Քիչ առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով վճիռը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ բոլորը կարող են նստել՝ հաշվի առնելով վճռի ծավալները՝ շուրջ 60 էջ, և միայն ինքը ոտքի կանգնած կկարդա վճիռը:
Բաց թողնելով որոշման նկարագրական մասը՝ պարոն Հարությունյանն անդրադարձավ ՍԴ իրավական դիրքորոշումներին՝ շեշտելով սահմանադրական հիմնարար արժեքները, սեփականության իրավունքի սահմանադրական դրույթները, սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման սահմանադրական մոտեցումները:
Այնուհետև հրապարակեց վճռի եզրափակիչ մասը: Ըստ դրա՝ ՍԴ-ն օրենքի 5-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի, դրանց հետ փոխկապակցված 12-րդ հոդվածները չեն համապատասխանում Սահմանադրությանը:
Կարդացեք նաև
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց մի շարք այլ հոդվածներ: Ըստ էության, օրենքը հետ ուղարկվեց և մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ը հնարավորություն տրվեց ՀՀ ԱԺ-ին և կառավարությանը վերանայել այդ դրույթները: Հետևաբար նաև բոլոր աշխատողների փոխանցած գումարները վերահաշվարկ կկատարվեն:
ՍԴ նիստերի դահլիճում են մի շարք պատգամավորներ՝ ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը:
Մինչ ՍԴ դահլիճում Գագիկ Հարությունյանը հրապարակում էր վճիռը, ՍԴ բակում էին հավաքվել «Դեմ եմ» նախաձեռնության անդամները՝ շուրջ 40 հոգի, նրանց հետ ՍԴ բակում էին նաև մի քանի ոստիկաններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ