Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴ նիստի զուգահեռ. «Սերժ Սարգսյանն էլ էր Տիգրան Սարգսյանին կոշտ հարցադրումներ անում, հետո՞ ինչ»

Ապրիլ 01,2014 15:14

ՍԴ-ն վերջին օրերին քննում էր  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցը: Դատաքննությունը երեկ ավարտվեց

ՍԴ-ի` երկար սպասված վճիռը կհրապարակվի կամ այսօր, կամ առաջիկա օրերին` հաշվի առնելով ուսումնասիրության նյութերի մեծ ծավալը:

Aravot.am-ը որոշ տնտեսագետների հետ զրույցում փորձեց պարզել` արդյոք դատավարության ընթացքում կողմերի ներկայացրած փաստարկները հիմնավո՞ր էին և դատաքննության հնարավոր ի՞նչ ելքեր են ուրվագծվում:

Tatul-Manaseryan-1

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքով` կողմերը հարցը չեն քաղաքականացրել: Նա նշեց. «Մինչ այս պահը գործընթացը բավականին կոռեկտ ու հիմնավոր էր ընթանում: Փաստարկները, որ բերվում էին այս կամ այն կողմից, բավականին լուրջ էին»:

Հետաքրքրվեցինք` ՍԴ անդամների քննադատական հարցադրումներից կարելի՞ է ենթադրել, որ օրենքը հակասահմանադրական կճանաչվի: Տնտեսագետը պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում, բայց միևնույն ժամանակ մտածում եմ, որ հարցը այնքան է հասունացել, որ դրան չի կարող տրվել ստանդարտ մոտեցում կամ տարընթերցում առաջացնող մոտեցում: Այստեղ հստակեցում պիտի լինի, քանի որ լուրջ ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր է և՛ առանձին քաղաքացիների, և՛ երկրի զարգացման համար: Բավականին պատասխանատու պահ է, միգուցե նաև աննախադեպ, չեմ կարծում, որ ՍԴ-ն հեռանկարի առումով նման առիթներ ունեցել է»:

Մեր դիտարկմանը, թե սա նաև ՍԴ-ի հեղինակությունը փրկելու հա՞րց է, պարոն Մանասերյանն արձագանքեց. «Ես կասեի, ոչ թե փրկելու, այլ կամ հաստատելու, կամ վերահաստատելու, որ իսկապես ՍԴ-ն վերին ատյան է, նաև անկողմնակալությամբ և պրոֆեսիոնալիզմով»:

Մեր դիտարկմանը, թե այդ հաստատումը կարո՞ղ է լինել այն, որ պարտադիրի մասով ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական ճանաչի: Տնտեսագետը նշեց. «ՍԴ անդամները չկրկնվող ու լուրջ հարցադրումներ արեցին` տնտղելու այն հնարավոր տարբերակները, որոնք կարող են լինել փոխընդունելի և փոխընկալելի: Անհրաժեշտության դեպքում և՛ օրենքը, և՛ Սահմանադրությունը կարելի է փոխել, եթե այն չի համապատասխանում ազգային և պետական շահերին: Դժվար է, բայց ՍԴ-ն պիտի կարողանա ճիշտ և հեռանկարային որոշում կայացնել: ՍԴ-ի նախագահն ինքն իր կրթությամբ տնտեսագետ է և շատ լավ տիրապետում է ոչ միայն իրավական, այլ տնտեսական հիմքերին»:

Andranik-Tevanyan

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի կարծիքով` ՀՀ-ում արդարադատության համակարգն, այսպես ասած, հեռախոսային բնույթ ունի: Նա մանրամասնեց. «Այսինքն` կառավարվում է մեկ կենտրոնից, ուստի կդժվարանամ ասել, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն: Ամեն դեպքում դա կլինի քաղաքական որոշում: Այսինքն, եթե իշխանությունը որոշի, որ պետք է հակասահմանադրական ճանաչել, կճանաչեն հակասահմանադրական: ՍԴ-ն չի կարող ավելի անկախ և կայացած լինել, քան ՀՀ դատական համակարգը: Նույն համակարգի մաս են կազմում: Բայց կարելի է հույս ունենալ, որ կառաջնորդվեն Սահմանադրությամբ և օրենքներով»:

Անդրանիկ Թևանյանը կարծում է, որ «հակափաստարկի ու փաստարկի վրա հիմնված չի լինելու ՍԴ որոշումը»: Մեր դիտարկմանը, թե ՍԴ անդամների կոշտ հարցադրումներն արդյոք չե՞ն հուսադրում, որ հնարավոր է օրենքը հակասահմանադրական ճանաչվի, պարոն Թևանյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ինքն էլ էր ասում, որ կան ատկատներ: Սա ընդամենը փիառ քայլ է»:

Ըստ Թևանյանի` «իշխանությունները փողի հարցում կրախի առաջ են կանգնել, իրենց վարած քաղաքականությամբ Սերժ և Տիգրան Սարգսյանները բանկրոտի առաջ են կանգնած, պետությունն էլ հետը: Ուստի կամ պետք է դրսից վարկ մուրալ, կամ քաղաքացուց լրացուցիչ փողեր հավաքել, ուստի մնացել է աշխատող զանգվածի գրպանը մտնելը»:

Պարոն Թևանյանը նկատում է, թե «դատական պրակտիկան ցույց է տվել, որ կարևոր հարցերում ՍԴ-ն միշտ վերևից թելադրվող որոշումներով է առաջնորդվել: Դրա համար էլ ես հիմա չեմ կարող ասել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի»:

Հետաքրքրվեցինք` իսկ ՍԴ անդամների կոշտ հարցադրումնե՞րը: Պարոն Թևանյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանն էլ էր կոշտ հարցադրումներ անում Տիգրան Սարգսյանին թալանի վերաբերյալ, հետո՞ ինչ: Բայց հիմա նրան ատամներով պահում է: Կոշտ հարցադրումներին մենք արդեն սովորել ենք: Իշխանությունը դեմագոգիա է խաղում: Ասում է, որ խնդիրներ կան, համ էլ ընդդիմության հացն է խլում: Երբեմն իշխանական ներկայացուցչների ելույթները նայելիս ինձ մոտ տպավորություն է, թե հաջորդ նախադասությունը գոռալու են Սերժիկ, հեռացիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Թևանյանի ասածը հիմնովին հերյուրանք է: Տիգրան Սարգսյանին ատամներով պահում է որ թե Սերժը, այլ միջազգային վալյուտային ֆոնդը- ասել է ամերիկացիք:
    ու վստահ եմ, որ դա ինքն էլ լավ գիտի: ինչն՞ է իր իմաստը հակաազգային-հակապետական պահվածքի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930