ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ եթե անգամ Ուկրաինան լքի ԱՊՀ-ն՝ այնուհանդերձ երկկողմ հարաբերություններով կապերը կպահպանվեն, մասնավորաբար Ուկրաինայի եւ ՀՀ-ի միջեւ: Այդ մասին քաղաքագետն այսօր իր կարծիքը բարձրաձայնեց «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ: Տեսակամուրջի մասնակիցների քննարկման թեման էր`«ԱՊՀ-ի ապագան. Ուկրաինայի՞ հետ, թե՞ առանց Ուկրաինայի»:
Ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալու է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Թեպետ մարտի 19-ին Ուկրաինան վայր է դրել ԱՊՀ-ում այս տարի նախագահողի իր լիազորությունները`համապատասխան նոտա հղելով ԱՊՀ գործադիր կոմիտեին եւ Ուկրաինայի ներկայացուցիչներն էլ հայտարարել էին, որ մոսկովյան հավաքին իրենք չեն մասնակցելու, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինայի պատվիրակներն այնուհանդերձ կմեկնեն Մոսկվա:
Ի դեպ, այս համատեքստում հայ քաղաքագետը բերեց Վրաստանի օրինակը, որը լքեց ԱՊՀ-ն, բայց ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունները պահպանվում են: Չնայած, Հայաստանի համար այդ երկու երկրների իրավիճակները նույնը չեն`Վրաստանը Հայաստանին սահմանակից է եւ թերեւս հիմնական ճանապարհն է հանդիսանում Հայաստանի համար, մյուս կողմից էլ, Ուկրաինան Հայաստանի համար երբեք էլ հիմնական տնտեսական գործընկեր չի եղել:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նկատում է, որ տնտեսական խնդիրներ կլինեն, միաժամանակ հիշեցնելով, որ Վրաստանը ԱՊՀ-ից դուրս գալիս խնդրեց պահպանել որոշ համաձայնություններ: Խոսքը յոթանասուն համաձայնության մասին է: Կլինի՞ նման խնդրանք Ուկրաինայի կողմից`պարզ չէ: Հայ-ուկրաինական հարաբերություների մակարդակը Ալեքսանդր Մարկարովը պայմանավորում է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությամբ եւ այն փաստով, որ Ուկրաինայի դեսպանը ետ է կանչվել Կիեւ եւ դեռ Երեւան չի վերադարձել:
Բանախոսն այն կարծիքին է, որ Ուկրաինայի դուրս գալով՝ կկորցնեն բոլոր երկրները եւ այժմ արդեն պետք է քննարկումների այն ձեւաչափին անցնել, որոնք լուծումներ կառաջարկեն` Ուկրաինայի`ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ