Ես երբեք չեմ գրում Հայաստանի Հանրապետություն և չեմ արտասանում այդ բառակապակցությունը: Պատճառներից մեկն այն է, որ ոչ ոք իրավունք չունի փոխելու մեր երկրի անունը: Մեր հայրենիքի անունը Հայաստան է, ոչ թե Հայաստանի Հանրապետություն: Հանրապետությունը պետական իշխանության կարգավիճակն է և ոչ մի կարիք չկա, որպեսզի այն արտացոլված լինի երկրի անվան մեջ: Չէ որ երկիրը հազարամյակներով կոչվել է Հայաստան, այն դեպքում, երբ պետական համակարգը փոխվել է շատ անգամներ: Իշխանական պետությանը հաջորդել է թագավորականը, այնուհետև հանրապետականը, բռնապետականը, հետո… նորից բռնապետականը: Եվ պետք չէ, որպեսզի այդ փոփոխություններն անդրադառնան երկրի անվան վրա: Պետության քաղաքական և իրավական կարգավիճակը հետաքրքրում է մի խումբ քաղաքագետների և իրավաբանների միայն: Մարդկանց մեծ մասին պետք չէ, որպեսզի քաղաքական կարգավիճակի պատճառով երկրի անունը փոխվի: Երկիրը պետք է ունենա իր մշտական, կայուն, հաստատուն անունը: Իսկ սահմանադրության մեջ կարող է գրված լինել, թե ինչպիսի պետական, քաղաքական կառուցվածք, կազմակերպվածություն ունի երկիրը, և փոքրաթիվ արտասահմանցի քաղաքագետ հետաքրքրվողները թող փնտրեն ու գտնեն, թե ինչ է տվյալ պետությունը` հանրապետությո՞ւն, թագավորությո՞ւն, թե՞ այլ կազմավորում: Իհարկե լավ է, երբ գոնե ձևականորեն` սահմանադրությամբ պետությունը հանրապետություն է, այլ ոչ թե բռնապետություն: Նշանակում է գոնե ձևականորեն ընդունվում է, որ հանրապետությունն ավելի լավն է, քան մյուս կազմավորումները: Ուրեմն հույս կա, որ օրերից մի օր էությունն էլ կհամապատասխանի ձևին` անվանը: Ավելի իմաստուն են վարվել այն երկրները, որոնք իրենց անվան մեջ չեն ընդգրկել պետական կարգավիճակը: Օրինակ, Ռուսաստանը, Թուրքիան նույնպես հանրապետություններ են, բայց դրա պատճառով չեն փոխել իրենց անվանումը: Եվ դրանից իրենց հանրապետական համբավը չի տուժել, որովհետև աշխարհի բոլոր քաղաքական և պետական գործիչներն էլ գիտեն, որ այդ երկրները հանրապետություններ են: Բավական է, որ այդ մասին գրված լինի սահմանադրությունում կամ օրենքներում, արդեն ամբողջ աշխարհը կիմանա այդ մասին: Ուստի պետք չէ անհարմարություններ ստեղծել բազմաթիվ մարդկանց համար, ստիպելով նրանց ամեն անգամ նշել կարգավիճակը, երբ նրանք խոսում են երկրի մասին: Մանավանդ, որ մի թերությունը իրենով ուրիշ թերություններ է բերում շղթայական հակազդման նման:
Մյուս պատճառը բխում է նախորդից: Դա այն է, որ պետական, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն այլևս երբեք չեն օգտագործում Հայաստան բառը առանձին, որպես երկրի՛ անուն, ոչ թե պետության: Երկիրն ու պետությունը նույնացնում են, երկուսին էլ անվանելով պետության անվամբ: Բայց այդպես չպիտի լիներ, որովհետև պետությունները գալիս ու գնում են, իսկ երկիրը մնում է: Երկիրը կայուն է, հաստատուն, մշտական: Այն պիտի ունենա իր մշտական անունը, անկախ պետության կարգավիճակից և նրան համապատասխանող անվանումից:
Սրա հետ է կապված հաջորդ պատճառը: Եթե երկրի անունը լիներ մեկ բառով` Հայաստան, ապա ոչ ոք չէր օգտագործի անվան հապավումը, այլ կօգտագործեին անունն ամբողջությամբ: Բայց քանի որ անունը Հայաստանի Հանրապետություն է, երկու բառով է, բոլորն օգտագործում են միայն հապավումը` ՀՀ: Արդեն նույնիսկ Հայաստանի Հանրապետություն էլ չեն անվանում երկիրը, այլ ՀՀ: Մի ամբողջ երկրի անուն փոխվել, դարձել է ՀՀ, ընդամենը երկու տառ: Ինչպիսի՜ անհեթեթություն: Իսկ ես չեմ ուզում, որպեսզի իմ սիրելի հայրենիքը կոչվի ՀՀ: Ես վստահ եմ, որ ինձ նման շատերին դուր չի գալիս, երբ իրենց հայրենիքին անպատվում են երկու տառով, կարծես հայհոյում են: Պաշտոնական խոսքում և գրում` թերթերում, գրքերում և այլուր արդեն բոլորը` պաշտոնյաներն ու ոչ պաշտոնյաները, գիտնականներն ու հրապարակախոսները օգտագործում են միայն ՀՀ: Այսպիսով, ոչ միայն Հայաստան բառն է դուրս գալիս գործունեությունից, այլև Հայաստանի Հանրապետություն բառակապակցությունը: Այն փոխարինվում է ՀՀ տառակապակցությամբ, որը գուցե և լավն է ինքնին, բայց անիմաստ, անհեթեթ ու տգեղ է երկրի անվան համար:
Հաջորդ պատճառը, որով ընդունելի չէ Հայաստանի Հանրապետություն անվանումը, այն է, որ իրականում, ցավոք, Հայաստանի պետությունը հանրապետություն չէ, այլ բռնապետություն: Ուստի ծաղրանքի նման է հնչում հենց անվան մեջ հանրապետություն բառը շեշտելը: Որովհետև հանրային պետությունը այն է, որը հանրությունը, հասարակությունը, ժողովուրդն է կառավարում: Իսկ կառավարմանը ժողովրդի մասնակցության գլխավոր լծակը ընտրությունների միջոցով իր գերադասած մարդկանց կառավարիչներ նշանակելն է: Իսկ եթե ժողովրդի ձայնը ընտրությունների ժամանակ հաշվի չի առնվում, ապա հանրապետություն անվան մեջ կեղծավորության հնչերանգներ են լսվում: Ժողովուրդը չի մասնակցում իր երկրի կառավարմանը: Այնինչ պետությունն է ստեղծված ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը պետության: Ժողովուրդը պիտի իշխեր երկրում, ոչ թե պետությունը: Բայց ժողովուրդը չի կառավարում, որովհետև ներկայացված չէ օրենսդիր, գործադիր և այլ իշխանություններում: Ժողովրդի ձայները գողացվում և յուրացվում են ընտրությունների ժամանակ: Պարբերաբար դա տեսնելով, ժողովրդի մեծ մասը արդեն չի էլ մասնակցում ընտրություններին:
Իսկ եթե կասեն, թե հանրապետությունը թագավորության հակադիրն է, ապա դա թույլ փաստարկ է, որովհետև բռնապետությունն էլ թագավորություն չէ: Ուստի հանրապետությունը չի նշանակում ոչ թագավորություն: Հանրապետությունը նշանակում է հանրային պետություն, որն էլ նույնական է ժողովրդավարության հետ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի չասեն, թե հանրապետությունը թագավորության կամ միապետության հակադիրն է` պետության կարգավիճակը, իսկ ժողովրդավարությունը բռնապետության հակադիրն է` կառավարման ձևը: Ուրեմն հանրապետությունն ու ժողովրդավարությունը միասին են լինում: Իսկ միապետությունն ու բռնապետությունը միասին են լինում, թե ոչ, չի կարելի միանշանակ պնդել, քանի որ դա կախված է միապետի անձնական որակներից: Եթե նա բարձր, զարգացած անհատականություն է, ապա նրա միապետությունը բռնապետություն չի լինի: Իսկ եթե հանրապետության ղեկավարը բռնապետի որակ ունեցավ, ապա հանրապետությունն էլ կարող է բռնապետություն լինել ըստ էության, թեկուզ և ըստ անվան լինի հանրապետություն: Առավել ևս, որ անվանապես հանրապետություն կոչվողներին ավելի բնորոշ է բռնապետություն լինելը, քան միապետություններին: Որովհետև եթե որևէ միապետ բռնակալ լինի, ապա միայն քողարկվելու համար չի փոխի իր պետության կարգավիճակը: Իսկ բռնապետությունները հենց հանրապետությունների անվան տակ են քողարկվում: Դա նման է նրան, որ միշտ էլ չար գործերը բարի գործերի քողի տակ են կատարվում: Օրինակ, եթե Հայաստանում հանրապետությունը ժողովրդավարություն լիներ, կարիք չէր լինի նշելու անվան մեջ, թե պետությունը հանրապետություն է: Բայց քանի որ բռնապետություն է, ապա այն պիտի ձգտի քողարկել իրեն հանրապետություն բառի տակ: Հատկանշական է, որ բռնապետությունում իշխող կուսակցությունն էլ է կոչվում հանրապետական: Ինչպիսի՜ խորամանկ կրկնակի քողարկում: Չէ որ ամենամեծ բռնապետությունները հենց հանրապետություն կոչվող երկրներում են լինում, օրինակ, նախկին խորհրդային հանրապետություններում, նախկին Իրաքում, Հյուսիսային Կորեայում, Չինաստանում, Կուբայում և այլ նման կարգի երկրներում: Այդ երկրներում նույնպես ընտրություններ են լինում, բայց միշտ հաղթում է նույն կուսակցությունը, որովհետև այն միակն է լինում: Նույնն էլ մեզ մոտ. հանրապետությանը բնորոշ ընտրությունները կան, բայց միշտ իշխող կուսակցությունն է հաղթում: Դա հենց բռնապետության ամենաբնորոշ ցուցանիշն է, որովհետև իսկական ժողովրդավարական երկրներում ընդդիմությունն էլ է հաղթում երբեմն: Որովհետև դա է իրադարձությունների բնական ընթացքի պահանջը, բնական արդյունքը, պատճառների հետևանքը, տրամաբանականը ժողովրդավարության համար: Որովհետև որքան էլ որ լավ կառավարի իշխող ուժը, միևնույն է, ինչպես որ մարդուն է բնորոշ միշտ իր վիճակից դժգոհ լինելը և ավելի լավին ձգտելը, նույնպես էլ ժողովուրդը միշտ ձգտում է փոփոխությունների: Ուրեմն եթե որևէ երկրում իշխանության փոփոխություն չի լինում, ինչն էլ կյանքում, ժողովրդի վիճակում փոփոխությունների պայմանն է, նշանակում է այդ երկրում ժողովրդի ձայնը գողացված է: Նշանակում է ժողովրդավարություն չկա, հանրապետությունն էլ վերածվել է բռնապետության: Իսկ Հայաստանում դեռ երբեք ընդդիմությունը չի հաղթել: Ուրեմն հետամնաց պետություն ունենք: Իսկ զարգացած երկրներում հաճախ են ընդդիմությունները հաղթում, որովհետև ընտրություններն արդար, ազնիվ են ընթանում: Որովհետև դրանք զարգացած երկրներ են: Նրանց ղեկավարներն ավելի զարգացած, ավելի որակյալ, ավելի կատարյալ մարդիկ են: Նրանց իշխանավորները պատիվն ավելի բարձր են համարում, քան պաշտոնն ու հարստությունը: Ազնվությունն էլ նրանց համար ամենամեծ հարստությունն է, ժողովրդի ձայնի գողությունն էլ ստորություն է, ստորին կարգի, ստորին որակի մարդ լինելու նշան:
Բացի այդ, բռնապետության ուրիշ ցուցանիշ էլ կա: Եթե մի երկրում ոստիկանությունը մարտական զենքերից կրակում է իր ժողովրդի վրա, նշանակում է այդ ոստիկանությունը վերածվել է բռնության գործիքի պետության ձեռքերում, այն դարձել է հակաժողովրդական մարմին: Իսկ հակաժողովրդական ոստիկանությամբ երկրում բռնությունները չեն կարող անպակաս չլինել ժողովրդի կյանքից: Թեկուզ իշխանությունը արդարացնում է իրեն նրանով, թե կրակում է ոչ թե ժողովրդի վրա, այլ հանցագործ ամբոխի, բայց այդ արդարացումը շատ սնանկ է: Որովհետև հանցագործները կարող են լինել մեկը, երկուսը, երեքը կամ մի քանիսը, բայց ոչ ամբոխի չափ շատ: Ամբոխն արդեն ժողովուրդ է: Պարզապես ամբոխ բառով նշվում է մարդկանց տվյալ խմբի ձևականորեն չկազմակերպված լինելը, այսինքն` բոլորը միասին որևէ պաշտոնապես գրանցված կազմակերպություն չներկայացնելը, այլ տարբեր կազմակերպությունների մարդկանցից հավաքված խումբ լինելը: Իսկ դա էլ հենց ժողովուրդն է: Ժողովրդի կազմակերպվածության վիճակը չէր էլ կարող այլ լինել: Այնպես որ իզուր են իսկական հանցագործները ամբոխ հասկացությանը հանցագործ իմաստ վերագրում: Չէ որ ամբոխներին դեռևս Չարենցն է գովերգել իր հանրահայտ բանաստեղծությունում: Ամբոխին գնդակահարելը հենց ժողովրդին գնդակահարել է նշանակում: Այնինչ ես մի ուսանող նախկին շարքային ոստիկանի գիտեի, որը հպարտությամբ էր պատմում, որ ինքն էլ է եղել ժողովրդի վրա հարձակվողների շարքերում: Նշանակում է իշխանությունը ներշնչել է իր զորքին, թե այն հանցագործների վրա է հարձակվում: Իսկ ժողովրդին հանցագործ համարելը և նրա վրա բռնանալը ամենամեծ հանցագործությունն է, հանցագործություն է պետական մակարդակով, իր չափերով այնքան մեծ, որ չի երևում շատերի համար: Դա բռնապետության վառ ցուցանիշ է, որովհետև ժողովուրդը չի կարող հանցագործ լինել, ժողովուրդը վերջին ատյանն է, որի որոշումը եթե նույնիսկ սխալ էլ լինի, միևնույն է, այն վերջնականը պետք է լինի: Համենայնդեպս այդպես է ժողովրդավարական երկրներում: Եվ դա է ճիշտը, բնականը: Հայտնի է, որ իմաստունները միշտ էլ փոքրամասնություն են կազմել, բայց որոշումներ ընդունելիս միշտ վճռորոշ է մեծամասնության կարծիքը, որովհետև եթե նույնիսկ մեծամասնությունը սխալվում է, այն պետք է սովորի, իմաստնանա իր կյանքի փորձի հիման վրա, իր սխալներով սովորի տարբերել ճիշտը սխալից, լավը վատից: Ահա թե ինչու ըստ բնական օրենքների է, որ մեծամասնությունը իրավունք ունի վերջնական որոշման կայացման:
Բռնապետության ուրիշ ցուցանիշներ էլ կլինեն, քանի որ բռնությունը չի կարող սահմանափակվել կյանքի միայն մեկ կամ մի քանի ոլորտներով, այլ պետք է լինի բոլորում: Բայց քանի որ ես քաղաքական գործիչ չեմ, չեմ ուզում անդրադառնալ բոլորին: Եվ քանի որ քաղաքական գործիչ չեմ, իմ հայացքները չեն կարող գործնական հետևանքներ ունենալ, բայց սեփական կարծիք ունենալու իրավունք ունի ամեն մարդ:
Կարդացեք նաև
Ահա սրանք են պատճառները, որ ես երբեք չեմ գրում Հայաստանի Հանրապետություն և չեմ արտաբերում այդ բառակապակցությունը: Մեր երկրի անունը Հայաստա՜ն է:
Գեղամ Խաչատրյան