Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր համալսարանների զարգացման գլոբալ միտումները

Ապրիլ 01,2014 13:00

Հետխորհրդային Հայաստանում 1990թ.-ից հետո, երբ մասնավոր բուհերը նոր էին հիմնադրվում, համընդհանուր թերահավատություն կար երիտասարդ երկրի տնտեսական աճի եւ բարձրագույն կրթության ոլորտում նրանց ունեցած դերի նկատմամբ: Այդ ժամանակներից ի վեր զգալի դրական տեղաշարժեր են կատարվել, թեպետ հանրության դատողություններում ու ընկալումներում այդ բուհերի նկատմամբ շատ քիչ բան է փոխվել:
Այս հոդվածն ունի երկու նպատակ: Առաջին՝ հակիրճ ներկայացնել մասնավոր բուհերի գլոբալ զարգացումները եւ նրանց տարածման պատկերը այլ երկրներում: Երկրորդ՝ հոդվածը դիտարկել որպես մի յուրահատուկ ուղերձ՝ փոխելու վերաբերմունքը մասնավոր բուհերի նկատմամբ՝ օգտագործելով նրանց որպես մի ճկուն լծակ՝ երկրում ավելի արդյունավետ կերպով կառուցելու գիտելիքի վրա հիմնված տնտեսություն եւ կենսունակ ժողովրդավարական հասարակություն:

Իսկապես, մեզանից շատերը կզարմանան՝ իմանալով, որ ամբողջ աշխարհում բարձրագույն կրթության ոլորտում մասնավոր բուհերն ամենաարագ կերպով զարգացող սեգմենտն են: Քառորդ դար առաջ բարձրագույն մասնավոր կրթական համակարգը շատ քիչ թվով երկրներում էր գործում, մինչդեռ այժմ բացառություն են կազմում մի քանի երկրներ` Բութանը, Կուբան եւ Հյուսիսային Կորեան: Հեղինակավոր «Foreign Affairs» ամսագրի վերջին համարում զետեղված է Միշել Օրենստեյնի՝ Լեհաստանի վերաբերյալ հեղինակային զեկույցը: Նա գտնում է, որ Լեհաստանի կառավարության մշտական աջակցությունը մասնավոր բուհերին առանցքային դեր է ունեցել երկրի տնտեսական առաջընթացում: Համաձայն Նյու Յորքի Ալբանի համալսարանի Մասնավոր բարձրագույն կրթության հետազոտական կենտրոնի տվյալների՝ մասնավոր բուհերը արագ տեմպերով աճում են Ասիայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, ինչպես նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում:

Մասնավոր բուհերը սովորողների ընդգրկվածության տեսանկյունից առաջնային դիրքերում են ասիական երկրներում: Հարավային Կորեայում մասնավոր բուհերի ուսանողների տեսակարար կշիռը կազմում է 80.1% (2006), որին հաջորդում է Ճապոնիան՝ 77.4% (2007), Թայվանը՝ 71% (2004), Ինդոնեզիան՝ 71% (2007), Ֆիլիպինները՝ 65.2% (2006), Հոնկոնգը, Չինաստանը՝ 59% (2008) եւ Ղազախստանը՝ 46.5% (2004): Արեւմտյան Եվրոպայում այդ ցուցանիշը բավականին բարձր է Նիդեռլանդներում եւ Բելգիայում, համապատասխանաբար՝ 69.9 % եւ 55.4%, իսկ Էստոնիան, Վրաստանը, Լատվիան եւ Լեհաստանը առանձնանում են 30% միջին ցուցանիշով: Համաձայն 2009թ.-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի՝ միայն Լեհաստանում 1990-1998 թթ. ուսանողների ընդգրկվածությունը մասնավոր բուհերում 400.000-ից հասել է 1.3 միլիոնի: Փորձենք ստորեւ հիմնավորել նշված միտումները: Ամբողջ աշխարհում բարձրագույն կրթության մասնավորեցումը մասամբ բացատրվում է գիտելիքի վրա հիմնված տնտեսության աճի կարեւորությամբ: Տնտեսությունները մրցակցում են բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժը զարգացնելու եւ պահպանելու համար: Ժողովրդագրական փոփոխությունները պայմանավորված են նաեւ բարձրագույն կրթության նկատմամբ աճող պահանջարկով: 1980-1990թթ. սկսած՝ 25 տարեկանից բարձր անձինք բարձրագույն կրթության մեջ ներգրավվել են ավելի մեծ թվով, քան նախկինում: Ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ, բայց սահմանափակ պետական միջոցների պատճառով պետական համալսարանները ի վիճակի չեն եղել բավարար չափով ներդրումներ կատարելու: Արդյունքում՝ աշխարհի մի շարք երկրներում կառավարությունները աջակցում եւ խրախուսում են մասնավոր համալսարաններին՝ այդ բացը լրացնելու համար: Դրան գումարվում է նաեւ հասարակության փոփոխվող վերաբերմունքը եւ պետական սեկտորի նկատմամբ նվազող վստահությունը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի Հանրապետության պարագայում: Կազմավորումից ի վեր 1990-ական թթ. հիմնված մասնավոր բուհերի թիվը նվազել է, ինչը շատերը ողջունում են եւ դիտում որպես դրական զարգացում: Անշուշտ, դրական է այն համալսարանների զտումը, որոնք պարզապես զբաղվում են դիպլոմների շնորհմամբ` առանց խթանելու որակյալ կրթությունը: Բարձրագույն կրթության բարեփոխումների այս փուլում մասնավոր բուհերը ղեկավարելու համար ավելի բարդ ու յուրահատուկ գործիքներ եւ գնահատման մեթոդաբանություններ են անհրաժեշտ: Ի սկզբանե պետք է ընդունել, որ Հայաստանում մասնավոր բուհերը աճել են վերջին երկու 10-ամյակների ընթացքում: Նրանք ցույց են տվել, որ ի վիճակի են մատուցել այնպիսի ծառայություններ, ինչպիսին մատուցում են պետական բուհերը, հետեւաբար կատարում են կարեւոր հասարակական դեր: Այդ առումով մասնավոր բուհերը թույլ են տալիս կառավարությանը խնայել արդեն սակավ ֆինանսական միջոցները եւ դրանք ըստ անհրաժեշտության ծախսել այնտեղ, որտեղ մասնավոր սեկտորը ավելի սահմանափակ է այդ միջոցների տրամադրման հարցում: Ըստ էության, մասնավոր բուհերին աջակցող աշխարհի բազմաթիվ երկրների կառավարություններին հենց այս գործոնն է մոտիվացնում: Այն երկրները, որտեղ տնտեսությունը հակված է արագ զարգանալու (Լեհաստան, Հարավային Կորեա), նույնպես հետեւողականորեն աջակցում են մասնավոր բուհերին:

Երկրորդ, անհրաժեշտ է մեծացնել թե՛ պետական, թե՛ մասնավոր բուհերի ինքնավարությունը: Կրթական ծառայությունների մատուցումը բավականին բարդ գործընթաց է: Բուհերում դասավանդման մեթոդաբանության մեջ անհրաժեշտ է իրական փորձարարություն եւ նորամուծություն, ինչը խթանելու համար անհրաժեշտ է, որ բուհերը սեփական ուսումնական պլանները կազմելու եւ արտալսարանային աշխատանքները իրականացնելու հարցերում լինեն ինքնավար: Ե՛վ պետական, եւ՛ մասնավոր բուհերի միջեւ մրցակցության ուժեղ շեշտադրումը կնպաստի ավելի պատրաստված շրջանավարտներ ունենալուն, ովքեր ավելի արդյունավետորեն կարող են իրականացնել աշխատաշուկայի սպասումները: Տեխնոլոգիաների եւ տեղեկատվական հեղափոխության ներկայիս դարաշրջանում պասիվորեն գիտելիք փոխանցող «իմաստուն դասախոսի» հին մոդելը այլեւս արդյունավետ չէ: Այն պետական ու մասնավոր բուհերը կհասնեն հաջողության, որոնք ունեն դասավանդման նորարարական մեթոդների համակարգ, ինչպես նաեւ դասախոսների եւ ուսանողների մասնագիտական ու գործնական հմտությունների զարգացման մշակույթ:

Մասնավոր ու պետական սկզբունքով բուհերի տարանջատումը եւ պետական ոչ համարժեք աջակցությունը չեն կարող խթանել կրթության որակը: Փոխարենը պետք է գնահատել համալսարանների գործունեությունը հետեւյալ տեսանկյուններից. վարո՞ւմ են, արդյոք, ճկուն քաղաքականություն, ի՞նչ արագությամբ են արձագանքում աշխատաշուկայի պահանջներին, հրատարակո՞ւմ են գիտական հետազոտություններ, հետաքրքրվա՞ծ են դասավանդման արդյունավետության բարձրացմամբ, ունե՞ն ներքին մասնագիտական զարգացման կենտրոններ, հետեւո՞ւմ են ուսումնառության վերջնաարդյունքներին եւ այլն: Սրանք այն մեթոդական պահանջներն են, որոնց պետք է բավարարեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերը:

Վերոնշյալ պահանջները բավարարող բուհերին աջակցելու համար կարեւոր է պետական եւ մասնավոր բուհերի միջեւ հավասար մրցակցային պայմանների եւ ավելի մեծ ինքնավարության ապահովումը: Ինքնավարությունը եւ մրցակցությունը այն երկու հիմնական արժեքներն են, որ պետք է արմատավորել ՀՀ բարձրագույն կրթության մեջ: Պետական եւ մասնավոր բուհերի միջեւ տարանջատումը դանդաղեցնում է երկրում կրթական սեկտորի աճը: Մասնավոր բուհերը կարող են նպաստել նաեւ պետական բուհերի միջեւ մրցակցության բարձրացմանը, եւ սա առաջին հերթին շահեկան կլինի պետական բուհերի համար: Այս թեմայի շուրջ ծավալվող հետազոտություններում մատնանշվում են, որ պետական եւ մասնավոր բուհերի համակեցությունը կրթական համակարգը դարձնում է ավելի բազմազան եւ նպաստում է պահանջվող մրցակցության զարգացմանը: Ուժեղացված մրցակցությունը` ինքնավարության զարգացման հետ ներդաշնակ, թույլ կտա, որ համալսարանները իրականացնեն բաց կրթական քաղաքականություն, գործեն ավելի ճկուն եւ դինամիկ, աճեն ու ամրապնդեն երկրի բարձրագույն կրթական համակարգը:

Այս աճը պայմանավորված է տարբեր գործոններով: Ամբողջ աշխարհում մասնավոր համալսարանների աճի միտմանը հետեւելով՝ հետազոտողները «Բարձրագույն Կրթություն» ամսագրում հրատարակեցին մի աշխատություն՝ բացատրելով այդ աճը նշված գործոններով:

ԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆ

ԱՄՆ-ի Ստոնհիլ համալսարանի դասախոս, Եվրասիա միջազգային համալսարանի հիմնադիրների խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930