Այս աղետի դեմ միայնակ հայտնված գյուղացուն ո՞վ է ձեռք մեկնելու, ինչ-որ մեխանիզմ կա՞, որ գյուղացուն հնարավոր լինի փոխհատուցել։ Գյուղատնտեսության փորձագետ Ալեքսանդր Քալանթարյանը նշում է, որ արտասահմանյան նորմալ երկրներում գյուղատնտեսական այգիներն ապահովագրված են, իսկ մեր երկրում ապահովագրված չեն, քանի որ ռիսկերը մեծ են։ Նախ պետք է ռիսկերը թուլացվեն, որպեսզի հնարավոր լինի այգիներն ապահովագրել, որպեսզի նման դեպքերում գյուղացին փոխհատուցում ստանա։ «Պետությունը փորձում է ինչ-որ բան անել, բայց եթե մի բան էլ անում է, մի կես տարի անցնում է։ Այդպիսի մեխանիզմ չկա մեր երկրում, բարի կամքի դրսեւորում է, պետությունը կարող է անել, եթե ունի, եւ չանել, եթե չունի։ Սա հարցի լուծում չէ, հարցի լուծումն այն է, որ գյուղատնտեսությունը դարձնեն ոչ ռիսկային, որպեսզի հնարավոր լինի ապահովագրել եւ նման աղետների դեպքում տուժած գյուղացուն փոխհատուցել, այսինքն՝ մեխանիզմ ստեղծել»,- պարզաբանում է Ալեքսանդր Քալանթարյանը։
Իսկ գյուղատնտեսության նախարարությունում անհանգստացած են, նախ փորձում են հասկանալ, գնահատել կատարվածը։ Փոխհատուցման մասին, ինչպես նախորդ տարիների աղետներն են ցույց տվել, խոսք լինել չի կարող, սակայն ինչ-որ կերպ օգնել, գոնե հարկերն ու վարձերը նվազեցնել պատրաստվո՞ւմ է կառավարությունը։ «Երեկ նախարարն Արարատի մարզում էր, շուտով հայտարարությամբ հանդես կգանք կամ մենք, կամ տարածքային նախարարությունը, քանի որ վարչապետի հետ է եղել այցը, գուցե իրենք տարածեն հաղորդագրությունը։ Իսկ մենք արդեն տարածել ենք հաղորդագրություն, որ վաղ է փոխհատուցման մասին խոսել, քանի որ չգիտենք, թե ինչքան է վնասը։ Որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ աջակցություն կլինի, պետք է նախ իմանանք, թե ինչ չափերի վնասի մասին է խոսքը։ Ստեղծվել է հանձնաժողով, եւ աշխատանքների ավարտից հետո մենք կամ ասուլիս կհրավիրենք, կամ հանդես կգանք հայտարարությամբ։ Ամեն ինչ բանակցային, խորհրդատվական փուլում է։ Հասկանում ենք, որ այսօր գյուղացին ծանր կացության մեջ է, եւ փորձում ենք ձեռք մեկնել»,- տեղեկացնում է գյուղնախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում