Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին

Ապրիլ 01,2014 16:18

Ապրիլի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված “Պաշտպանելու պատասխանատվությունը” խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ։

Համաժողովին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան պատվիրակություններ, ականավոր գիտնականներ։

Համաժողովին ելույթ ունեցած շուրջ 120 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչները կարևորեցին ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. “Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն՝ չորս շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ` «Այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Այո՛, գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ տարի կլրանա այս ողբերգության 100-րդ տարելիցը: Որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` մենք մեծ բարոյական պատասխանատվություն ենք զգում մեր ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները:”
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց. “1948թ. Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ընդունումից հետո անցած 60 տարիներին Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ողբերգությունները ցույց տվեցին, որ բարի կամքը բավարար չէ մարդկության դեմ հանցագործությունների նոր դեպքերը բացառելու համար:

Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միահամուռ և համարժեք միջազգային արձագանքի բացակայությունն է: Ցեղասպանությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը պետք է կիսվի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական հանձնառություններ՝ թույլ չտալու ցեղասպանությունների իրականացումն աշխարհի ցանկացած մասում` առանց ստորադասելու այս համամարդկային խնդիրը որևիցե աշխարհաքաղաքական հաշվարկներին:

Հասունացող ցեղասպան մթնոլորտի կանխումը ցեղասպանության կանխարգելման կարևոր հարթություն է: Անհրաժեշտ է չանտեսել և արմատախիլ անել այնպիսի ցեղասպան դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական հողի վրա քարոզվող ատելությունը և թշնամանքը: Իհարկե, լիակատար կանխատեսումը ոչ միշտ է հնարավոր թվում, բայց հնարավոր է բացահայտել ցեղասպանության դրսևորումներին տանող վտանգավոր իրավիճակները և գոտիները: Միջազգային հանրությունը պետք է գնահատի ցեղասպան մթնոլորտի արմատները և պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը և կանխի դրանք, քանի դեռ ուշ չէ: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա:”

“Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է”, – շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930