Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստատեսությամբ շատ ինտելեկտուալ հումոր տալուց հետո պետք է սպասել այսպիսի արձագանքի՝ ո՞վ են սրանք». Վահագն Գրիգորյան

Ապրիլ 01,2014 17:08

«Մարդուն, որին բարևում եմ և երկու բառ հետո զգում, որ հումոր չունի, վերջ, չեմ կարողանում նրա հետ շփվել: Հումորն ամեն ինչ է, իսկ հումորով մարդն ինտելեկտուալ, կայացած, իր սեփական ես-ն ունեցող մարդն է»,- կարևորելով հումորի դերը յուրաքանչյուրիս կյանքում՝ այսօր «Անալիտիկ» ակումբում այսպիսի տեսակետ արտահայտեց «32 ատամ» ակումբի անդամ Վահագն Գրիգորյանը:

Թեև նա ցավով է նկատում, որ Հայաստանում չկա ինտելեկտուալ հումոր, բայց գտնում է, որ դա էլ է հասկանալի. «Հեռուստատեսությամբ հանդես գալիս պետք է հաշվի առնես, որ քո լսարանը միայն ինտելեկտուալ մասսան չէ, տարբեր մակարդակի և զբաղմունքի տեր մարդիկ են, ու դու պիտի կարողանաս բոլորին հասու հումոր մատուցել՝ մի քիչ ինտելեկտուալ, մի քիչ կենցաղային, մի քիչ քաղաքային, մի քիչ թեթև, ժամանցային՝ «խնդցնելու» համար: Այլ բան է, երբ դու հստակ գիտես, թե դիմացդ ով է նստած: Հեռուստատեսությամբ շատ ինտելեկտուալ հումոր տալուց հետո պետք է սպասել մոտավորապես այսպիսի արձագանքի՝ ո՞վ են սրանք: Հեռուստատեսությամբ պիտի տաս թեթև, գունավոր, սիրուն մի բան, որի մեջ մի քանի բան էլ հեռուստադիտողի «դարդից» կլինի, որ ժպտա մարդը, գնա քնի»,- ասում է Վ. Գրիգորյանը:

Հարցին՝ մի՞թե դա չէ պատճառը, որ, իբր թե, «հասարակ» լսարանին հասու դառնալու մտահոգությամբ, հեռուստաեթերի մակարդակը գնալով այնպես է իջել, որ այսօր «գիտակից» մարդկանց մեծամասնությունը հեռուստացույց չի նայում, Վ. Գրիգորյանը պատասխանեց. «Համաձայն եմ, որ այսօր ամեն ինչ թողել ու «հասարակ լսարանի վրա ենք աշխատում», այսօր նրանք են թելադրում՝ ինչ են ուզում: Դա մեծ խնդիր է: Այսպիսի մի բան էլ ասեմ: Պարտադիր չէ, որ մարդն ամեն շաբաթ իրիկուն նստի հումոր նայի, լսի: Հումորը պետք է լինի ամիսը երկու անգամ, մեկ ժամ տևողությամբ և լավ պատրաստված ծրագիր: Բայց, ցավոք, այն հիմա հավասարվել է գովազդի մակարդակին, պիտի ամեն շաբաթ անես, որպեսզի վճարվես: Հեռուստատեսությանը, մեծ հաշվով, հետաքրքրում է գումար վաստակելը, «խնդցնելու», սկանդալային ինչ-որ բաների շնորհիվ ռեյտինգ հավաքելը»:

Իսկ ինչո՞ւ է Վ. Գրիգորյանը քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու տեսակետից անհամեմատ ավելի պասիվ, քան մյուս երգիծաբան-հումորիստները:

«Ես արտահայտվելու տեղ ունեմ, պարտադիր չէ, որ գնամ փողոց: Ես կարող եմ այս կամ այն հարցի շուրջ իմ կարծիքը հայտնել թատրոնի բեմից կամ հեռուստաեթերից և այդպես պայքարել,- ասում է հումորիստը,- պարտադիր չէ, որ դուրս գամ փողոց, թե՝ տեսեք, ես էլ եմ մասնակցում: Ես խուսափում եմ այդպիսի ցուցադրական բաներից: Բայց շատ ուրախ եմ, որ նմանատիպ ոչ մի երևույթ սուսուփուս չի անցնում: Անտարբերությունը կամաց-կամաց նահանջում է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930