Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կառուցի՝ հաշվի առնելով, որ Էրդողանը ունի ամուր դիրք»

Ապրիլ 01,2014 14:53

«ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում մեծ կարեւորություն էին ներկայացնում,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների եւ թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին ,- պատճառն այն էր, որ սա մեծ թեստ էր ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Հետաքրքրական էր տեսնել, թե ինչ արդյունքներ է ունենալու 2003-ից վարչապետի աթոռը զբաղեցնող Էրդողանը, ում հեղինակությանը վերջին շրջանում լուրջ հարվածներ էին հասցվել ինչպես Գեզիի դեպքերով, այնպես էլ կոռուպցիոն սկանդալով, գաղտնալսումներով, որոնք պայմանավորված էին Էրդողանի երբեմնի դաշնակից, իսլամական քարոզիչ, հզոր կրոնական շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենի հետ առճակատումով»:

Ըստ թուրքագետի՝ ի հակառակ այս ամենի, Էրդողանը բավական վստահ հաղթանակ տարավ: «Սպասելի էր նաեւ , որ որոշ առումով այդ լուրջ հարվածները կարող էին ազդեցություն ունենալ, սակայն, ինչպես տեսանք, հարվածների ազդեցությունը ոչ միայն մահացու չէր Էրդողանի քաղաքական կարիերայի եւ ընդհանրապես ԱԶԿ-ի իշխանության համար, այլ շոշափելի արդյունքներ ընտրությունների վրա չգրանցեցին»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Նա ներկայացրեց Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների ոչ պաշտոնական նախնական տվյալները: Ըստ դրանց՝ընտրություններին մասնակցել է ընտրողների 88.7 տոկոսը կամ 46,7 մլն մարդ։ Ընտրողների 45.4 տոկոսն իր ձայնը տվել է իշխող չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 27.8 տոկոսը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, 15.2 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, 6.4 տոկոսը՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը։

Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում հաղթել են ԱԶԿ-ականները, իսկ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իզմիրում՝ ԺՀԿ-ականները։ ԱԶԿ-ն ընտրություններով վերահաստատեց, որ իր դիրքերը Ստամբուլում շարունակում է պահել (48 տոկոս), թեև ԺՀԿ-ի գրանցած 40 տոկոսը վատ արդյունք չէ։ Անկարայի համար պայքարն անհամեմատ ավելի թեժ է եղել. ԱԶԿ-ն կարողացել է հավաքել 44.8 տոկոս, որը փոքր-ինչ ավել էր ԺՀԿ-ի գրանցած արդյունքից՝ 43.7 տոկոս։ Իզմիրում ձայների ուղիղ կեսը բաժին է հասել ԺՀԿ-ին, իսկ ԱԶԿ-ն բավարարվել է 35.5 տոկոսով։

Հայաստանին սահմանակից ներկայիս Թուրքիայի նահանգներում՝ Իգդիրում, Կարսում և Արդահանում պայքարը բավական թեժ է եղել, ինչն էլ վկայում են ստացված արդյունքները։ Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ հաղթողին որոշելու համար ոչ վերջին տեղում է եղել էթնիկ գործոնը։

Իգդիրում ընտրողների 43.9 տոկոսն իր ձայնը տվել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի ընտրողների թվում են հիմնականում տեղի ադրբեջանցիներն ու թուրքերը, միայն 1.3 տոկոսով է քիչ ձայն հավաքել քրդական ուժից, իսկ ահա իշխող կուսակցությունը հավաքել է ձայների միայն 10.9 տոկոսը։

«Կարսում ձայների բաշխումն էլ ավելի հավասարաչափ է ստացվել։ Այստեղ «Ազգայնական շարժումը» տեղում բնակվող ադրբեջանցիների աջակցությամբ հավաքել է ձայների 28.3 տոկոսը, որը բավարար է եղել առաջ անցնելու «Ժողովրդահանրապետական» ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններից, ովքեր համապատասխանաբար հավաքել են 25.1 և 25 տոկոս ձայներ։ Քրդական ԽԺԿ-ն ստացել է ձայների 19.4 տոկոսը»,- հայտարարեց թուրքագետը:

Արդահանում հաղթել է ԱԶԿ-ն, ով հավաքել է 34.3 տոկոսը և ընդամենը 0.6 տոկոս առավելություն ստացել ԺՀԿ-ի նկատմամբ։ Քրդական կուսակցությունն այստեղ հավաքել է 10.8 տոկոս, իսկ «Ազգայնական շարժումը»՝ աննշան ձայներ։

Խոսելով ՏԻՄ ընտրություններում հայերի ընդգրկվածության մասին՝ պարոն Պետրոսյանը նշեց, որ բոլոր կուսակցություններն էլ ընդգրկել էին հայերի՝ հաշվի առնելով նրանց ազդեցությունը հայաբնակ վայրերում, ընտրությունների արդյունքում հիմնականում ընդգրկվել են ավագանու խորհրդի մեջ, բայց քաղաքապետ ազգությամբ հայ, այսօրվա տվյալներով չկա:

«Այս ամենից պետք է հասկանալ, որ Էրդողանը եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շարունակելու է մնալ իշխանության ղեկին: Հետեւաբար, Հայաստանը պետք է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կառուցի՝ հաշվի առնելով, որ էրդողանը ունի ամուր դիրք, Էրդողանը եւ նրա գլխավորած կուսակցությունը շարունակելու են իշխել:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930