Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որոշ ծեր քեսաբահայեր իրենց կամքով դուրս չեն եկել տներից

Ապրիլ 01,2014 14:56

«Մարտի 21-ի առավոտյան քեսաբահայությունն արթնացավ զենքերի ձայներից, որոնք տեղում էին ահավոր ձեւով Քեսաբի վրա: Առաջին անգամ էր, որ Սիրիայի տարածքում նման հզոր զինամթերք էր օգտագործվում: Քեսաբի ինքնապաշտպանության զորքերը լուր ուղարկեցին, որ բնակիչները դուրս գան տներից եւ գնան ապաստանեն վերեւի գյուղերում»,- այսօր «Վարկած» ակումբում պատմեց քեսաբահայ Սերժ Քալուկյանը: Նա արդեն չորս տարի է՝ Հայաստանում է բնակվում, բայց ամռանը միշտ Քեսաբ էր վերադառնում՝ ծնողների ու ազգականների հետ անցկացնելու արձակուրդները:

Վերջին օրերին Քեսաբից տեղահանվել են նաեւ նրա ծնողներն ու ազգականները, ոմանք Լիբանան են հասել, ոմանք էլ ապաստան են գտել Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցում. «Մարտերը մինչեւ այսօր շարունակվում են: Քեսաբի տարածաշրջանը կորցրինք, բայց մեր վերջին տվյալներով, բանակը ուժեղ հարվածներ է հասցրել զինյալ խմբավորումներին: Մոտ 600  ընտանիք է տեղահանվել, ով մեքենա ուներ իր մեքենայով փախավ, ով չուներ հարեւանի մեքենան նստեց, համայնքի ղեկավարներն էլ են օգնել: Երեկվա լուրերով, երեք ծեր պապիկ էլ են Քեսաբից դուրս բերվել: Բայց այս պահին Քեսաբի մեջ մոտ 30-40  հոգի է գտնվում, նրանցից լուր չկա՝ կենդանի՞ են, թե՞ոչ»:

Անդրադառնալով համացանցում վերջին օրերին տարածված լուսանկարներին եւ տեսանյութերին, որոնք վկայում են քրիստոնյաների նկատմամբ բռնության դեպքերի մասին, Սերժ Քալուկյանը վստահեցրեց, որ դրանք քեսաբահայերի հետ որեւէ կապ չունեն.«Վերջին լուսանկարները ու տեսանյութերը Քեսաբում չեն եղել, այդ գլխատումները հնարավոր է  Սիրիայի տարածքում են եղել, բայց ոչ Քեսաբում: Մենք նման ջարդի ականատես չդարձանք: Քեսաբում երեխաներ չեն մնացել, երիտասարդները իրենց ծնողներով են դուրս եկել: Մի քանի ծերեր չեն ցանկացել դուրս գալ Քեսաբից, իրենք իրենց կամքով մնացել են»:

Նրա խոսքով, քեսաբայահությունը մարմնական վնասներ չի  կրել,  վիրավորների թիվը չի անցնում 1-2-ը.«Հուսով ենք, որ Քեսաբը կկարողանանք վերադարձնել ու գնալ այնտեղ ապրել: Առաջին անգամ չէ, որ հայերին Քեսաբից տեղահանում են, սա երրորդ անգամն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930