Արդեն իսկ ակնհայտ է. առնվազն Արարատյան դաշտում ու շրջակայքում, այսինքն՝ առավել խիտ բնակեցված երեք մարզերի տարածքում, տեղի է ունեցել մեծ վնաս պատճառած բնական աղետ: Մեծ չափերի: Հետեւաբար արձագանքն էլ պետք է համարժեք լինի: Իհարկե, դեռ մասնագիտական հանձնաժողովները կպարզեն, կճշտեն մարտի 30-ի ձյան ու ցրտահարության պատճառած վնասի կոնկրետ չափերը: Ամեն դեպքում, մարդիկ այսօր պետք է իմանան, որ պետությունն ու հայրենակիցները իրենց կողքին են այս ծանր պահին: Նրանք պետք է վստահ լինեն, որ օգնություն եւ աջակցություն անպայման լինելու է:
Տողերիս հեղինակին, օրինակ, թվում է, որ տուժած գյուղացիական տնտեսությունները պետք է առնվազն ազատվեն հողի հարկի վճարումից: Ի լրումն, կարծում ենք, պետք է քննարկել կոնկրետ տուժած տնտեսությունների վարկային պարտավորությունները առնվազն մեկ տարով սառեցնելու կամ հետաձգելու հնարավորությունը: Սա գուցե շատ էական աջակցություն չլինի, բայց ստեղծված իրավիճակում գոնե բեռի թեթեւացումը կարող է օգտակար լինել:
Կարծում ենք նաեւ, որ բացի կառավարության կողմից հատկացվելիք օգնությունից, եթե այդպիսի որոշում լինի, կարելի է նախաձեռնել բարեգործական որոշակի հիմնադրամ, ինչպես դա արվեց անցյալ տարվա կարկտահարությունից հետո:
Իսկ մեծ հեռանկարի առումով, հայ գիտնականները, գյուղատնտեսները թերեւս պետք է կենտրոնանան նման տատանողական բնակլիմայական պայմաններում այգիների ու պտղատու այգիների պահպանման խնդրի լուծումների վրա: Մասնավորապես կարելի է դիտարկել կարկտահարության կամ ձյան տեղումների ժամանակ պաշտպանիչ ծածկով պատսպարվող այգիներ ստեղծելու տարբերակը: Սա մի կողմից շատերին կարող է ֆանտաստիկ թվալ, բայց մյուս կողմից էլ՝ 21-րդ դարն է, գիտության ու տեխնիկայի գերզարգացման ժամանակաշրջան, եւ ասվածն ամենեւին էլ անհավանական բան չէ:
Ծախսատար է, իհարկե, բայց դեռ մեծ հարց է, թե ինչն է ավելի թանկ արժենում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում