Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկյանի եւ նրա խմբի» գործով ամբաստանյալը գտնվում է «փաստացի պատիժ կրողի» կարգավիճակում

Ապրիլ 01,2014 16:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը 40 րոպե խորհրդակցական սենյակում մնալուց հետո Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների քրեական գործով որոշեց մերժել ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

Անդրադառնալով գործը շարունակելու հարցադրմանը, դատավորը պարզաբանեց, որ դատաքննությունը ընդհատված մասից սկսելով, չի բացառվում ապացույցները վերստին հետազոտելու հնարավորությունը:

Դատարան ներկայացած հանրային պաշտպան Աննա Ջուվանովան հանդես եկավ իր պաշտպանյալներ Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Նա ասաց, որ իր պաշտպանյալները 1 տարի 7 ամիս գտնվում են կալանքի տակ, որ նրանց կալանքը երկարաձգվել է 7 անգամ, որ այս գործով 190 վկաներից 118-ի ցուցմունքներում որեւէ խոսք չկա իր երկու պաշտպանյալների մասին: Ըստ հանրային պաշտպանի՝ նրանց մեղսագրվել է արարք 2007-08թթ. «ենթադրյալ հանցագործության» համար եւ հաշվի չի առնվել այն, որ ամբաստանյալները նյութական օգուտ չեն ստացել, ավելին՝ 7 մլն 500 հազար դրամ գումար են վճարել դատախազության դեպոզիտային հաշվին: Նա ասաց, որ բոլոր ողջամիտ հիմքերը կան ազատելու իր պաշտպանյալներին, որոնք գտնվում են փաստացի պատիժ կրողի կարգավիճակում:

Անդրադառնալով նախորդ դատավորներին՝ Մխիթար Պապոյանին եւ Մեսրոպ Մակյանին, պաշտպանը մտավախություն հայտնեց, թե որեւէ երաշխիք չկա, թե դատավոր Արշակ Վարդանյանը չի փոխվի եւ հանկարծ չի պարզվի, որ նա էլ սովորել է ԵՊՀ իրավաբանականում՝ նույն Վազգեն Խաչիկյանի կուրսում:

Ի դեպ, պաշտպաններից գրեթե բոլորը այս միջնորդությանը կողմ էին, իսկ պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ այդ երկուսի գործը եզակի է, առանձնահատուկ է նրանց կալանավորումը եւ անխղճություն է կատարվել այդ երկուսին կալանել չգրված օրենքով, նպատակահարմարությունից ելնելով: Մեղադրանքը պաշտպանող Կարեն Հովհաննիսյանը դեմ էր այդ միջնորդությանը, գտնում էր, որ այն անհիմն է, ենթակա է մերժման, քանի որ մեղսագրված արարքը՝ հափշտակությունը կայուն կազմակերպված խմբով, միայն ազատազրկում է ենթադրում:

Այստեղ տեղի տվեցին ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի նյարդերը եւ նա ասաց, որ դատախազը կփոխեր խափանման միջոցը նույն հիմքով այն ամբաստանյալների նկատմամբ, որոնց նկատմամբ խափանման միջոց էր ընտրել ստորագրությունը եւ կկալաներ, եթե նրանք միջնորդեն:

Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ իր պաշտպանյալին ստացիոնար դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին դատարանում ստացված փաստաթղթերը հրապարակելու միջնորդությամբ:

Դատարանը որոշեց ներկայացած երկու վկաներին լսելուց հետո մտնել խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների միջնորդությունների հետ կապված որոշումներ կայացնելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930