Ցանկացած պետություն իր միջազգային իրավասուբյեկտության ուժով իրավասու է անդամակցելու տարբեր միջազգային կազմակերպությունների: Քսանմեկերորդ դարում հետզհետե առավել լայն թափ ստացող գլոբալիզացիոն գործընթացների պարագայում պետություններն ավելի ու ավելի են ձգտում ներգրավվել միջազգային տարբեր կազմակերպություններում:
Որպես կանոն, այն պետության համար, որն անդամակցում է որևէ միջազգային կազմակերպության, մեկ այլ կազմակերպության միանալը որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ միջազգային կազմակերպությունների մեծամասնությունն այսօր առաջնորդվում է այնպիսի չափանիշներով և սկզբունքներով, որոնք ընդհանուր են բոլորի համար, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ի Կանոնադրությունում ամրագրված սկզբունքները և դրույթները: Այնուամենայնիվ, վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ երբեմն չի բացառվում նաև միաժամանակ երկու կամ ավելի կազմակերպությունների անդամակցության անհնարինությունը:
Վերջերս նման խնդրի առաջ կանգնեց Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, այդ խնդրի կարևորությունը և արդիականությունը պայմանավորված էր հատկապես նրանով, որ երկու տարբեր միջազգային կազմակերպությունների միջև ընտրություն կատարելով՝ Հայաստանը, ըստ էության, որոշում էր իր հետագա ճակատագիրը՝ առնվազն առաջիկա մի քանի տասնյակ տարիների համար: Խոսքն, իհարկե, Եվրոպական Միության Ասոցացման պայմանագրի կնքման և Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության հարցի մասին է:
Այս երկու կազմակերպություններից մեկին կամ մյուսին առավելություն տալու համար մատնանշվում են տարբեր պատճառներ, սակայն դրանք հիմնականում քաղաքական բնույթ են կրում: Այս հոդվածում մեր խնդիրն է ներկայացնել դրա իրավական տեսանկյունը՝ հատկապես ելնելով Ասոցացման պայմանագրում ամրագրված դրույթների բովանդակությունից:
Այն պահից սկսած, ինչ Հայաստանը հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցելու իր որոշման մասին, այսինքն՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից, հարց առաջացավ, թե հնարավոր չէ՞, արդյոք, միաժամանակ և՛ լինել ՄՄ անդամ, և՛ մասնակցել ԵՄ-ի կողմից առաջարկվող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Այս հնարավորությունը բազմիցս հերքվեց ԵՄ տարբեր պաշտոնատար անձանց կողմից: Հատկանշական է Եվրոպական Հանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեի 2013թ. սեպտեմբերի 19-ի հայտարարությունը: Ըստ նրա՝ անդամակցությունը Մաքսային Միությունում իսկապես անհամատեղելի է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Դա կապված չէ գաղափարախոսական տարաձայնությունների հետ, դա կապված չէ տնտեսական բլոկների բախման կամ մրցակցության հետ: Դա կապված է իրավական անհամատեղելիության հետ. օրինակ, հնարավոր չէ նվազեցնել մաքսային սակագները՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնությամբ և դրա հետ միաժամանակ մեծացնել դրանք Մաքսային Միությանն անդամակցության հետևանքով»:
ԵՄ պաշտոնատար անձանց կողմից մատնանշվել է, որ որևէ պետություն չի կարող միաժամանակ և՛ անդամակցել Մաքսային Միությանը, և՛ Ասոցացման պայմանագիր կնքել: Դրա հնարավորությունը բացառող հիմնական պայմաններից մեկն այն դրույթն է, որ Ասոցացման պայմանագիր կնքող պետությունը կարող է անդամակցել այլ մաքսային միությունների միայն այն դեպքում, եթե դա չի հակասում Ասոցացման պայմանագրի դրույթներին: Թեև դեռևս չկա այնպիսի փաստաթուղթ, որը հստակ սահմանի Հայաստանի իրավունքները և պարտականությունները Եվրասիական Մաքսային Միության շրջանակներում, ինչպես նաև հրապարակված չէ Հայաստանի Ասոցացման պայմանագրի տեքստը, այնուամենայնիվ ԵՄ պաշտոնատար անձանց ելույթներից և այլ Ասոցացման պայմանագրերի տեքստերից կարող ենք եզրակացնել, որ առկա է բավականին լուրջ հակասություն ԵՄ Ասոցացման պայմանագրի և Մաքսային Միության հիմնադիր կամ որևէ այլ փաստաթղթի միջև, ինչը, թերևս, վերաբերում է տարբեր չափերի մաքսատուրքերի սահմանմանը 2 միությունների անդամ պետությունների միջև:
Պետք է, բնականաբար, հաշվի առնել նաև տնտեսական գործոնը, քանի որ Ասոցացման պայմանագրերում մեկ առանձին գլուխ նվիրվում է առևտրին և առևտրային կամ տնտեսական հարաբերություններին: Թեև կարելի է պնդել, որ Հայաստանին առավել ձեռնտու կլինի Ռուսաստանի, Բելառուսի և ԱՊՀ այլ երկրների հետ շուկայական հարաբերությունների ամրապնդումը, քանի որ հայկական ձեռնարկություններն ավելի ծանոթ են այդ երկրների շուկային, սակայն ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների մեջ մտնելը խթան կհանդիսանա, որպեսզի ձեռնարկությունները բարձրացնեն իրենց արտադրանքի որակը և որակյալ ապրանքների համար սահմանված չափանիշները՝ եվրոպական շուկայում առկա մրցակցությանը դիմադրելու համար: Սա բավական մեծ փոփոխություններ կարող է առաջ բերել հայկական արտադրությունում, որոնք սկզբում կարող են որոշակի խնդիրների հանգեցնել, սակայն դրանք կլուծվեն հետագայում, և ԵՄ-ի հետ սերտ շուկայական հարաբերությունները կտան իրենց պտուղները:
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն վերաբերող՝ Ասոցացման պայմանագրի կնքման դեպքում, իսկապես, ԵՄ-ի և կնքող պետության միջև հարաբերությունները ավելի են սերտանում և, հատկապես, առևտրի ոլորտում, ինչը խիստ կարևոր նշանակություն կարող է ունենալ տվյալ պետության համար: Ընդ որում, պայմանագիրը ստորագրող պետությունն օգտվում է բազմաթիվ արտոնություններից՝ ԵՄ և անդամ պետությունների հետ առևտրային հարաբերությունների մեջ մտնելիս, ինչն ավելի է հեշտացնում այդ պետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ձեռնարկությունների մուտքը Եվրոպական Միության շուկա, որն այսօր աշխարհում ամենամեծ շուկաներից մեկն է: Դա ոչ միայն էականորեն կընդլայնի այն երկրների շարքը, որոնց հետ Հայաստանը կմտնի առևտրային հարաբերությունների մեջ, այլև անհամեմատ ավելի կբարձրացնի Հայաստանում արտադրվող ապրանքների որակը, քանզի դրանք կփորձեն համապատասխանեցվել ԵՄ չափանիշներին, որոնք բավականին բարձր են, ինչը նպաստավոր ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության զարգացման վրա:
Եվրոպական Միությունն ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող կազմակերպություն է, որին անդամակցում են աշխարհի առաջատար և հզոր պետություններից մի քանիսը: Ընդ որում, խոսքն այնպիսի պետությունների մասին է, որոնք ոչ թե պարզապես տնտեսապես հզոր են և լայն հնարավորություններ ու լծակներ ունեն ազդեցություն գործելու տարբեր երկրների վրա, այլ ունեն կայուն և հուսալի իրավական համակարգ, որտեղ գերակայում են միջազգային իրավունքով ճանաչված մարդու իրավունքները և օրինականությունը: Հարկ է նշել նաև, որ ԵՄ-ը բազմիցս առիթ է ունեցել ցույց տալու իր հզորությունը և իր անդամ երկրներում գործող իրավական համակարգի արդյունավետությունը: Դրանից բացի, ԵՄ-ն օժանդակել է Հայաստանին բազմաթիվ ձեռնարկումներում, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ (թե՛ նյութական, թե՛ մարդկային ռեսուրսների և թե՛ այլ ձևով) երկրում օրինականության ամրապնդման, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների հարգման և միջազգայնորեն ընդունված այլ արժեքների ամրապնդման և պահպանման նպատակով: Այս ամենը, թերևս, հետապնդել է նաև քաղաքական նպատակներ, որոնք, սակայն, պետք է համարել միանգամայն օրինական և արդարացված: Խոսքը ԵՄ-ին անդամակցության մասին է: Պետք է լիովին բնական համարել այն, հատկապես հաշվի առնելով ԵՄ-ի ընդլայնման երկարատև պատմությունը, որ նման հեղինակավոր կազմակերպությունը ցանկանում է ընդլայնել իր շրջանակները, ինչպես նաև այն, որ ցանկանում է իր տարածքին անմիջականորեն հարող տարածաշրջանում համախոհներ ունենալ:
Հատկանշական է նաև, որ ԵՄ-ն օգտվում է լիովին օրինական մեթոդներից և եղանակներից՝ Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի կնքումն ապահովելու համար, ինչպես նաև չի դիմում որևէ այնպիսի միջոցի, որը կարող է կասկածի տակ դնել տվյալ պետության անկախությունն արտաքին հարաբերություններում և ինքնիշխանությունը որոշումներ կայացնելիս: Այսպես, օրինակ, Ուկրաինայի հետ կնքվելիք Ասոցացման պայմանագրի տեքստում նշվում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն իրավաբանորեն ամրագրում է ուկրաինական պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության քաղաքական երաշխիքները:
Ինքնիշխանության պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է նշել նաև, որ ԵՄ-ը չի ցանկանում, որպեսզի իր գործընկեր պետությունների վրա ճնշումներ գործադրվեն: Շտեֆան Ֆյուլեն վերևում մեջբերված իր ելույթում նշել է, որ «Եվրասիական տնտեսական միության ստեղծման ծրագրի զարգացումը պետք է հարգի իրենց գործընկերների ինքնիշխան որոշումները»: Նա անընդունելի է համարում ցանկացած ճնշում, որը կգործադրվի գործընկեր պետությունների նկատմամբ: Ընդ որում, Ֆյուլեն նաև պարզաբանում է, թե ինչպիսի ճնշումների մասին է խոսքը: Մասնավորապես, ըստ նրա՝ դա վերաբերում է ճնշման բոլոր ձևերին, այդ թվում՝ էներգակիրների գների հնարավոր չարաշահում, արհեստական առևտրային արգելքներ, ինչպիսիք են ԱՀԿ-ի պահանջների հետ անհամատեղելի արգելքները ներկրման վրա և բարդ մաքսային ընթացակարգեր, ռազմական համագործակցություն և անվտանգության երաշխիքներ:
Ի հակադրություն այս ամենի՝ Մաքսային Միությունը դեռևս նոր ձևավորվող կառույց է: Ավելին, դրա վերջնական ձևավորումն, ըստ էության, դեռ հաստատված չէ, այսինքն՝ չի բացառվում նաև, որ այդ կազմակերպությունն այդպես էլ վերջնականորեն չստեղծվի: Բացի այդ, չցանկանալով որևէ կերպ նսեմացնել դրան անդամակցող կամ անդամակցության ցանկություն հայտնող պետությունների հեղինակությունը՝ պետք է նշենք, որ դրանք դեռևս կայացման փուլում գտնվող զարգացող պետություններ են, որտեղ հաճախ գերակայում են ոչ թե օրինականությունն ու մարդու իրավունքները, այլ այնպիսի արժեքներ, որոնք բանականության և ողջամտության տեսանկյունից պետք է համարել անթույլատրելի:
Հարկ է անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչպիսի միջոցներ են գործադրում ՄՄ ձևավորող պետությունները՝ այլ պետությունների Միության մեջ ներգրավելու համար: Թեև ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից բազմիցս շեշտվել է, որ Մաքսային Միությանը միանալու որոշումը կայացվել է լիովին անկախ, այնուամենայնիվ հանգամանքները վկայում են, որ քիչ հավանական է, որ այդ որոշումը զերծ լինի որևէ արտաքին ազդեցությունից և մասնավորապես՝ Ռուսաստանի ազդեցությունից: Չորս տարի շարունակվող բանակցություններից հետո, երբ ԵՄ-ը վերջապես պատրաստ էր Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը, որը հերթական քայլ կլիներ դեպի ԵՄ անդամակցություն կամ առնվազն Հայաստանի համար դռներ կբացեր դեպի ԵՄ տնտեսական ոլորտ, ինչպես նաև, երբ չէր հրապարակվել որևէ տեղեկատվություն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում կամ պատրաստվում է անդամակցել Մաքսային Միությանը, առնվազն անսպասելի պետք է համարել ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը: Նման պայմաններում ընդհանրապես բացառել այն հանգամանքը, որ Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրվել նման որոշման կայացման համար, թվում է անտրամաբանական: Իսկ եթե, իրոք, առկա է նման ճնշում, այսինքն՝ արտաքին լուրջ ազդեցություն մի քանի տարիների աշխատանքի արդյունքների վրա, ապա դա սպառնալիք է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը: Կարծում ենք, որ նման երկրների հետ որևէ միության մեջ մտնելը, այն էլ այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին տնտեսությունն է, արդարացված չի կարելի համարել:
Այս հարցի առնչությամբ տեղին է հիշատակել ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեևի «7 միֆ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի մասին» հոդվածում նշված արտահայտությունը, որ «ընտրությունը ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ընտրություն է ակնհայտի և ենթադրականի, ստուգվածի և ռիսկայինի միջև»:
Անհրաժեշտ է նաև ևս մեկ անգամ շեշտել, որ միաժամանակ երկու միություններին անդամակցությունը, ինչպես արդեն նշվեց, անհնարին է՝ վերոնշյալ անհամատեղելիության պատճառով: Մաքսային Միությանն անդամակցության դեպքում անհնար է ԽՀԱԱԳ-ի վերաբերյալ համաձայնության ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ Ասոցացման պայմանագրերի հնարավոր սուբյեկտ համարվելը խնդրահարույց է, քանի որ Հայաստանը պատրաստվում է միանալ Եվրասիական Մաքսային Միությանը: Միաժամանակ տարբեր մաքսային միություններում մեկ երկրի անդամակցությունը հնարավոր չէ, քանի որ նրանք տարբեր նորմեր են սահմանում մաքսատուրքերի դրույքաչափերի, դրանց կիրառման միջոցների և դրանց վերացման կամ նվազեցման վերաբերյալ: Հաշվի առնելով, որ այս տարի նախատեսվում է Եվրասիական Միության վերջնական ձևավորումը, որի կազմի մեջ է մտնելու նաև Հայաստանը, կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալիս ԵՄ Ասոցացման պայմանագրերի հնարավոր սուբյեկտների շարքից:
Սակայն դեռ հնարավոր է փոխել մարտավարությունը և կրկին դասվել այն պետությունների շարքին, որոնց հետ ԵՄ-ը վաղ թե ուշ կարող է Ասոցացման պայմանագիր կնքել, իսկ հետագայում, հնարավոր է, նաև անդամակցության մասին պայմանագիր: Այդ նպատակով նախ և առաջ անհրաժեշտ է վերանայել Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ կայացված որոշումը և հրաժարվել դրանից: Այս ամենից հետո, թերևս, պետք է շարունակել քայլեր ձեռնարկել Ասոցացման պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ վարելու և դրանք իրենց բարեհաջող ավարտին հասցնելու ուղղությամբ:
Սոսե ՄԱՅԻԼՅԱՆ
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի