Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբի ողբերգությունն ու Մոսկվայի շահերը

Ապրիլ 02,2014 12:00

Ինչո՞ւ ենք փոշիացնում Հայաստանի Հանրապետության պետական շահը

Քեսաբում տեղի ունեցած ցավալի իրադարձություններից հետո տարօրինակ քարոզչական-տեղեկատվական ընթացքի մեջ է հայտնվել հայկական լսարանը: Ուկրաինայի հարցում` Արեւմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին, Քեսաբը նույնիսկ ղրիմյան թեման ստվերում թողեց:

Սկզբում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկատվությունը ընթանում էր ռացիոնալ դաշտում` տեղեկատվություն-արձագանք առումով, թեեւ տեղեկատվության որոշակի պակասին: Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը սիրիական ապստամբ խմբավորումները Թուրքիայի կողմից ներխուժեցին թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Քեսաբ բնակավայր, ինչի հետեւանքով մի քանի հարյուր հայ ընտանիքներ տարհանվեցին Լաթաքիա: Նախագահ Սերժ Սարգսյանի արագ արձագանքը, ԱԺ պատգամավորների այցը Սիրիա միանգամայն արդարացված էին: Հայկական կազմակերպությունների կոչերը՝ ուղղված միջազգային հանրությանը, ոչ միայն անհրաժեշտ էին, այլեւ դեռ պետք է փորձել հետեւողական կերպով պարզաբանում ստանալ, թե ինչու է թուրքական կողմից Սիրիայի հայաշատ բնակավայր ներխուժման փաստը, որպես միջազգային նորմերի խախտում, արհամարհվում միջազգային հանրության կողմից:

Սակայն անցյալ շաբաթվա վերջին ռուսաստանյան քարոզչամեքենան Քեսաբի իրադարձությունները, կարծես, վերցրեց իր ազդեցության տիրույթ: ԶԼՄ-ները սկսեցին տարածել սարսափազդու տեսանյութ, որում Հալեպում գնդակահարության ենթարկվող սիրիացի զինվորները ներկայացվում էին որպես Քեսաբի խաղաղ հայ բնակիչներ, այստեղից էլ ողջ աշխարհի հայությունը ժամերի ընթացքում հայտնվեց ռուսական քարոզչական ծուղակի մեջ:

Բայց պարզվեց՝ սա միայն լրատվական-քարոզչական «զենք» չէ. Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի թվիթերյան գրառումը՝ Քեսաբում «հայերի գնդակահարության» մասին, արդեն որոշակի հստակություն մտցրեց: Վերջին օրերին հայերի նկատմամբ Ռուսաստանի կողմից կարեկցանքը տարբեր դրսեւորումներով շարունակվում է: Սա դեռ ամենը չէ, պարզվում է՝ մեզ հետ է նույնիսկ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, որը Instagram-ի իր էջում դժգոհել է եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ի իշխանություններից, որոնք լռում են. «Որտե՞ղ է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ժողովրդավարությունը։ Ինչո՞ւ են նրանք լռում։ Ինչո՞ւ են հարյուրավոր դոլարներ, զենք եւ հատուկ միջոցներ տրամադրում գրոհայիններին, որոնք դեմ են Սիրիայի օրինական իշխանություններին, սպանում են կանանց, ծերերին, երեխաներին»։

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանի իշխանությունները կարծես ավելի շատ բան գիտեն Քեսաբի իրադարձությունների մասին, քան Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները: Մեր իշխանություններին կարելի է ինչ-որ առումով հասկանալ, նրանք չեն կարող արձանագրել, որ ռուսական ԶԼՄ-ների եւ ՌԴ փոխարտգործնախարարի գրառումը չի համապատասխանում իրականությանը: Իսկ եթե ռուսները մեզանից ավելի տեղեկացված են, ապա նշանակում է, որ մեր խորհրդարանականները չեն կարողացել իրավիճակի մասին պատշաճ տեղեկություններ ստանալ, ավելին` պաշտոնական Երեւանը ըստ արժանվույն չի արձագանքել Քեսաբի ողբերգությանը:

Սակայն պարզ է, որ մենք հայտնվել ենք հետղրիմյան իրադարձություններից հետո Քեսաբի ողբերգության, այնուհետեւ՝ ռուսական շահերի դաշտում, եւ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Եթե Արեւմուտքը ռուսներին է պատժում` Քեսաբով, ապա արժե մտորել դրա պատճառների մասին, թե ինչո՞ւ են զրկանքներ կրում Սիրիայի հայերը, թեեւ Սիրիայից հայերը ընդամենը 10 օր առաջ չէ, որ սկսել են հեռանալ, եւ հանուն արդարության պետք է արձանագրենք, որ նրանք, ովքեր վերջին մի քանի օրերին Սիրիայի հայերին աջակցելու կոչեր են անում` այդ աջակցությանը կարող էին կոնկրետ նպաստել Հայաստանում, քանի որ հայրենիքում կան սիրիահայեր, ովքեր վաղուց են Հայաստան ժամանել եւ դժգոհ են միջին բիզնեսում ընձեռվող հնարավորություններից եւ մտածում են Հայաստանը լքելու մասին, քանի որ այստեղ տարբեր բարդությունների առաջ են կանգնում:

Սիրիական հակամարտությունում Արեւմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան ունեն իրենց շահերը, եւ այդ շահերի բախման արդյունքում սիրիական խնդրի հանգուցալուծմանը դեռ հնարավոր է՝ շատ երկար սպասենք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ արհեստական հիստերիայի հրահրման ծուղակի մեջ հայտնվելով եւ, բարեբախտաբար, Քեսաբում հայերի սպանության մասին տեղեկությունների բացակայության պայմաններում` մենք Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը նույնացնում, հավասարեցնում ենք Քեսաբի ողբերգության հետ:

Արդյոք սա վտանգավոր ուղի չէ՞ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերի համար… Այո, պետք է աջակցել Քեսաբի հայությանը բոլոր հնարավոր միջոցներով` պետական մակարդակից սկսած, լոբբիստական կազմակերպությունների գործունեությամբ ավարտած:

Բայց ինչո՞ւ ենք սկսել փոշիացնել Հայաստանի Հանրապետության պետական շահը, ինչո՞ւ ենք Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ առճակատման մեջ դարձել ամենաթույլ օղակը` Ղրիմի հանրաքվե, ՄԱԿ-ում` քվեարկություն, հիմա էլ Քեսաբի ողբերգությամբ` ռուսական շահերի արտահայտման համար ամենահարմար դաշտը դարձել…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gyumri says:

    Հույս եվ Հավատ Քեսաբի մեր հայությանը

  2. Lili says:

    շատ լավ եք վերլուծել!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930