Մի խումբ կալանավորներ դիմել են գլխավոր դատախազին
«Առավոտ» թերթի միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին են դիմել արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 21 կալանավորներ՝ Աշոտ Աբրահամյանը, Վարդան Հովհաննիսյանը, Ռոբերտ Առաքելյանը, Վարդան Հակոբյանը, Ռուբեն Ամատունին, Ռոբերտ Երիցյանը, Արամ Գասոյանը, Արթուր Խաչատրյանը, Գուրգեն Սարոյանը եւ այլն: Նրանք անդրադարձել են վաղաժամկետ պայմանական ազատման խնդրին, հայտնելով, որ խախտվում է ՀՀ սահմանադրությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 48, 76, 77 եւ քրեակատարողական օրենսգրքի 114, 115 հոդվածների պահանջները, անտեսվում է արդարադատության նախարարի թիվ 44 հրամանը, ինչի պատճառով իրենք եւ իրենց ընտանիքները հայտնվել են ծանր հոգեբանական ճնշման տակ, ինչը համարժեք է բարոյահոգեբանական խոշտանգման: «Մենք կրել ենք ՀՀ քրեական օրենսգրքով՝ 76-րդ հոդվածով նախատեսված պատժի նվազագույն մասը, որից հետո ենթակա ենք վաղաժամ ազատման կամ բաց տիպի հիմնարկ տեղափոխվելու: Մենք չունենք տույժեր, մասնակցում ենք հանրօգուտ միջոցառումների, շատերս արժանացել ենք խրախուսանքների, վճարովի կամ անվճար հիմունքներով աշխատում ենք այստեղ, սակայն, միեւնույն է, մեզ վաղաժամ չեն ազատում»,- գրում են դատապարտյալները: Աշոտ Աբրահամյանը, որը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, չունի տույժ, մերժվել է մեկ անգամ: «Առավոտին» դիմած Վարդան Հակոբյանին, որն արժանացել է 2 խրախուսանքի, չունի տույժ, անկախ հանձնաժողովը մերժել է 6 անգամ: Գուգեն Սարոյանին, որը նույնպես չունի տույժ, ունի խրախուսանք՝ մերժել են 11 անգամ: Ռեկորդային մերժումներ ունեն նաեւ 7 անգամ մերժված Արամ Գասոյանը, 6 անգամ՝ Հարություն Նենեջյանը, 10 անգամ՝ Արտաշես Քոչարյանը, 3 անգամ՝ Ռուբեն Ամատունին, 4 անգամ՝ Գեորգի Դանիելյանը եւ Խաչատուր Քիշմիրյանը: Ուշագրավ է, որ 21 կալանավորներ չունեն քաղհայց, ունեն խրախուսանքներ, սակայն մերժվել են մի քանի անգամ: «Մենք նկատել ենք, որ բոլոր մերժվողներս դատապարտված ենք նույն հոդվածներով եւ չենք կարողանում հիշել գոնե մի օրինակ, որ այդ հոդվածով դատապարտված անձը մոտակա 4 տարում վաղաժամկետ ազատված լինի: ՀՀ քրօրի 104, 112, 113, 175, 176, 278, 258, 266, 268 եւ այլն. այս հոդվածներով դատապարտված անձինք կրում են իրենց պատիժը մինչեւ վերջ: Ամեն ամիս վաղաժամկետ ազատման ներկայացվող մինչեւ 120 դատապարտյալից ազատվում է 3-5 մարդ, որոնց օրացուցային ազատմանը մնում է հաշված ամիսներ՝ 1-12 ամիս եւ որոնք դատապարտված են ոչ վերոնշյալ հոդվածներով»,- գրել էին դատապարտյալները: Նրանք դատախազից պահանջում են վերջ տալ այս անօրինականություններին, հանձնարարել համապատասխան ծառայություններին՝ կատարել քննություն, վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները, ազատությունները, արդարադատության նախարարի թիվ 44 հրամանը: «Անմարդկային տանջանք է, լինելով լիարժեք դատապարտյալ, ամեն 3 ամիսը մեկ ներկայանալ վաղաժամկետ ազատման ու մերժվել անհիմն, աբսուրդ պատճառաբանությամբ»,- ասում են նրանք:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Սա ինչ-որ մարդկանց ձեռնտու է, չէ՞: Թե չէ՝ ինչո՞ւ պետք է բանտերը լցված լինեին աշխատունակ տղամարդկանցով: Միթե՞ ոչ ոք պատասխանատու չի այս անօրինականությունների համար: Իսկ մարդու իրավունքների պաշտպաններն ինչո՞ւ են լռում: Թե՞ սխալվում եմ: Իսկ գուցե եվրոդատարաննե՞ր պետք է դիմել արդարության հասնելու համար:
Ի՞նչ կարելի է անել այս մարդկանց օգնելու համար: