2012թ. ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում, խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ, կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ, ընկնավորությամբ տառապող Վովա Երկնափեշյանը ցանկանում էր մոտենալ Սերժ Սարգսյանին, հայտնել իր ծանր վիճակի մասին, նա իր առողջության խնդրով Ս. Սարգսյանից օգնություն էր հայցում: Այդ ժամանակ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցը հրում էր հաշմանդամ ազատամարտիկին, նրան կարգադրում «հեռու քաշվել»: Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում իր նախընտրական ելույթից հետո Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, կանգ առավ, զրուցեց Վովա Երկնափեշյանի հետ:
Մի քանի օր առաջ հանդիպեցինք Վովա Երկնափեշյանին, հարցրեցինք նրա առողջական վիճակի մասին: Նա ասաց, որ չնայած ինքը հիվանդություն է ձեռք բերել զինվորական ծառայության ընթացքում, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ , սակայն ինքը ոչ թե զինվորական, այլեւ սովորական թոշակ է ստանում, ինքը տարիներ շարունակ չի կարողանում լուծել այդ խնդիրը: Հաշմանդամության երկրորդ խմբին պատկանող Վ. Երկնափեշյանն ամսական ստանում է 17 հազար դրամ թոշակ: Նա ասաց, որ թոշակների գումարի վերջին հավելումից հետո իր թոշակի գումարը երեւի աճել է մի քանի հազար դրամով: Ազատամարտիկի վկայությամբ՝ ստացած թոշակն ինքն ամբողջությամբ ծախսում է իր դեղերի համար, եւ դա էլ բավարար չէ:
Վ. Երկնափեշյանը տեղեկացրեց, որ իր կինը ներկայումս ուռուցքով հիվանդ է, սակայն բուժման ծախսերի համար փող չկա, որդին էլ հայրենիքի հեռավոր սահմանն է պաշտպանում: Հաշմանդամ ազատամարտիկն ասաց, որ ինքն անելանելի վիճակի մեջ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
անտեր երկիրա ու անտեր մարզ` վայ տկարին