Երկուշաբթի օրը Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների 14 թեկնածուի է գրանցել, այդ թվում և հիմնական ֆավորիտներին` գործարար միլիարդատեր, «Ռոշեն» շոկոլադի արտադրության սեփականատեր Պյոտր Պորոշենկոյին և ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, վերջերս բանտարկությունից ազատ արձակված Յուլիա Տիմոշենկոյին:
Չորս սոցիոլոգիական կազմակերպությունների համատեղ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուկրաինացի ընտրողների մեկ քառորդը նախագահ է տեսնում հենց Պորոշենկոյին, 9 տոկոսը ձայն կտար ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին, 8 տոկոսը՝ Տիմոշենկոյին:
Ավելի վաղ, սակայն, մարտի 29-ին Կլիչկոն ՈւԴԱՌ-ի նիստի ընթացքում հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը հօգուտ Պորոշենկոյի: «Ուկրաինայի շահերից ելնելով, նրա միասնականությունը պահպանելու նպատակով ես կոչ եմ անում որպես ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածու` աջակցել Պյոտր Պորոշենկոյին», – հայտարարեց Կլիչկոն:
Փոխարենը, Կլիչկոն հայտարարել է, թե ցանկանում է պայքարել Կիևի քաղաքապետի պաշտոնի համար:
Կարդացեք նաև
Երեկ գերմանական «Բիլտ» պարբերականում իր հոդվածում նախկին բռնցքամարտիկը կոչ է արել նաև Յուլիա Տիմեշնեկոյին հանել իր թեկնածությունը հօգուտ Պորոշենկոյի:
Տաթեւիկ Լազարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում