Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ էթիկայի հանձնաժողովը մոտենում է Մանվել Բադեյանի հարցի հանգուցալուծմանը

Ապրիլ 01,2014 13:59

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի դռնփակ նիստ: «Օրակարգում երկու հարց էր: Մեկը` Նիկոլ Փաշինյանի հարցը, որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի ղեկավար: Հարցը մենք նույնպես սահմանված կարգով` որոշակի հարցումներ ենք ներկայացրել, ամեն ինչ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան քննարկում ենք եւ տալիս լուծումներ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Երկրորդ հարցը`ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցն է եղել, որը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողների եւ եզդիների հասցեին: Մանվել Բադեյանից, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել էր`արդյոք դա ճիշտ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ ռուսերեն լեզվով «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումն է հեռարձակվում, նախ ասել էր. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում», հետո ավելացրել. «Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: ՀՀԿ-ական պատգամավորի այս արտահայտությունը առաջացրել է եզդի համայնքի ներկայացուցիչների վրդովմունքը, ովքեր եւ դիմել էին ԱԺ էթիկայի հանձնաժողով:

«Ակնկալում ենք, որպեսզի ավելի համակողմանի խնդիրը պատկերացնենք եւ լուծումը լինի ավելի համակողմանի»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ամսվա մեջ մեկ նիստ եւս կհրավիրեն, եւ ամենայն հավանականությամբ, այս հարցի հետ կապված ամբողջական լուծում կտրվի:

Էթիկայի հանձնաժողովի այս նիստին, ի դեպ, մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ եզդի համայնքից: «Սինջար եզդիների միավորում» ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին մեզ հետ զրույցում ասաց, որ սա արդեն երրորդ նիստն էր, բայց իրենց երկրորդ անգամ են հրավիրել. «Քննարկումներում մենք շարունակում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, այսինքն, այնպես ինչպես ներկայացրել ենք սկզբում: Մեր դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չենք մտցրել: Մեր մոտեցումն այսպիսին էր, որ պատգամավորի կողմից եղել է անթույլատրելի պահվածք, խոսք, որի վերաբերյալ մենք գնահատական տվել ենք, հենց նույն օրը: Սակայն այստեղ հարց է առաջանում ԱԺ մյուս խմբակցությունների մասով, քանի որ միայն գնահատական է տվել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ հետաքրքիր է, թե ինչ կասեն այս հարցի վերաբերյալ մյուս խմբակցությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930