացքում կհասկանա, որ կհայտնվի Թուրքիայի վիճակում, որն արդեն տասնամյակներ սպասում է ԵՄ-ին անդամակցելու`մնալով ասոցացված անդամի կարգավիճակում»,- ասաց նա` դրական գնահատելով Հայաստանի որոշումը`ՄՄ-ին անդամակցելու մասին եւ ՄԱԿ-ի վեհաժողովում քվեարկությունը: Ըստ փորձագետի, ՄՄ-ն կշարունակի զարգանալ, տնտեսական միությունը կսկսի աշխատել. «Մենք Ուկրաինայի նկատմամբ եղբայրական վերաբերմունք ունենք, եւ ՌԴ-ն միշտ եղել ու կլինի Ուկրաինայի կողքին»:

Ուշքի գալու եւ ժամանակին սխալն ուղղելու հորդորով Ուկրաինային դիմեց նաեւ Ալեքսանդր Գուսեւը`հավելելով, որ ՌԴ-ն այժմ էլ պատրաստ է օգնել Ուկրաինային: Նա նաեւ նկատեց, որ ԵՄ-ին Ուկրաինան պետք է իբրեւ միայն էժան աշխատուժ եւ շուկա:

Կիեւի «Փորձագիտական խորհուրդ» վերլուծական կենտրոնի տնօրեն, «Ռեֆորմատորական ակումբի» նախագահ Իսկանդեր Խիսամովը կտրական անհամաձայնություն հայտնեց ասվածի հետ եւ գործնականում բացառեց Ուկրաինայի վերադարձը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930