«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի համաձայն, Ուկրաինայի նկատմամբ բնական գազի գնի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ գազի առաքման դիմաց այս երկրի չվճարված պարտքերը կազմում են մոտ 1,7 միլիարդ դոլար
Ռուսաստանի էներգետիկական «Գազպրոմ» ընկերությունը տեղեկացրել է երեքշաբթի օրվանից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող գազի գներն ավելի քան 40 տոկոսով բարձրացնելու մասին:
Ուկրաինան այս տարվա երկրորդ եռամսյակին հազար խորանարդ մետր գազի դիմաց պետք է վճարի 385,5 դոլար, ինչը զգալիորեն բարձր է գազի նույն ծավալի դիմաց 268,5 դոլար կազմող գնից, որի շուրջ համաձայնություն էր բերվել անցյալ տարվա դեկտեմբերին՝ նախքան ռուսաստանամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումն ու Ղրիմի բնռկացումը:
«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի համաձայն, Ուկրաինայի նկատմամբ բնական գազի գնի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ գազի առաքման դիմաց այս երկրի չվճարված պարտքերը կազմում են մոտ 1,7 միլիարդ դոլար:
Կարդացեք նաև
Միլլերն ասել է նաև, որ Ուկրաինային առաքվող բնական գազի նկատմամբ դեկտեմբերին համաձայնեցված զեղչն այլևս չի կարող կիրառվել՝ հավելելով, որ դեպի Եվրոպա Ուկրաինայի տարածքով Ռուսաստանում արդյունահանված գազի տարանցման սակագներն ավելացվում են տասը տոկոսով՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա դեկտեմբերին համաձայնվել էր նվազեցնել Ուկրաինայի նկատմամբ կիրառվող բնական գազի գինը՝ այսպիսով ֆինանսական օժանդակություն տրամադրելով Կիևին այն բանից հետո, երբ տապալված նախագահ Յանուկովիչը հրաժարվել էր Եվրոպական Միության հետ առևտրային համաձայնագիր ստորագրելուց՝ հօգուտ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերականգման:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում