Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով քեսաբահայերը հնարավորություն կունենան վերադառնալ իրենց բնակավայր. Սիրիահայ

Ապրիլ 01,2014 21:00

24 ամյա Պիեռ Աֆարյանը ծնվել է Սիրայի Քեսաբ քաղաքում, տարիներ անց տեղափոխվել Դամասկոս, իսկ վերջին չորս տարիները բնակվում եւ սովորում  է Երեւանում,  ժամանակ առ ժամանակ էլ այցելում Սիրիա: Հիմա Քեսաբում բնակվում են նրա քեռիները, որոնք հայտնի դեպքերի պատճառով շատ հայերի պես տեղափոխվել են Լաթաքիա:

Պիեռ Աֆարյանի տեղեկություններով՝ Քեսաբում մնացել էին միայն 3 տարեցներ՝  2 տղամարդ (94 եւ 86 տարեկան) եւ 1 կին(73-ամյա), ովքեր չէին կարողացել փախչել, բայց երեկ՝ մարտի 31-ին, կարողացել էին միանալ Լաթաքիայում գտնվող իրենց ընտանիքներին: Իսկ Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերին օգնության ձեռք են մեկնում սիրիական Կարմիր խաչը եւ Կարմիր մահիկը, եկեղեցին եւ հայկական մի շարք այլ կազմակերպություններ.

«Զոհեր չկան, քեսաբահայությունը զոհեր չտվեց, որովհետեւ կարողացան կանանց ու երեխաներին շուտ տեղավորել, եւ նրանց ավելի թիկունքային դիրքեր ուղարկել՝ ծովային ճանապարհով հասնելով դեպի Լաթաքիա, իսկ ինչ վերաբերում է այնտեղ մնացած հայ կռվողներին, որոնք պաշտպանում էին Քեսաբը սիրիական բանակի կողքին, նրանք մնացին մինչեւ երկրորդ, ոմանք մինչեւ երրորդ օրը: Բայց մեծամասամբ երրորդ օրը չեն մնացել, որովհետեւ հարձակումն այնքան ուժեղ էր, որ տեղի պաշտպանության ջոկատները չէին կարող դիմադրել թուրքական բանակի կողմից ծրագրված եւ նախաձեռնված մի հարձակման, որին մասնակցում էին, ըստ իրենց լրատվամիջոցների՝ 8000-ից ավել զինյալներ»:

Նա հայտարարեց, որ շատերը կարծում են, որ Քեսաբը ընդամենը 1 գյուղաքաղաք է, բայց իրականում՝ այն շրջան է բաղկացած իրարից մեկ-երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող 12 հայկական գյուղերից, որոնց կենտրոնն է Քեսաբը: Պիեռ Աֆարյանի նշեց, որ իր ընկերներից մեկը ծառայում է սիրիական բանակում եւ ներկայումս գտնվում է Քեսաբ քաղաքում, եւ իրեն փոխանցել է, որ սիրիական բանակը ցանկանում է առաջընթաց արձանագրել՝ փորձելով նվազագույնի հասցնել տներին հասցվելիք վնասը.

«Փորձում են այդ ահաբեկիչներին պաշարել առավելապես անտառային, լեռնային շրջաններում, որպեսզի այնտեղ հարվածելը ավելի հեշտ լինի, եւ Քեսաբի գյուղերն ու քաղաքները նվազագույն վնասով դուրս գան այս ճակատումից, անշուշտ, առանց վնասի չի կարելի»:

Պիեռ Աֆարյանի խոսքերով՝ թուրքերը թալանել են հայկական գյուղերը, բայց ոչ բուն Քեսաբը վկայում են համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ երեւում է, որ ընդամենը մանր-մունր վնասներ են հասցվել տներին, եւ դա նրա կարծիքով՝ թուրք ահաբեկիչները օգտագործում են զուտ քարոզչության համար: Սակայն նա Քեսաբի թալանը նույնպես չի բացառում.

«Հարձակման առաջին երեք օրը այս տեսանյութերը տարածվեցին բուն Քեսաբի կենտրոնից, բայց դրանից հետո էլ չտեսանք: Հնարավոր է, որ դրանից հետո էլի մտել են Քեսաբ, այսինքն՝ նրանք առաջին 3 օրը փորձեցին պահպանել այդ ամեն ինչը, որպեսզի ցույց տան, որ ահաբեկիչներ չեն, այլ ազատարարներ են»:

Սիրիահայ երիտասարդը, կարծում է, որ Քեսաբի պարագայում քեսաբահայերի
Հայաստան վերադառնալու նախաձեռնություններն ավելորդ են, քանի որ  անիմաստ է համարում թողնել այնտեղի ունեցվածքը եւ պատմական հողը.

«Գան այստեղ, իրենց ընդունելու մեծ հնարավորություններ չկան, այսինքն՝ մի մարդ, ով ուներ տարիների աշխատանք, կուտակած տնտեսություն եկավ այստեղ՝ ոչինչ:  Այդ մարդը հոգեբանորեն ինչպե՞ս պիտի ընտելանա նոր միջավայրին, ինչպե՞ս պիտի շարունակի. Իր սիրտն ու հոգին պետք է մնան Քեսաբում: Չէ՛, ավելի լավ է մնան այնտեղ, մի օր էլ պայքարեն իրենց ունեցածի համար, այսինքն՝ բաց չթողենք, որովհետեւ պարզապես հարձակվեցին: Եթե այնտեղ բաց թողեն մի օր կգա, որ այստեղ էլ են հարձակվելու մեր վրա, այստեղից էլ պիտի փախնե՞նք, թողեն գնա՞նք Ռուսաստան: Չէ՛, այսօր ժամանակը եկել է, որ հայը չփախնի, ցեղասպանությունը չպետք է կրկնվի»:

Պիեռ Աֆարյանը նշեց, որ ներկայումս կարեւոր ստրատեգիկական տարածքները գտնվում են սիրիական բանակի ձեռքերում, եւ շուտով քեսաբահայերը հնարավորություն կունենան վերադառնալ իրենց բնակավայր:

Լուսանկարը՝ Պիեռ Աֆարյանի ֆեյսբուքյան էջից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930