Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քվեարկությամբ Հայաստանը ցուցաբերեց կայացած պետությանը բնորոշ վարքագիծ»

Ապրիլ 02,2014 14:00

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության, ԲՀԿ-ի բարիկադների եւ հրաշալի քառյակի նախաձեռնած շուրջօրյա հանրահավաքների մասին:

– ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի հայտնի քվեարկությունը Հայաստանում արժանացավ բավական բուռն քննարկումների եւ քննադատության՝ Հայաստանի դիրքորոշման առումով: Տեղին չէ՞ր արդյոք այդ աղմուկը:

– Նախ արձանագրենք, թե այդ քվեարկությունը ՄԱԿ-ում ինչ ցույց տվեց ավելի լայն առումով: Ամենակարեւորը եւ ամենատխուրը՝ եւս մեկ անգամ փաստվեց, որ աշխարհն, այո, ղեկավարվում է երկակի, եռակի, քառակի ստանդարտներով: Այդ ստանդարտներն ամենուրեք են: Եվ այն դաժան պրագմատիկ միտքը, որ պետությունները ղեկավարվում են շահերով, ժամանակակից աշխարհում հասել է այն աստիճան անթաքույց ներկայացման, որ հաճախ մոռացվում են ե՛ւ ժողովրդավարական սկզբունքներ, ե՛ւ եվրոպական ու արեւմտյան իդեալներ ու արժեքներ, ու այսպիսի վճռորոշ պահերին աշխարհի այդ պրագմատիկ, շահադիտական դեմքը սպրդում է եւ հիասթափեցնում իսկապես առաջադեմ մտածող մարդկանց, ովքեր սպասելիքներ ունեն եւ հավատում են արժեքներին ու իդեալներին: Սա, կարծում եմ, ամենակարեւորն էր, որովհետեւ կան երկրներ, որոնք, օրինակ, Կոսովոյի անկախությունը ընդունել են, բայց Ղարաբաղինը կամ Ղրիմինը չեն ընդունում, ինչու՝ անհասկանալի է: Էլի հանրաքվեով, նույն միջազգային օրենքներին համապատասխան (կամ դեռ մի բան էլ ավելի) կատարված գործընթացներ: Ո՞րն է բացատրությունը. միայն այն պատճառով, որ այդպե՞ս է պետք, որ Ձեր շահերի՞ց է բխում: Իսկ այդ ժողովուրդների պատմությունը, ազատատենչությունը, կամարտահայտվելու իրավունքը երկրորդակա՞ն են, եւ բոլորը պետք է նահանջե՞ն շահերի առջեւ: Տխուր է կամ ռեալ պոլիտիկ:

Ինչ վերաբերում է Հայաստանի քվեարկությանը, փաստենք, որ անկախ նրանից, թե ով ինչ էր սպասում, եւ ով մտածում էր, թե Հայաստանը պարտադիր պետք է Ռուսաստանի կամ ինչ-որ մի այլ երկրի շահերից խոսի, մեր քվեարկությունը միայն սեփական շահերից էր թելադրված: Այս քվեարկությամբ Հայաստանը ցուցաբերեց խիստ արժանապատիվ կեցվածք, կայացած պետությանը բնորոշ բացարձակ կանխատեսելի վարքագիծ, մեր 26-ամյա պայքարին, մեր սկզբունքներին ու իդեալներին համապատասխան դիրքորոշում, թեեւ ես վստահ եմ, որ հակառակն անելու դեպքում էլ այս ամբողջ քննադատողների շարասյունը քննադատության այլ թիրախ էր ընտրելու, որովհետեւ իրենց հետաքրքիր չէ խնդրի բուն էությունը, դրա լավ կամ վատ կողմերը, այլ հետաքրքիր է սոսկ քննադատելը: Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ իսկապես բացարձակ անթերի կեցվածք էր ու անթերի արտաքին քաղաքականություն, եւ եւս մեկ անգամ նշեմ՝ մեր երկարամյա պայքարի, մեր ժողովրդի անկախության, ինքնորոշման իրավունքի համար նաեւ մեր հերոսների թափված արյան արդյունքն էր, որն այսօր ֆիքսեց, որ այդ «ֆրոնտում» եւս մի քայլ առաջ գնացինք, որովհետեւ աշխարհը գնալով ավելի ու ավելի ընդունում եւ կամ չի կարողանում ժխտել ու մերժել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ 21-րդ դարը մեկը մեկի հետեւից մեզ տալիս է այդ օրինակները: Միայն պետք է լինել վճռական, սկզբունքային ու հետեւողական, ինչը մենք դրսեւորեցինք մեր քվեարկությամբ:

– Տիկին Նաղդալյան, շահարկումների հիմքում ընկած է նաեւ Ղրիմի ու Ղարաբաղի նմանեցումը, այս երկու իրավիճակների համեմատության հիմքում դրվում է հավասարեցման նշան. կա՞ նման հիմք՝ Ձեր դիտարկմամբ:

– Խնդիրն իրավիճակների նմանության մեջ չէ, ավելի խորքային է, որովհետեւ յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմությունն ունի, իր կենսագրության զարգացումներն ու սպեցիֆիկան, եւ չես կարող իդենտիֆիկացնել: Բայց իրավունքի դաշտում կարող ես այդ հարցը տալ, քանզի յուրաքանչյուրն իր ինքնորոշվելու իրավունքն է իրագործում: Սա է նմանությունը ե՛ւ Ղրիմի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Կոսովոյի, ե՛ւ Շոտլանդիայի կամ բասկերի վաղվա քվեարկության: Այս բոլորի ընդհանրությունն այն է, որ ժողովուրդն օժտված է այդ իրավունքով եւ այն իրագործելու հնարավորություն պետք է ունենա:
Եվս մեկ նմանեցում եմ տեսնում՝ իրավիճակը, որում հայտնվել էր Ղարաբաղը, նույնն է, ինչ որ Ղրիմի դեպքում, այն առումով, որ Խորհրդային Միությունից ժառանգած վոլյունտարիստական՝ կամայական որոշման արդյունքում ժողովուրդը հայտնվել էր ո՛չ յուրայինների շրջանում:

– Ղրիմի հանրաքվեի շուրջ հնչող գնահատականների մեջ, սակայն, գերիշխող էր տեսակետը, թե այն բռնի ուժի կիրառման, ռուսական զորքի ներկայության ճնշման արդյունքում եղավ:

– Գիտեք, կարելի է հազարումի պատճառներ գտնել, այդ թվում՝ ժամանակը քիչ էիք տվել, լավ չէիք իրազեկել եւ այլն, բայց սկզբունքային մեկ հանգամանք կա՝ ժողովուրդը կամարտահայտվել է, եւ դրանում որեւէ կասկած չկա: Ինչպիսի պրոցեդուրային, ռեգլամենտային եւ այլ տիպի քննադատություններ էլ որ հնչեն, կամարտահայտման փաստը կայացել է: Իսկ զորքի մասով՝ եթե չլիներ, ապա նման մի պատերազմի սանձազերծման ականատեսն էինք լինելու, ինչպես Ղարաբաղի դեպքում էր՝ Ադրբեջանի կողմից:

– Չորս ուժերի համագործակցություն՝ խորհրդակցությունների ձեւաչափով՝ կառավարության հրաժարականի պահանջ, քննադատությունների տարափ, այսօր արդեն նաեւ կոչեր՝ փողոց դուրս գալու, բարիկադներ ստեղծելու եւ այլն: Սուր չէ՞:

– Իսկ ի՞նչն է այստեղ զարմանալու: Քննադատությունը ընդդիմության սուրբ գործն է, եւ բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում ընդդիմությունը պետք է դրանով զբաղվի, եւ մեր երկրում նույնպես այդպես է: Մեր առանձնահատկությունը, թեեւ դա, ըստ էության, առանձնահատկություն էլ չէ, նույն տրամաբանության ու վարքագծի սահմաններում է՝ հանդարտ քննադատական դաշտում ծավալվելով, երբեմն-երբեմն սրացումներ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով՝ տոնայնությունը փոխել եւ կառավարության հրաժարական պահանջել:

Այսօր ընդդիմադիր դաշտը ստիպված է հանդարտ քննադատական ռեժիմից անցնել ավելի սուր ռեժիմի: Ինչո՞ւ: Բազմիցս ենք այս թեմային անդրադարձել եւ եւս մեկ անգամ նշենք, որ ընդդիմադիր դաշտը կայանալու խնդիր ունի: Տեսեք՝ նախագահական ընտրություններից մեկ տարի անց փաստը ցույց տվեց, որ անգամ էլեկտորատի կոնսոլիդացումը, որը կատարվել էր նախագահական ընտրությունների ժամանակ եւ կատարվել էր բացարձակ անկախ մեր ընդդիմադիրների կամքից եւ գործունեությունից, իրենք ընդունակ չեղան պահել, ամրացնել ու բազմապատկել, դարձնել իրենց համար էական հենարան կամ պլացդարմ՝ հաջորդ ընտրություններին, առաջին հերթին՝ տեղական ինքնակառավարման, իսկ դրանից հետո՝ մյուսներին հանդես գալու համար: Եվ սա անզեն աչքով ակնհայտ է: Հետեւաբար ընդդիմությունն այսօր իրավիճակն արհեստականորեն սրելու անհրաժեշտություն ունի, ինչն էլ իրենք անում են:

Ինչ վերաբերում է կոնկրետ 4 ուժերին, իրենք միանգամայն տարբեր են թե գաղափարներով, թե անցած ուղով, ֆինանսավորման աղբյուրներով ու պատվիրատուներով հանդերձ, այնքան տարբեր, որ շատ դժվար է պատկերացնել ու գեներացնել այն քաղաքական կամքը, որը կարող է, թեկուզ կարճ ժամանակահատվածում, իրենց շարքերը ամբողջական ու կուռ պահել: Մենք ամեն օր դրա ականատեսն ենք լինում: Նույն ՄԱԿ-ում հայաստանյան քվեարկության փաստի շուրջ անգամ տեսակետները տարբեր էին: Մինչ ոմանք, թեւերը քշտած Ուկրաինայի շահերով տարված, չհիշելով անգամ, որ Ուկրաինան երբեւէ Հայաստանի շահերով չի մտահոգվել (իսկ հաճախ էլ՝ հակառակը) միահամուռ արձանագրում էին՝ իբր աշխարհի մակարդակով դա պարտություն էր, մեկուսացում՝ «իզգոյ» եւ այլ որակումներ շռայլելով մեր վարքագծին (ի դեպ, դա անում են, որպես կանոն, այն ժամանակ, երբ մենք ավելի հստակ, սոլիդ եւ լրջմիտ արտաքին քաղաքականությամբ ենք ներկայանում), բայց նույնիսկ այդ ֆոնին, ասենք օրինակ՝ ՀՅԴ-ն չկարողացավ ճշմարտության ու ազնվության դեմ մեղանչել եւ իր դրական գնահատականը չհնչեցնել:

– ԲՀԿ-ի մասով ի՞նչ կասեք՝ նկատի ունենալով վերջին հայտարարությունները՝ բարիկադներ կառուցելու մասին:

– Ընդդիմադիր դաշտում թե իր ծագմամբ, թե բնույթով կենսագործելու ամենաքիչ հիմք ունեցող ուժը ԲՀԿ-ն է, որը մինչեւ այսօր «уход անելու համար» հորինված անվանումների փնտրտուքի մեջ է՝ «ոչ իշխանական», «այլընտրանք» եւ այլն, որպեսզի խուսափի ինքն իրեն հստակորեն ընդդիմություն հայտարարելուց: Եվ այդ ուժը հիմա՝ շատ լավ հասկանալով, որ հասունանում է իր կեցվածքում հստակություն մտցնելու պահը, փորձում է իր «ընդդիմադիրության» պակասը լրացնել ավելի սուր քննադատությամբ, ավելի ակտիվ գործողություններ իրականացնելով: Այս մասին է վկայում նաեւ վերջին քառօրյայում իրենց պահվածքը, երբ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ն իր ամբողջ էներգիան ներդրեց ընդդիմության «չեմպիոն» ներկայանալով՝ առավել գործունյա ընդդիմադիրի կերպարը խորացնելու համար, եւ իր շարքերի երկրորդ, երրորդ էշելոնները հանեց պայքարի՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենց մոտ ոչ միայն Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Օսկանյանն են «կրքոտ» ընդդիմադիրի դերի մեջ, այլեւ կուսակցական լայն շարքերը եւս այդ հոգեվիճակում են: Հայտարարությունները, թե իբր կոնսոլիդացնում ենք երիտասարդական կազմակերպությունները եւ այլն եւ այլն, նույն կոնտեքստում էին, ինչպես նաեւ դրան հաջորդող հարցուպատասխանի բեմադրությունը, երբ դիրիժորի զգայուն ղեկավարության ներքո մարտի էին դուրս եկել բարգավաճած ջահելները: Այնպես որ՝ այդ հոխորտանքները՝ բարիկադների եւ այլնի վերաբերյալ, ընդամենը ծխածածկույթ են կամ աչքերին թոզ փչելու միջոց:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nvard says:

    Երևի հհկ ,,ծխածածկույթն ու թոզ փչելը,, տիկնոջ և իր կուսակիցների համար հարազատ ու նախընտրելի աշխատելաոճ է, որի պատճառով երկիրը ծաղր ու ծանակի առարկա են դարձրել միջազգային հարթակներում:
    Բավական է բառախաղերով զբաղվեք` երկիրը պետք է ղեկավարի ինտելեկտը և ո’չ թերուս ու
    պնդերես տականքը……
    (Տավուշ)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930