Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան զեկույցը, որը մի շարք ոլորտների, գերատեսչությունների կատարած խախտումներին եւ նաեւ դրական զարգացումներին է վերաբերում, գյուղատնտեսության ոլորտում առանձնացրել էր մի քանի առանցքային խնդիրներ: Օրինակ` բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել. արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:
Aravot.am-ը գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից փորձեց պարզաբանում ստանալ, սակայն մեզ վստահեցրին, որ ՄԻՊ-ի զեկույցն ուսումնասիրում են եւ 1-2 օրից հայտարարություն կտարածեն:
Մեր այն պնդմանը, որ նախարարությունը գուցե արձագանքի գոնե առանցքային խնդիրների վերաբերյալ մեղադրանքներին, լրատվականից հրաժարվեցին պատասխանել, նորից կրկնելով, որ զեկույցն են ուսումնասիրում:
Գյուղնախարարությունը թերեւս պետք է, որ առանց ՄԻՊ-ի զեկույցի էլ պատասխան ունենար, թե ինչո՞ւ, ինչպես ՄԻՊ-ն է նշել, դեռեւս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլոկացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկուտի հետեւանքներից, կամ ասենք` գյուղատնտեսությամբ զբաղվողների բարձր տոկոսադրույքներով վարկերը, կամ ինչո՞ւ մինչեւ հիմա չի լուծվում գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը: Այս խնդիրները բազմիցս եւ պարբերաբար գոնե լրատվամիջոցներով բարձրացվել են, եւ գյուղնախարարությունը արդեն վաղուց պիտի պատրաստի պատասխաններ ունենար:
Կարդացեք նաև
ՄԻՊ-ը բավականին ուշագրավ խախտումներ է արձանագրել նաեւ Պետեկամուտների կոմիտեի վերաբերյալ: ՊԵԿ-ից եւս պատրաստի պատասխան չունեին, մեր այն պնդմանը, որ ոլորտի պատասխանատուներից մեկը գոնե արձագանքի ՄԻՊ-ի մեղադրանքներին, ՊԵԿ-ի լրատվականից, ինչպես միշտ, ասացին` գրավոր ուղարկեք, կաշխատենք առաջիկայում պատասխանել:
Մինչդեռ նկատենք, որ առավոտից արդեն ՄԻՊ-ի մեղադրանքները գրեթե բոլոր լրատվամիջոցներով «պտտվում» են, եւ ՊԵԿ-ը, եթե իհարկե ասելու բան ուներ, պետք է որ պատասխանները վաղուց ունենար, գոնե:
Ասենք, ՄԻՊ-ն իր զեկույցում նշել է` Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միեւնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ: Ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր, քանի որ եղած գործերի 89%-ը քննել է մակերեսորեն: Արդյունքում ստվերային տնտեսության ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե չի փոփոխվել՝ կազմելով շուրջ 35 – 40%: ՊԵԿ-ը գործարարների նկատմամբ կայացրել է չափազանց մեծ քանակի՝ 5712 հարկային արգելանքի որոշումներ՝ առանց սպառելու սահմանափակման այլ միջոցները, ինչպես օրինակ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր: «Շրջանառության հարկի մասին» օրենքում կիրառվող «անձ» հասկացության ոչ հստակ մեկնաբանության արդյունքում գործարարները ստիպված են եղել վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները եւ թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: Նշվածի հետեւանքով գործարարները կրել են լուրջ ֆինանսական վնասներ, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ