Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքն իսկապես ամենաինտիմն է»

Ապրիլ 01,2014 13:10

«Անտարեսի» ներկայացուցիչը՝ ֆրանսիական համագործակցության մասին
Փարիզում վերջերս կայացած 34-րդ «Գրքի սալոնին» մասնակցել է «Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ավանդաբար անցկացվող այդ միջոցառման նպատակն է ներկայացնել ֆրանսիացի գրողներին ու հրատարակիչներին, այդպիսով խթանելով նրանց ճանաչումը: Միջոցառմանը մասնակցել են հրատարակչական ոլորտի ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լեհաստանից, Թուրքիայից, Մեքսիկայից, Ալժիրից, Իսրայելից, ԱՄԷ-ից եւ այլն: Մեր զրուցակիցն ասաց, որ ֆրանսիացիները հյուրերին ներկայացրել են իրենց ժամանակակից գրողներին, այդ թվում՝ Ֆեդերիկ Բեգբեդերին, Ժան Էշնոզին, Բեռնար Վեբերին եւ այլ հայտնի անունների, որոնց երկերը մեծ պահանջարկ ունեն աշխարհում: Ընդ որում, Ֆրանսիայում, եւ ոչ միայն, հայտնի անուններ են նաեւ մեր հայրենակիցներ Մարինա Դեբեյանը եւ Ֆիլիպ Ջիյանը, որոնց գրքերը մեծ պահանջարկ ունեն:

«Հանդիպեցի ֆրանսիացի հզոր «Գալիմար» եւ «Ֆլամարիոն» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ: Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համագործակցել նոր նախագծերի շուրջ եւ ֆրանսիացի հեղինակներին ծանոթացնել հայ գրքասերներին»,- հայտնեց հրատարակչական բաժնի ղեկավարը: Հետաքրքրությանը, թե բացի նշյալ երկու ֆրանսիական հրատարակչություններից, այլ հրատարակիչների հետ չի՞ փորձել կապեր հաստատել, Հռիփսիմե Մադոյանն ասաց. «Մեր նպատակն էր կապեր հաստատել հենց ամենախոշորների հետ, որոնց ձեռքում կենտրոնացած է աշխարհի հեղինակային իրավունքների գերակշիռ մասը: Օրինակ, Ալեքսանդր Սոլժենիցինը, Վենեդիկտ Երոֆեեւը եւ մի շարք ճանաչված այլ գրողների հեղինակային իրավունքները տնօրինում են ֆրանսիական հրատարակչությունները»: Մեր զրուցակիցը փաստեց, որ ֆրանսիացի հրատարակիչները վերջին շրջանում աշխատում են հայկական շուկայում, թեեւ դա նրանց համար շահութաբեր չէ, քանի որ հայկական շուկան փոքր է, տպաքանակը՝ նվազ: Ասվածին էլ հավելեց. «Այնուամենայնիվ, ֆրանսիացի հրատարակիչներից ոմանք գտնում են, որ որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում առաքելություն ունեն տարածել սեփական գրողների գործերը»: Հռիփսիմե Մադոյանը փաստեց, որ իրենք ֆրանսիական կողմի հետ առաջին պայմանագիրը կնքել են 2011թ., որի արդյունքում հրատարակվել են Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա», Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները», հրատարակության են պատրաստվում նաեւ Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնուք» վեպը, Մարկ Լըվիի «Պարոն Դարթլիի տարօրինակ ճանապարհորդությունը» եւ այլն:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ ֆրանսիացի հրատարակիչներից շատերը հետաքրքրված էին հայ ժամանակակից գրական դեմքերով, միայն թե ցանկանում էին լսել անուններ, որոնք ստեղծագործում են ֆանտաստիկ, էրոտիկ ժանրերում: Հռիփսիմե Մադոյանն էլ այդ ժանրի սիրահարներին առաջարկել է ծանոթանալ Գուրգեն Խանջյանի, Արամ Պաչյանի, Հովհաննես Թեքգյոզյանի գրվածքներին: «Երբ մտերմիկ զրույցի ժամանակ աշխարհում ամենաընթերցվող հեղինակներից մեկին՝ Ֆեդերիկ Բեգբեդերին հարցրի, թե ո՞րն է իր հաջողության գրավականը, նա առանց վարանելու պատասխանեց, թե դրանք, միանշանակ, իր երկերում տեղ գտած բաց տեսարաններն են, որոնք կլանում են ընթերցողին»,- ասաց մեր զրուցակիցը: Հռիփսիմե Մադոյանը որոշ վերապահումներով է համակարծիք գրողի հետ. «Ի վերջո, գիրքը իսկապես ամենաինտիմն է, չէ՞ որ ընթերցողի ու հեղինակի շփումը առանց երրորդ անձի ներկայության է կայանում: Բայց մեր իրականությունում հաճախ այդ բաց տեսարանները անցնում են բոլոր սահմաններն ու դառնում գռեհիկ»:

«Անտարեսի» հրատարակչական բաժնի ղեկավարը, կանխելով մեր հարցը, փաստեց, որ իրենք ֆրանսիական «Գրքի սալոնի» օրինակով փետրվարին անցկացրել են նման միջոցառումներ՝ հրավիրելով արտերկրյա հրատարակիչների ու գրողների: Ասաց նաեւ, որ մտադիր են ամռանը հրավիրել արտերկրյա իրենց կոլեգաներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930