Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են լինել ինքնատիպ, բայց պատրաստ չեն էքսպերիմենտների»

Ապրիլ 02,2014 14:05

Ինտերիերի դիզայները՝ հայ պատվիրատուների մասին

Վերջին շրջանում հայերս նույնպես սկսել ենք օգտվել ինտերիերի դիզայներների ծառայություններից:

«Առավոտը» հանդիպեց ինտերիերի դիզայներ Վահագն Վռամյանի հետ, որը շուրջ 140 երկրներից հրավիրված մասնագետների թվում երկրորդ տարին կմասնակցի Միլանում ապրիլի 7-15-ը կայանալիք «I saloni» ինտերիեր-դիզայնի ամենամյա միջազգային ցուցադրությանը: Արվեստագետը նախկինում մասնակցել է նաեւ Պեկինում, Հոնկոնգում, Դուբայում եւ այլուր անցկացված ցուցահանդես-էքսպոների:

Վահագն Վռամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ 5 տարի է, ինչ զբաղվում է ինտերիերի դիզայնով, ուսանել է Ֆրանսիայի Մարանգոնիի համալսարանի ճարտարապետական դիզայնի բաժնում: «Դիզայներական աշխատանքս սկսել եմ իբրեւ զգեստի եւ դեկորի մասնագետ, մասնակցել Փարիզի կենտրոնում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցում 2008թ. բեմադրված Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերայի աշխատանքներին: Հրավերը ստացել էի Les amie de Gumri կազմակերպության կողմից, որը ղեկավարում է արմատներով գյումրեցի, աշխարհահռչակ երգեհոնահար Նարինե Սիմոնյանը»,- ասաց դիզայները: Հետո էլ մանրամասնեց. «Հենց այդ ժամանակ ծանոթացա արմատներով հայ, ճանաչված ճարտարապետ Ժան-Պոլ Լյուպլինեի հետ, որը հայտնի է Փարիզի կենտրոնում կառուցած աշխարհի ինքնատիպ տներից մեկով՝ «Աստիճան դեպի երկինք»: Նրա հետ շփումն ու ստացած գիտելիքները ինձ ուղղորդեցին դեպի ինտերիերի դիզայն»:

Դիզայների հավաստմամբ՝ արեւմուտքում ստեղծվող ինտերիերի նոր ոճային կոնցեպտները աստիճանաբար տարածվեցին նաեւ արեւելք: Ներկայացնելով իր մասնագիտության առանձնահատկությունները՝ Վահագն Վռամյանն ասաց. «Անհատ պատվիրատուի համար բարդ է սեփական ուժերով տարբերակել, օրինակ, բրենդային պաստառը շուկայում ներկայացված տվյալ տարվա հավաքածուից: Պատվիրատուն սկսեց գիտակցել, որ մեզանում բացի երկու իշխող ոճերից՝ ինտերիերի դասական եւ ժամանակակից վերանորոգման սիստեմներից, կան տասնյակ նոր ուղղություններ եւս»: Վահագն Վռամյանն ասաց նաեւ, թե այսօր Հայաստանում աշխատում է շուրջ 70 ինտերիերի դիզայներ: Հայ պատվիրատուի մասին էլ նշեց. «Մեր պատվիրատուն կարծես «վախեցած» է: Շատերը ցանկանում են լինել ինքնատիպ, բայց միեւնույն ժամանակ պատրաստ չեն էքսպերիմենտների…»: Ռեպլիկին, թե իրենց ծառայություններից մեծամասամբ օգտվում են մեծահարուստները, Վահագն Վռամյանը հայտնեց. «Չէի ասեի… Ընդհանրապես, հայ պատվիրատուն ցանկանում է ամենաշքեղը, ամենաէժանը եւ ամենաարագը: Ինչ վերաբերում է մեծահարուստներին, նրանք խնդիր ունեն. նախ չգիտեն, թե ինչ են ուզում, բայց գիտեն, որ լավ բան են ուզում… Եվ, չգիտես ինչու, ընտանիքի յուրաքանչյուր անդամ սեփական ճաշակն է թելադրում դիզայներին, ինչը պարզապես անտանելի է: Մեր երկրում դիզայները պետք է լինի նաեւ հոգեբան, որը պատվիրատուի անսահմանափակ եւ շատ դեպքերում՝ անգրագետ ցանկությունները գումարի պրոֆեսիոնալ գիտելիքներին, դրանք կենտրոնացնի ու մեկտեղի»:

Մեր կրթական համակարգում այս մասնագիտության համեմատաբար նոր ընդգրկման ու արդյունքների մասին մեր զրուցակիցը ցանկություն հայտնեց, որ չսահմանափակվեն միայն տեսական գիտելիքներով:
Մասնագետին խնդրեցինք «կոպիտ հաշվարկներով» ներկայացնել դիզայների հոնորարը: «Ընդհանրապես, բնակարանի վերանորոգումը դիզայների խորհրդով մոտ 30-40%-ով թանկ է: Իսկ դիզայների վճարը 1 քմ-ի համար կազմում է 20-40 հազար դրամ՝ կախված նրանից, թե դիզայներն ինչ չափով է ներգրավվում այդ աշխատանքներում»,- հայտնեց Վահագն Վռամյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930