Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետաղի հետ աղջկա պես պետք է վարվել»

Ապրիլ 01,2014 13:20

Ռաֆայել Քոչարյանը Ֆաբերժեի շքանշանների ասպետ դարձավ ու գլխավոր վարպետ

Մեր կրասնոդարցի հայրենակից Ռաֆայել Քոչարյանը վերջերս դարձել է Կարլ Ֆաբերժեի շքանշանների ասպետ, նրան նաեւ շնորհվել է գլխավոր վարպետի կոչում: Ռաֆայել Քոչարյանը հեղինակություն է Ռուսաստանի նկարիչների ու ոսկերիչների շրջանում, սակայն Հայաստանում նրա մասին քչերը գիտեն: Նա Հայաստանի ժողովրդական վարպետ է, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ վաստակավոր ոսկերիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի գործիչների միջազգային ֆեդերացիայի եւ ՌԴ գեղարվեստական զինագործության միության անդամ: Ցավոք, Ռաֆայել Քոչարյանին ավելի շատ ճանաչում են դրսում, քան Հայաստանում:

Ինչ վերաբերում է Պյոտր Կարլ Ֆաբերժեին, նրան ներկայացնելու հարկ չկա: Ֆաբերժեն ժամանակին վայելել է Ալեքսանդր III կայսեր հովանավորությունը, նրան շնորհվել է «Նորին մեծություն կայսեր եւ կայսերական էրմիտաժի ոսկերիչ» կոչումը: Ֆաբերժեի շքանշանների ասպետ Քոչարյանը «Առավոտի» հետ սկայպ-հարցազրույցում նշեց, որ Ֆաբերժեի թոռնուհին Սանկտ Պետերբուրգում բացել է Կարլ Ֆաբերժեի արվեստի ֆոնդ, որը ամբողջ աշխարհով մեկ նկարիչներ ու ոսկերիչներ է փնտրում, որոնք ըստ իրենց չափանիշների արժանի են Ֆաբերժեի անվան շքանշանի կամ կոչման:

Ռաֆայել Քոչարյանը նաեւ ՌԴ գեղարվեստական զինագործության միության անդամ է, ասում է, հենց այդ միությունից է տեղեկացել, որ Ֆաբերժեի ներկայացուցիչը դիտելով իր աշխատանքները, անչափ հետաքրքրված է իրենով: Մեր զրուցակցի պատմելով, կոչումներ եւ շքանշաններ հեշտ չեն շնորհվում, հաշվի է առնվում ստեղծագործական փորձը: Օրինակ, ինքը 30 տարի է՝ ստեղծագործական աշխատանքով է զբաղվում: «Նրանց (Ֆաբերժեի արվեստի ֆոնդի ներկայացուցիչներին-Գ.Հ.) գրավել էր իմ աշխատանքների գեղագիտությունը: Դրա համար էլ խորհրդակցելուց հետո ինձ շքանշաններ ու գլխավոր վարպետի կոչում շնորհեցին: Մեծ դեր խաղաց նաեւ այն, որ իմ ստեղծածները հեղինակային աշխատանքներ են ու ձեռքի աշխատանքներ»,- հայտնեց վարպետը:
«Ես հպարտ եմ, որ հայ եմ, նաեւ մեծ հայրենասեր եմ, բայց նացիոնալիստ չեմ եւ չեմ էլ եղել: Այն գնահատանքին, ինչին հասել եմ Ռուսաստանում, հեշտ չի տրվել, դա անցած դժվարին ճանապարհի, անքուն գիշերների ու քրտնաջան աշխատանքի արդյունք է»,- ասում է Ռաֆայել Քոչարյանը: Նա Հայաստանից գնացել է 1997-ին, երկու տարի սովորել է նաեւ Իտալիայում: «Հայաստանում արվեստագետ ընկերներ ունեմ, որոնց հետ կապը պահում եմ սոցցանցերի ու սկայպի միջոցով: Նրանց մեջ կան նկարիչներ ու քանդակագործներ, ոսկերիչներ: Նրանցից ոմանք իրենց ոլորտի վարպետներ էին, բայց հիմա օրվա հացը հոգալու համար զբաղված են մանր-մունր գործերով, մինչդեռ արվեստով կարող էին Հայաստանը փառաբանել: Գիտեմ մարդկանց, որոնք ինձ սովորեցրել են երիտասարդ ժամանակ, հիմա վատ են ապրում»,- ցավով նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են իր պատվիրատուները: Ռաֆայել Քոչարյանը նշեց, որ արդեն 15-20 տարի է՝ պատվերներ չի ընդունում, իր պատկերացմամբ, պատվիրատուն ու վարպետը գեղեցիկի տարբեր ընկալումներ ունեն. «Պատվիրատուն մի բան է ուզում, վարպետը՝ այլ բան հասկանում: Մտածեցի, որ այլեւս ստեղծելու եմ այն, ինչ կարող եմ՝ հաշվի առնելով ոսկերչության կանոնները, ու ներկայացնելու եմ իմ գնահատողին, ոչ թե կլիենտին, գնորդին: Ինձ հաճախ ասում են` երեւի ձեր աշխատանքները շա՜տ թանկարժեք են: Ասում եմ՝ ոչ, դրանք թանկարժեք չեն, դրանք թա՜նկ են ինձ համար: Ես չեմ վաճառում իմ աշխատանքները, դրանք նվիրում եմ որոշակի գումարի դիմաց: Իմ աշխատանքները չեն կրկնվում, երկրորդ այդպիսինը չեմ ստեղծում»:

varpet6 varpet7
Խոսելով այն մասին, որ ինքը ՌԴ գեղարվեստական զինագործության միության անդամ է, մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը միակ հայն է այդ կառույցում: Այստեղ պայմանները խիստ են, պետք է ամեն տարի ներկայանաս նոր աշխատանքով ու ստեղծես գործ՝ համապատասխան կատալոգի համար: Նշում է, որ ինչ էլ ստեղծի, հայկական կոլորիտը զգացվում է:

Ռաֆայել Քոչարյանը սիրով է խոսում Կրասնոդարի հայ համայնքի մասին, ասում է՝ համախմբված համայնք է, «Արին Բերդ» երգուպարի խումբ ունեն, փառահեղ հայկական եկեղեցի, բոլոր ազգային տոները նշում են, հայերով մեկը մյուսին աջակցում: Ափսոսում է, որ փակվել է «Խաչքար» ամսագիրը: Հույս ունի, որ առաջիկայում բացվելիք Հայկական մշակութային կենտրոնում ինքը վարպետաց դասեր կտա ու իր արվեստի գաղտնիքները կփոխանցի երիտասարդներին, ինչպես ժամանակին արել է իր վարպետը:

Մեր հարցին՝ ով է Կրասնոդարի այսօրվա հայը՝ արվեստագետ, բժիշկ, գործարար, թե лицо кавказской национальности, զրուցակիցս պատասխանում է. «Կրասնոդարի հայը բժիշկ է, ուսուցիչ, նկարիչ, лицо кавказской национальности, ամեն տեսակ հայ էլ կա, բայց համայնքը մեծ մասամբ լավն է: 2000-ին, երբ Իտալիայից եկա, ուղղակի սարսափելի էր, հիմա վիճակն ավելի լավ է»:

Ռաֆայել Քաչարյանն ասում է, որ այս տարին իր համար հոբելյանական է ու անակնկալներով լեցուն՝ ծննդյան 50-ամյակն է, արվեստում ստեղծագործելու երեսնամյակը: Ինչ վերաբերում է մետաղի հետ «խոսելու» լեզվին, դա դեռ երիտասարդ ժամանակ իր ուսուցիչն է սովորեցրել՝ N 8 գեղարվեստատեխնիկական ուսումնարանի վարպետը: «Ճիշտ է, մետաղը կենդանի չէ, բայց երբ նրա հետ իր իսկ «լեզվով» ես խոսում, հոգու աշխատանք է ստացվում: Դա նույնն է, որ աղջկա հետ սրճարան գնաս ու կոպիտ լինես: Պետք է մետաղի հետ այնպես վարվել, ինչպես աղջկա հետ: Գործեր կան շշուկով են ստեղծվում, գործեր կան՝ բացականչությամբ կամ երգելով… Որոշ աշխատանքների ժամանակ էլ պետք է լռես»,- սա է վարպետի աշխատելու գաղտնիքներից մեկը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930