Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի ակտիվիստ. ՍԴ անդամները շատ լավ պատրաստվել էին այդ լսումներին. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 02,2014 11:45

Հատված «Դեմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հարցազրույցից:

   Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանում «պարտադիր կուտակայինի» շուրջ ծավալված քննարկումները. կարելի՞ է ասել, որ Սահմանադրական դատարանը ըմբռնումով էր մոտենում ձեր փաստարկներին։

-Միանշանակ Սահմանադրական դատարանի անդամները շատ լավ պատրաստվել էին այդ լսումներին՝ հարցը լրջորեն ուսումնասիրել էին, տիրապետում էին բոլոր նրբություններին, եւ իրենք էլ էին հանգել այն տեսակետին, որ օրենքում կան բազմաթիվ թերություններ, ինչի մասին մենք բազմիցս ահազանգել ենք։ Դրա վառ ապացույցը պատասխանող կողմին ուղղված հարցադրումների շարանն էր։

Ցավոք, այդ հարցադրումները մնացին անպատասխան, ինչպեսեւ մեր բոլոր հարցերը։ Դիմող կողմի առավելությունը, կարծում եմ, ակնհայտ էր, որովհետեւ բոլոր փաստարկներին, որ օրենքի այս, այս, այս կետերը հակասում են սահմանադրությանը, ոչ մի լուրջ հակափաստարկ, ըստ էության, չբերվեց։

Ընդամենը գովերգում էին իրենց հեղինակած օրենքը՝ ի՜նչ լավ օրենք է, ի՜նչ կարեւոր հարցեր է լուծում, բայց Արծվիկ Մինասյանի բերած օրինակից էլ պարզ դարձավ՝ հիմնական խնդիրը, որի համար գրվել է այդ օրենքը՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովել մեր քաղաքացիների համար, դրանով չի լուծվում։ Եթե 1997 թվականից հետո ծնված քաղաքացին, որը ստանում է 150 հազար դրամ միջին աշխատավարձ, հենց այսօրվանից կենսաթոշակային հիմնադրամներին մասհանումներ անելու դեպքում հազիվ 40 հազար դրամ է ստանալու, ապա բարեկեցիկ ծերության մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է։

Եթե ՍԴն ձեր սպասելիքները չարդարացնի, իրո՞ք պատրաստ եք դիմելու կտրուկ գործողությունների, օրինակ, քաղաքացիական անհնազանդության ակցիաների, ինչի մասին ասվեց մարտի 22-ի հանրահավաքում։ 

-Չէի ասի՝ կտրուկ գործողություններ։ Մենք կօգտագործենք սահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները, որոնց միջոցով քաղաքացին կարող է պաշտպանել իր իրավունքները, եթե դրա համար նախատեսված պետական կառույցները չեն ծառայում իրենց նպատակին, ավելին՝ ոտնահարում են քաղաքացու իրավունքները։
Սահմանադրության հենց առաջին կետում ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ցանկացած բան, որը ժողովրդի կամքին դեմ է, արդեն իսկ հակասահմանադրական է, եւ դրա դեմ ժողովուրդը իրավունք ունի պայքարելու բոլոր օրինական միջոցներով։

Բավական է ասել, որ 1974 թ. հետո ծնված աշխատող քաղաքացիներից ընդամենը 5000-ն է ընտրել հիմնադրամների կառավարիչներին, իսկ դա 254 հազարի 2 տոկոսն է ընդամենը։

   –Պատասխանող կողմի ներկայացուցիչները՝ նախարարը, ԿԲ փոխնախագահը, դա բացատրեցին հիմնականում տեղեկատվության պակասով. մարդիկ տեղեկացված չեն, չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, դրա համար էլ բողոքում են։ 

-Իրենք թերացել են իրազեկման հարցում՝ դա փաստ է, եւ ես ուրախ եմ, որ իրենք նշեցին այդ փաստը։ Բայց մեր կատարած աշխատանքի, «Դեմ եմ» շարժման շնորհիվ հասարակության մեծ մասը արդեն տեղյակ է օրենքի թերություններին, եւ ասել՝ ժողովուրդը դեմ է, որովհետեւ տեղյակ չէ, նշանակում է խեղաթյուրել փաստերը։ Մենք տեղյակ ենք, դրա համար ենք դեմ, իսկ ժողովրդին չեն իրազեկել, որպեսզի մարդիկ տեղյակ չլինեն ու չընդվզեն։

Բայց, ի հեճուկս այդպես մտածող կառավարող շրջանակների, հասարակությունը արդեն տեղեկացվել է եւ բողոքում է, որովհետեւ գիտի օրենքի բոլոր բացերը, թույլ կողմերը, որոնք կարող են բացասական, նույնիսկ ճակատագրական հետեւանքներ ունենալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։

Ս, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930