Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ պետի տեղակալ. «Ոչ մի սեւ ցուցակ էլ չկա, դա անհեթեթություն է»

Ապրիլ 01,2014 21:15

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվող «Տեսախցիկներ և արագաչափեր.անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով անցկացվող բանավեճի ժամանակ բանավեճը վարող Արեւիկ Սահակյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին փոխանցեց իր վարորդ ընկերների շրջանում պտտվող այն տեսակետը, որ տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի գրանցած խախտումներն արձանագրողներն ունեն հատուկ «սեւ ցուցակ», որում այն անձանց մեքենաների «գոլդ համարանիշերն» են, որոնց խախտումները չեն գրանցվում:

Ի պատասխան բարձրաստիճան ոստիկանն ասաց, որ մեր ժողովուրդը չափազանց կասկածամիտ է, եւ ինքն ի պաշտոնե հայտարարում է, որ ոչ մի նման բան չկա, դա անհեթեթություն է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ չկա Հայաստանում մի վարորդ, մի տրանսպորտային միջոց, որը չենթարկվի վարչական պատասխանատվության»: Ճիշտ է, նա նկատեց, որ շտապ օգնության մեքենաներին, հրշեջ մեքենաներին, ոստիկանական մեքենաներին օրենքով սահմանված դեպքերում թույլատրված է չենթարկվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոններին, սակայն որեւէ այլ դեպք կամ որեւէ այլ մեքենա չունի նման արտոնություն: Ավելին, Արմեն Խաչատրյանն առաջարկեց ներկաներին ցանկացած համարանիշ ասել եւ ինքը տեղում կստուգի եւ ցույց կտա, թե քանի խախտումներ են գրանցված այդ համարանիշով մեքենայի վրա:

Իրավապաշտպան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը չի պնդում, թե կոռուպցիա կա այդ ոլորտում, այլ ասում է, որ կան կոռուպցիոն ռիսկեր, քանի որ տեսանելի չի այդ համակարգի աշխատանքը հասարակությանը: Իր հերթին՝ Խաչատրյանը հակադարձեց, որ իրենք աշխատում են շատ պարզ եւ թափանցիկ եւ որպես վկա բերեց բանավեճի մյուս մասնակցին՝ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանին, որի ղեկավարած կազմակերպության հետ իրենք ակտիվ համագործակցում են:

Բնականաբար, խոսք գնաց արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրմամբ եւ շահագործմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության մասին: Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց, որ «Սեքյուրիթի դրիմը» գերշահույթներ ունի, նա ասաց, որ այս ընկերությունը իր տնտեսական ռիսկի հաշվին մեծ ներդրումներ է արել, եւ տուգանքների արդյունքում առաջացած գումարների 70%-ը, երբ գնում էր այդ ընկերությանը, այդ ներդրումները փակելու նպատակն ուներ: Բացի այդ, պաշտոնյան տեղեկացրեց, որ այդ ընկերությունում կա 407 աշխատակից: Նա, կարծես թե՝ իմիջիայլոց, նկատեց, որ աշխատակիցների թվում կա նաեւ մոտ երկու տասնյակ հաշմանդամ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930