Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսախցիկները եւ արագաչափերը ծուղա՞կ են, թե դաստիարակության միջոց

Ապրիլ 01,2014 18:47

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ «Տեսախցիկներ և արագաչափեր.անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով անցկացված բանավեճի ժամանակ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ասաց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ երթեւեկության կանոնների խախտումների համար մեղավորը ճանապարհային ոստիկանությունն է, քանի որ դեռ Սովետի ժամանակներից սկսած վարորդներին կաշառքով վարորդական իրավունք է տվել, եւ հիմա վարորդները համատարած անտեղյակ են ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոններից: Բայց ոչ միայն անտեղյակ են, այլեւ սովորելու, կարդալու, տեղեկանալու ցանկություն էլ չունեն, եւ միայն տեսախցիկների միջոցով արձանագրված խախտումներին ծանոթանալով են ծանոթանում երթեւեկության կանոններին:

Նա նաեւ նշեց, որ միայն վերջին երկու-երեք տարիներին, երբ վարորդական իրավունքի համար տրվող քննություններն անց են կացվում համակարգչի միջոցով՝ թեստային համակարգով, որոշակի առաջընթաց կա:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ վարորդները զրկված են լսված լինելու իրավունքից՝ երբ խախտումն արձանագրում է տեսախցիկը, վարորդը չի կարող որեւէ կերպ բացատրել կամ մեկնաբանել իր արարքը:

Իրավապաշտպանի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում 8 հազարի չափ վարչական պատասխանատվության արձանագրություն է կազմվում: Նրա այս տվյալը միանշանակորեն հերքեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանը, նա պաշտոնապես հայտարարեց, որ օրվա ընթացքում լինում է 3-4 հազար արձանագրություն՝ ոչ ավելին:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով է որոշվում որտե՞ղ տեղադրել արագաչափ ու տեսանկարահանող սարքերը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ ճիշտ այնպես, ինչպես ավտոտեսուչն է որոշում ծառայություն իրականացնել՝ որոշակի տվյալներից ելնելով՝ ամենաշատ խախտումներ գրանցվող վայրերում, այնպես էլ այդ սարքավորումներն են դրվում որոշակի վերլուծության արդյունքում ստացված տվյալների հիման վրա: Այնինչ՝ «Աքիլլեսի» ղեկավարը մեջբերում էր վարորդների կարծիքը, համաձայն որի, արագաչափերն ու տեսախցիկները դրվում են որպես «ծուղակ», հենց որ վարորդները սովորում են համապատասխան արագաչափի ներկայությանը եւ այդ տարածքն այլեւս «փողաբեր» չի լինում, ոստիկանները տեղափոխում են արագաչափը: Արմեն Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ իրենք, իսկապես տեղափոխում են արագաչափն այն վայրերից, որտեղ խախտումները քչանում են, բայց ոչ թե՝ շահութաբերությունը կորցնելու պատճառով, այլ որովհետեւ այդ տարածքում իրենք իրենց առաքելությունը համարում են ավարտված եւ արագաչափը տանում են այլ, ավելի վտանգավոր եւ ռիսկային տարածք:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930