Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի հրապարակվում ՍԴ վճիռը

Ապրիլ 01,2014 17:18

Արդեն մեկ օր է՝ Սահմանադրական դատարանն (ՍԴ) ավարտել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննությունը: Սակայն դեռ ՍԴ վճիռը չի հրապարակվել ու դեռ հարց է, թե երբ կհրապարակվի:

Այս անորոշությունը հասարակության շրջանում լրացուցիչ անհանգստություն է առաջացրել: Քաղաքական գործիչներից շատերի համար էլ ընդունելի չէ այն, որ ՍԴ-ն վճռի ներկայացման ժամկետների հետ կապված որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով ասաց. «Ինձ համար անհասկանալի է. ՍԴ-ի դատաքննության ավարտից մեկ օր է անցել, բայց ինչո՞ւ ՍԴ-ն չի հրապարակում իր որոշման հայտարարելու վերջնական ժամկետը: Եթե անգամ իրավական խնդիրներ էլ կան, ապա դրա մասին կարելի է հանրությանը ներկայացնել, ինչպես ՍԴ-ն արեց, երբ կառավարության կամ ԿԲ ներկայացուցիչները սկսեցին մեկնաբանել ՍԴ որոշումը»:

Վահագն Խաչատրյանը` որպես հայցվոր կողմ (հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության քննության պահանջով ՍԴ են դիմել ԱԺ ոչ իշխանական ուժերի 36 ներկայացուցիչներ ), նշեց, թե ՍԴ-ում գործի քննությունից հետո ինքն առավել քան համոզվեց, որ պարտադիր կուտակայինը ոչ միայն ընդունելի չէ, այլև հակասահմանադրական:

Մեր հարցին`ի՞նչ ակնկալիքներ ունի ՍԴ որոշումից, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Հիշում եմ` 1999 թվականն էր, երբ մենք ԱԺ պատգամավորական խմբակցության կողմից հայտարարություն էինք ներկայացրել: Նույն սցենարն էր. էլի ՍԴ անդամները հարցեր էին տալիս, տպավորություն էր ստեղծվում, որ, վերջ, մեր հայցը բավարարված է, ոգևորված էինք, բայց դա շատ կարճ ժամանակ տևեց, քանի որ ՍԴ-ն երկակի որոշում ընդունեց: Ինչ-որ առումով փորձել էին և մեր հայցը բավարարել, և իշխանության հիմնավորումներն ընդունել»: Ուստի պարոն Խաչատրյանը, «ելնելով ՍԴ-ի աշխատանքային փորձից` վերջնական որոշման հետ կապված այսօր չէր ուզի խոսել»:

Մեր հարցին` արդյոք ՍԴ-ի վճիռը նաև նրա հեղինակության հարցը չէ՞, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք` դուք, ես, մեր նման մարդիկ, միշտ հարցը բարոյական դաշտ ենք տանում, որը նորմալ ու բնական է: Բայց երբ իշխանության հետ գործ ունենք, կարծում ենք այդ հանգամանքները ամենակարևորը չեն: Ուրիշ հանգամանքներ ավելի կարևոր են դառնում: Դա է պատճառը, որ մինչև այսօր իրավական պետություն չունենք»:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ սա մեր ազգի ամենակարևոր հարցը չէ ու նշում, թե շատ կարևոր հարցեր արհեստականորեն մթագնում են այս ֆոնին:

Մեր հարցին` հնարավո՞ր է ՍԴ անդամների քննադատական հարցերը վկայեն այն մասին, որ ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական կճանաչի, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Հիշում եք, որ երբևէ ՍԴ-ն իշխանությունների քմահաճույքին չհամապատասխանող որևէ որոշում ընդունած լինի: Կիսատ-պռատ մի ակնարկ էր արվել, որ նախագահի լեգիտիմությունը ճշտելու համար կարելի է հանրաքվե անել: Մնացած բոլոր պարագաներում հավատարիմ է մնացել ՀՀ-ում և բռնապետություններում տիրող կարգին»:

Պարույր Հայրիկյանը ՍԴ որոշումից որևէ ակնկալիք չունի: Նա նշեց. « Չնայած իմ անձնական լավ հարաբերություններին ՍԴ անդամների գոնե կեսի հետ` ՍԴ-ից ակնկալիք չունեմ այն պահից, երբ ՍԴ-ն ՌԴ-ի հետ գազի համաձայնագրերը վավերացրեց: ՍԴ-ն, ընդհանրապես օրենսդիրները պիտի կարդային Սահմանադրության երրորդ հոդվածը: Այդ դրույթն ունենալուց հետո ինչպե՞ս կարող ես ասել, որ քաղաքացուն վերաբերող հարցը պետք է լուծվի պարտադիր ճանապարհով»:

Մեր դիտարկմանը, թե ՍԴ հեղինակության հարցը չէ՞ նաև, թե ինչ վճիռ կկայացնի, պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Իրենց արդյոք հեղինակությունը հետաքրքրո՞ւմ է, թե՞ իրենց հետաքրքրում է`որպես ՍԴ գործելը և այդ դիրքերի վրա մնալը»:

Դառնալով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին` Պարույր Հայրիկյանն ասաց. «Գագիկ Հարությունյանն էլ բազմիցս շեշտել է իրավունքի իշխանության մասին, ու հիմա փաստ է, չէ, որ պիտի առաջնորդվենք քաղաքացու հիմնական ազատություններով և իրավունքներով, որոնք պարտադիրը բացառում են»:

Ըստ Պարույր Հայրիկյանի` «կողմերը զբաղված էին իրազեկմամբ, ոչ թե քննվում էր օրենքի սահմանադրականության հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930