Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյան. ՄԻՊ-ը սպորտի նախարարության ահռելի աշխատանքների մասին չի խոսում

Ապրիլ 01,2014 16:53

Երեկ հրապարակված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցում նշված էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեության թերություններն ու խնդիրները, ինչպես նաեւ դրական զարգացումները:

Aravot.am-ը փոխնախարար Խաչիկ Ասրյանին խնդրեց մեկնաբանել այդ զեկույցը: «Բնականաբար ծանոթ եմ նախարարության կատարած գործունեության թերությունների, խնդիրների, ինչպես նաեւ արձանագրված դրական զարգացումների մասին Հայաստանի օմբուդսմենի գնահատականին: Ուզում եմ ասել, որ արձանագրված դրական զարգացումները բավականին թույլ են ներկայացված: Եթե կոնկրետ ՀՀ-ում մասսայական սպորտի տարածման եւ առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացներում որպես դրական զարգացում նշվել է Հայաստանում եւ Արցախում անցկացվող հանրապետական մարզական փառատոնի մասին, պետք է նաեւ հստակ նշվեր ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք մրցույթը», որը շատ դինամիկ աճ է արձանագրել վերջին հինգ-վեց տարիներին, ինչպես նաեւ «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի ռազմամարզական խաղեր» մրցույթը, որտեղ նույնպես առաջընթացն ակնհայտ է:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ օմբուդսմենի աշխատակազմի արձանագրած «Դրական զարգացումներ» բաժնում ներկայացված «ՀՀ մարզերում կառուցվել եւ շահագործման են հանձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես` ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ` փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում` 25-ը Երեւանում» պարբերությունը ուղղակի եւ անուղղակի կապ չունի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: Խաղահրապարակները տեղադրվել են ՏԻՄ-երի, տվյալ դեպքում` Երեւանի եւ մյուս 48 քաղաքապետարանների կողմից: Իսկ ինչ վերաբերում է 25 փոքր ֆուտբոլային դաշտերին, դրանք տեղադրել է բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որն այդ ծրագիրն իրականացնում է երկար տարիներ` ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցելով: Նախարարությունը խաղահրապարակներ եւ ֆուտբոլի դաշտեր կառուցելու բյուջե չունի: Նախարարությունն իրականացնում է ընդհանուր քաղաքականությունը, մասսայական սպորտին, առողջ ապրելակերպին վերաբերող պետական բյուջեով նախատեսված մեկ տասնյակից ավելի խոշոր միջոցառումներ, որոնցից ընդամենը մեկի մասին է նշված:

Այնպես որ, շատ լավ կլիներ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսեր նախարարության կողմից կոնկրետ մասսայական սպորտի ուղղությամբ իրականացված ահռելի աշխատանքների մասին, այլ ոչ թե այլ կազմակերպությունների գործերը վերագրեր մեզ: Դա անձամբ ինձ համար ընդունելի չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930