Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսերդ Ձեր վրա դրեք

Ապրիլ 01,2014 12:49

Գիշերը, չնայած ձյունը փողոցներում հալվել էր, դեռ սառն էր։ Իսկ առավոտյան կողմ իր կողերի շուրջը պար բռնել փորձող սառը քամին ստիպեց մի քիչ սեղմվել։

Խաչմերուկի ազդանշանային արգելակող կարմիր լույսը վառվեց և բեռնված մեքենան կանգնեց ուղիղ իր դիմաց։ Թափքում… օ՜, աստված իմ, ինչ գեղեցիկ են, միանման կազմվածքով ու մի բոյի։ Թե՞ ես եմ ծերանում։ Չէ, ինչքան ժամանակ է, այստեղ եմ, նման բան չէի տեսել։

– Այս որտեղից, սիրունիկներ։

– Արտասահմանից, – ժպտաց մեջների համարձակը, – ինքնաթիռով ենք եկել։

– Չեմ նստել, բայց տեսել եմ օդում սավառնելիս, չե՞ք վախեցել։        – Մի քիչ, այն էլ սկզբում, չնայած մի քիչ անսովոր էր,- խոսակցությանը խառնվեց համարձակի կողքինը։

– Մենք էլ չենք վախեցել, – խառնվեցին խոսակցությանը մնացածը։

– Այդ ինչպես է ստացվել, որ բոլորդ մի բոյի ու միանման եք, – չդիմացավ ու հարց տվեց իրեն զարմացրած փաստի մասին։

– Դե ոնց հասկանալի բացատրեմ…. Մեր մոտ՝ Եվրոպայում, ընդունված գիտական ձևեր կան, դե պարզ ասած մեզ բոլորիս պահել են բացառապես նույն ռեժիմով, այսինքը տվել են նույն քանակի սնունդն ու ջուրն, ապահովել սենյակային ջերմաստիճան, վարակիչ հիվանդությունների դեմ սրսկումներ ենք ընդունել, – մեջների գիտունիկը դեռ շատ կխոսեր, եթե ինքը չընդհատեր:

– Լսել եմ, լսել։ Ասում են այդ եվրոպաներում մարդիկ զարմանալի գործեր են անում, ոնց որ լավ ապրելուց պարապ մնալով նրանք սկսել են ուրիշների գործերին էլ խառնվել։ Բա Ձեզ իրարից ոնց՞ ենք տարբերելու։

Գիտունիկը հակաճառեց.

– Թույլ տվեք չհամաձայնվել Ձեր կասկածի հետ։ Մենք անձնական վկայականներ ունենք ու գրանցված ենք հատուկ մատյանում,  իսկ մեր հետագա գործունությունը նոր երկրում համապատասխան մասնագետների կողմից վերահսկվելու է։ Կարծում եմ դա ամեն ինչ ասում է։ Բացի այդ, ասվել է, որ մեզ ապահով և հատուկ նշանակության վայր են տանում։ Կարծեմ Ձեր նախագահականի, ազգային ժողովի շենքի և օպերայի տարածքներում պետք է աշխատենք։ Եթե ամեն ինչ ըստ այդ նախնական ծրագրվածին համապատասխան կատարվի, մեր խումբը երևի երեք մասի կբաժանեն։                – Դե ոնց ասեմ, չեմ ուզում տրամադրություններդ փչացնել, բայց այդ տեղերը միշտ չէ որ ապահով են լինում։ Մեկ – մեկ անկանխատեսելի իրավիճակներ են առաջանում, այդ պատճառով և այդ, և այլ տեսակետներից մենք Եվրոպայից տարբերվում ենք։ Չնայած դրան, նաև չպետք է մոռանալ, որ այստեղի ժողովուրդը հին դարերից եկող, իր սկիզբն իմացող սերնդից է։ Մի խոսքով մերն ուրիշ է, – ջահելներին թեթև դաղեց ինքը ծագումնաբանության մասին իր դասախոսությունով, թե չէ զարմացրին իրենց Եվրոպայով, ու շարունակեց.

– Այդ Ձեր մոտից՞ չէ գենդերային շարժումը սկսվել, համասեռամոլություն և այլն։ Այստեղի մարդիկ դա չեն խրախուսում, – սա էլ սրանց ուրիշ բնագավառից, իր տեղեկացվածությամբ փայլեց ինքը, թող տեսնեն ում հետ գործ ունեն։

– Ճիշտն ասած կուրսի չենք Ձեր հրամցրած ինֆորմացիայից, – քիթը կախեց գիտունիկը։

– Լավ, եզրափակվենք։ Կանաչ լույսը հիմա կվառվի և Ձեր մեքենան կշարժվի, հաջողություն Ձեզ։ Բայց հիշեք, այստեղ պայմաններն այլ են։ Սնունդ կտան սկզբում, հետո էլ չեն տալու, չսպասեք։ Չէր խանգարի նաև նախօրոք ջրի կուտակած պաշար ունենալը, քանի որ այստեղ ջուրը մեզ տալիս են անկանոն, երբ կհիշեն։ Այդ պատճառով հենց սկզբից արմատներին ուղարկեք տարբեր ուղղություններով։ Նրանք պետք է անընդհատ սնունդ ու ջուր փնտրեն։ Եթե արմատներից մեկը խոշոր քարի հանդիպի, թող գրկի այն ու հնարավորինս պինդ փաթաթվի։ Այս ձևի կիրառումը ուժեղ քամիների ժամանակ չի թողնի, որ ընկնեք, պրակտիկայում ստուգված է և հիմնականում արդարացնում է։ Մի խոսքով՝ հույսերդ Ձեր վրա դրեք։ Եթե օպերայի, ազգային ժողովի շենքի կամ նախագահականի մոտ շատ մարդ հավաքվի, չխառնվեք, դարձեք խուլ ու համր, այդ պահերին քամիների ու թռչունների հետ զրույց – քննարկումներ չանեք։ Երբ մարդիկ կատաղած են լինում, ծառերին էլ է բաժին հասնում…

 

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930