Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է առաջացել Մայդանը

Ապրիլ 02,2014 14:15

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են
BlogNew.am-ի գլխավոր խմբագրի օգնական, բլոգեր Կոնստանտին Տեր-Նակալյանը
եւ տնտեսագետ Սուրեն Սահակյանը:

Արամ Աբրահամյան.– Վերջերս առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ասել է, թե 1998-ին Վիկտորյա Նուլանդը եւ ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսոնը մեծապես նպաստել են Հայաստանում իշխանափոխությանը: Հավատո՞ւմ եք:
Կոնստանտին Տեր-Նակալյան.- Ամբողջական տեսքով չէի ասի, բայց այն, որ Ամերիկան, Ռուսաստանը, ինչպես միշտ, իրենց դերակատարությունն ունեցել են 1998թ. եւ դրանից հետո, դա միանշանակ է, այլ հարց է, թե ինչքանով է նրանց ազդեցությունը եղել այդ պրոցեսների վրա եւ ինչ ուղղությամբ է եղել:

Ա. Ա.– Իրենք ի վիճակի՞ էին փոխել իշխանությունը Հայաստանում:

Կ. Տ.-Ն.– Հայաստանում` չեմ կարծում, որովհետեւ եկեք չմոռանանք, որ Հայաստանում կա ամերիկյան շահերի ու քաղաքականության լուրջ հակակշիռ՝ ի դեմս Ռուսաստանի, ու առավել եւս այդ թվականներին Ռուսաստանը այնքան թույլ չէր, որ Ամերիկան միանձնյա կարողանար այստեղ այդպիսի ռակիրովկաներ կազմակերպել:

Սուրեն Սահակյան.- Ես չեմ հավատում, որ Ամերիկան այստեղ նախագահ է փոխել, բայց հավատում եմ, որ ինչ-որ ազդեցություն կարող է ունեցած լինել:

Ա. Ա.- Նույն Վիկտորյա Նուլանդը հայտնվել է Մայդանում, եւ Ռուսաստանում համենայնդեպս պնդում են, որ նա եւ նրա երկիրը սադրել են ուկրաինական հեղափոխությանը:

Ս. Ս.- Եթե նայենք դեպքերի ընթացքը, դեպքերի զարգացումը, թե ինչպես է եղել, Վիկտորյա Նուլանդը որեւէ կերպ չէր կարող հասնել այդտեղ, կարող էր աջակցություն ցուցաբերել, կարող էր սովը հագեցնել Մայդանում կանգնածների, բայց Մայդան կազմակերպել ու Նուլանդի այցով պայմանավորել Մայդանի գոյությունը, մի քիչ ճիշտ չի լինի:

Ա. Ա.– Վիկտորյա Նուլանդը եւ ընդհանրապես ամերիկացիները ի՞նչ դեր են խաղացել Մայդանի հեղափոխության մեջ:

Կ. Տ.-Ն.– Հսկայական դեր են խաղացել, բայց չեմ կարող ասել, որ սկզբից մինչեւ վերջ իրենք կառավարել են, որովհետեւ այն, ինչ Ուկրաինայում տեղի ունեցավ ու շարունակվում է տեղի ունենալ՝ քաոս է: Քաոսը ամբողջովին կառավարել հնարավոր չէ, կարելի է դրա որոշակի ազդեցության կետերին ազդելով՝ ուղղորդել այս կամ այն կողմ: Իսկ այն, որ ի դեմս Նուլանդի՝ ԱՄՆ-ն էլ չի թաքցնում, որ իրենք ազդեցություն են ունեցել, անգամ թվային արտահայտություններ են տալիս: Նուլանդը իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ ասաց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում հասարակական սեկտորի ժողովրդավարության զարգացման համար ծախսվել է 5 մլրդ դոլար, դա այն գումարն է, որ դեսպանատունը պարտավոր է զեկուցել Կոնգրեսին բյուջեն հաշվելիս: Եթե հաշվի առնենք, որ Ամերիկայում դա նորություն ու գաղտնիք չէ, բացի նման լեգալ միջոցներից՝ նաեւ ունի առանձին բյուջե, որը չի հաղորդվում, թե ոնց է ծախսվում հետախուզության, հակահետախուզության եւ նման այլ գործերով, կարելի է պատկերացնել, որ մի քանի մլրդ դոլար, ենթադրվում է՝ 10-15 մլրդ դոլար, ծախսվել է այդ միջավայրը սնուցելու վրա:

Ա. Ա.– Համաձա՞յն եք, որ Ուկրաինայում քաոս կա, եթե կա, ապա ո՞ր պահից է այն սկսվել:

Ս. Ս.– Այն սկսվել է, իմ կարծիքով, հունվարի 19-ից: Սկզբում Մայդանում հավաքվում էին ոչ թե մի քանի հազար ուսանողներ, այլ մի քանի հարյուր: Ընդ որում, գիշերը մնում էին 150-200-ը ու պահանջում էին ոչ թե կառավարության հրաժարական կամ Յանուկովիչի հրաժարական, այլ ուղղակի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ երիտասարդ սերունդը, որ ավելի շատ կապեր ունի արտասահմանի, մասնավորապես՝ Եվրոպայի հետ, միանշանակ ընտրում է այդ աշխարհայացքը, կառավարման այդ մոդելը: Հետո եկան, ցրեցին շատ կոպիտ ձեւով այդ երիտասարդներին, դրանից հետո փոխվեցին Մայդանի կազմը եւ թվաքանակը եւ ամեն ինչ, եւ կուսակցություններն էլ խառնվեցին: Այդ «քաոսը» վերացնելու համար Յանուկովիչը փորձեց օրենսդրական միջոցով պայքարել դրա դեմ, օրենքներ անցկացրեց Ռադայում, որոնք ընդհանրապես ազատությունից զրկում էին քաղաքացիներին, այդ քվեարկությունը Ռադայում հունվարի 16-ին էր: Հունվարի 19-ին քաղաքական կուսակցություններն ասում են՝ եկեք հավաքվեք, որ շատ հավաքված լինեք, մենք Ռադայում այդ օրենքները կարող ենք չեղյալ համարել, ու այդ օրը բեմ է բարձրանում ավտոմայդանից մեկը ու ասում է, որ գնում են Ռադան գրոհելու: Այն առասպելները, որ Ռադան գրոհելու գնացել են քաղաքական կուսակցությունները, «Պրավիյ սեկտորը», սուտ են: Կասեմ, որ դրանք նույնիսկ 2 օր չէին մոտենում այնտեղ, արդեն որեւէ մեկը ռեալ կառավարում չուներ պրոցեսների վրա:

Քննարկումն ամբողջությամբ` 

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930