Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի դեմ առաջադրված մեղադրանքի փոփոխությունը տիկնիկային խաղ է որակում

Ապրիլ 01,2014 21:33

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դեմ առաջադրված մեղադրանքի փոփոխությունը նախաքննական մարմնին խայտառակությունից փրկելու համար է արվել:

Հիշեցնենք, որ նախօրեին նախաքննական մարմինը որոշել է փոխել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքը։ Ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքը փոխարինվել է խուլիգանության հոդվածով։

«Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների կողմից որեւէ քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել: Ուզում են 316 դնեն, ուզում են 258 հոդված դնեն: Շանթի եւ նրա ընկերների կողմից չկա կատարված մի  գործողություն, որը կարող է իրավապահ մարմինների կողմից մեղադրանք առաջադրելու, քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանա: Այդ հոդվածների փոփոխությունը ընդամենը տիկնիկային խաղեր են, բայց նաեւ  ցույց է տալիս, որ նախաքննության մարմինը փակուղու առջեւ է կանգնել: Այն փաստական հանգամանքները, որոնք հայտնի էին նոյեմբերի հինգին Շանթին եւ նրա ընկերներին ոստիկանական բաժիններ բերման ենթարկելու ժամանակ, թե իբրեւ հանցագործություն են կատարել , այդ փաստական հանգամանքները նույնն են մնացել: Այս հինգ ամիսների ընթացքում նոր հանգամանք , նոր փաստ չի հայտնաբերվել: Այս տեսակետից առավել եւս որեւէ հիմք ու տրամաբանություն չկա հոդվածների փոփոխություն կատարելու համար»,- ասաց պարոն Սաքունցը:

Նրա խոսքով, Նախաքննական մարմինը, տեսնելով որ չի կարողանում հիմնավորել 316 հոդվածը, առաջ քաշեց  258 հոդվածի չորրորդ մասը. «Եվ ոչ միայն Շանթի նկատմամբ են դրել այդ հոդվածի չորրորդ մասը, այլեւ նրա ընկերների՝ Հայկ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Ալեք Պողոսյանի: Տեսան, որ չեն կարող ոստիկանի նկատմամբ բռնությունը հիմնավորեն, այդ ոստիկանը տուժող պետք է ներգրավվեր դատական գործընթացում, իսկ դա նշանակում է նա հարցերի պետք է պատասխաներ, ցուցմունք տար, իսկ հարցերին պատասխանելու արդյունքում փուչիկի նման տրաքելու էին իրենց բոլոր հիմնավորումները: Խայտառակությունից խուսափելու տարբերակ են գտել, որ մեղադրանքը տեղափոխեն այնպիսի հոդվածի, որտեղ ոստիկանը այլեւս որպես տուժող չկա, այդ ոստիկանները կարող են հանդես գալ որպես վկաներ: Խնդիրը տեղափոխում են տեսական հարթություն»:

Պարոն Սաքունցի համոզմամբ, Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված 258 հոդվածն էլ չեն կարողանալու հիմնավորել, որովհետեւ. «Այդ հոդվածի չորրորդ մասում խոսվում է զենք կամ զենք հանդիսացող առարկաների կիրառման մասին: Զենք չկա, զենք հանդիսացող առարկան ոնց են որոշելու, եթե փորձեն  փայտե ձողերը ներկայացնել զենք, ապա Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր ժամանակին ասում, դա ինչ զենք է , խանութներում ազատ վաճառվում են: Պայթուցիկները նույնպես չեն կարող համարվել, որովհետեւ տոնական միջոցառումների ժամանակ օգտագործվում են եւ արգելված չեն: Մյուս կողմից էլ, եթե զենքի կիրառման հիմնավորմամբ են մեղադրանք առաջադրում, ապա տրամաբանական պետք  է լիներ զենքի ապօրինի կիրառման մեղադրանք, բայց դա չկա: Հետեւաբար, մեղադրանքի փոփոխությունը ոչ թե մեղմացման կամ խստացման տեսանկյունից պետք է նայել, այլ մի քայլ, որով փորձում են խուսափել իրենց  անգրագիտությունից եւ խայտառակությունից եւ մեղադրանքը տեղափոխել մի հոդվածից մեկ այլ հոդված, որի շրջանակում կգնան լեզվակռվի, որի պարագայում իրենց ավելի ապահով են զգում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս գործով փոխվել է  6 մեղադրյալների մեղադրանքի ծավալը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից,   ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ  հոդվածի 1-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը,  մեղադրանքի փոխարեն մեղադրյալներ Սևակ Մնացականյանին և Տիգրան  Պետրոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  3-րդ մասի առաջին և երկրորդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է,  իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն  իրականացնող կամ  հասարակական կարգի խախտումը խափանող  անձին դիմադրություն ցույց տալով:

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև  մեղադրյալ  Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ՝   ՀՀ քրեական  օրենսգրքի  316-րդ  հոդվածի 2-րդ մասով՝  Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն:

ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ  հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն  մեղադրյալ Հայկ  Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով՝  զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների  գործադրմամբ  խուլիգանություն և   268-րդ հոդվածի 1-ին մասով՝  առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի  ապօրինի շրջանառություն,  ՀՀ քրեական  օրենսգրքի 316-րդ  հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն  մեղադրյալ Վարդան Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով:

Մեղադրանքը փոխելուց հետո ՝ ազատ արձակվեց Միսաք Առաքելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930