Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ո՞վ կարող է վախեցնել մեր իշխանություններին, նման բան չկա»

Ապրիլ 01,2014 17:23

«Ժառանգության եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ շատ հարցեր են քննարկվել: Ցավոք, այդ հանդիպման ձեւաչափն ավելի հրապարակային չի դարձել եւ որոշումների ընդունման մակարդակի դեռ չեն հասել: Քննարկումների ընթացքում, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ ամեն ինչ հրապարակայնացնել, որովհետեւ դեռ ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է Վահան Բաբայանի ասածին, շատ նորմալ կարծիք է: Ընդ որում, ընդգծվեց, որ կուսակցության տեսակետն է հայտնել, ոչ թե Վահան Բաբայանի անձնական կարծիքը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ԲՀԿ-ն «Ժառանգության» հետ հանդիպման ժամանակ որեւէ ակնարկ արե՞լ է, պայմանավորվածություն ձեռք բերե՞լ է ապրիլի 28-ից հետո տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս բերելու մասին:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանի հետ այդ հանդիպմանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ եթե իշխանությունը ճիշտ հետեւություններ չանի, ապա ապրիլի 28-ից հետո անիմաստ թշնամանք է լինելու, մարդկանց դուրս են բերելու հրապարակ, հանրահավաքներ են անելու, լինելու են ցնցումներ:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Մենք միշտ էլ արմատական իշխանափոխության եւ դասական գործողությունների կողմնակից ենք: Այդ հարցը հանգիստ կարելի է քննարկել: Որեւէ խնդիր չենք տեսնում»:

Մեր հարցին՝, այսինքն` դուք պատրաս՞տ եք ապրիլի 28-ից հետո, եթե խաղաղ ճանապարհով կառավարության հրաժարականի հարցը չլուծվի, ԲՀԿ-ի հետ դուրս գալ փողոց, տասնյակ հազարավոր մարդկանց հավաքել՝ նա պատասխանեց. «Մենք փողոց դուրս գալու միշտ ենք պատրաստ, անկախ ամեն ինչից: Մենք հիմա էլ միջոցառումներ անցկացնում ենք հրապարակային, իսկ մնացածը հանգիստ քննարկել կլինի: Րաֆֆի Հովհաննիսյանը ուրբաթ օրը եւս մեկ անգամ հանրությանը հայտարարեց, որ մենք միասնական հրապարակի կողմնակից ենք»:

Մեր հարցին՝ Վահան Բաբայանը սպառնում է, որ կլինեն ցնցումներ, բարիկադներ, դա ուղղակի իշխանության «աչքը վախեցնելու համա՞ր է, թե այդ ամենը միանգամայն իրական քայլեր են, որոնք սպասվում են ապրիլի 28-ից հետո. «Մեր իշխանություններն ինչի՞ց պիտի վախենան, մեր իշխանությունները վախեցող չեն: Վախեցնելու համար չեն: Հետո վախեցնելու կարիք չկա, որովհետեւ մենք գիտենք, որ այս իշխանությունները շատ խիզախ են: Միայն շատ խիզախ իշխանությունը կարող է 2-3 –ամվա ընթացքում ԵՄ ասոցացման համաձայնագրից թեքվի դեպի Մաքսային միություն: Միայն խիզախ իշխանությունը կարող է հայտարարված «ձեռնպահ» քվեարկության փոխարեն միանգամից «դեմ» քվեարկի: Ո՞վ կարող է վախեցնել մեր իշխանություններին, չէ, նման բան չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930