Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբի գրավումը, ըստ Թեւան Պողոսյանի, նոր պատերազմական ճակատ է սիրիական իշխանության դեմ

Ապրիլ 01,2014 11:35

«Սիրիայում մեկ տարուց ավելի որեւէ պետական պաշտոնյայի այցելություն չի եղել եւ իմանալով, որ գալիս է մի խումբ, թեկուզ սեփական նախաձեռնությամբ, իրենք պետք է ինչ-որ չափով օգտագործեին դա: Բայց նաեւ այն խնդիրն էր գալիս, որ պետք էր գնալ`բարեւել: Իրենք ինչ կօգտագործեն`կօգտագործեն, մենք մեր խնդիրը պետք է լուծեինք`գնային մեր հայրենակիցներին տեսնեինք: Այդ իմաստով, չհանդիպելը սխալ էր, երբ կար հրավեր»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Լաթաքիա մեկնած հայկական պատգամավորական խմբի անդամ Թեւան Պողոսյանը`անդրադառնալով Սիրիայի նախագահի հետ իրենց հանդիպմանը եւ այդ առիթով տարատեսակ մեկնաբանություններին: Պատգամավորը մեկ անգամ ևս ասաց, որ հանդիպման ժամանակ իրենք խոսել են բացառապես մեր հայրենակիցներին առնչվող խնդիրների մասին, այդ թվում նաեւ նրանց օգնություններ փոխանցելու մեխանիզմների: Պատգամավորն ասաց, որ Սիրիայի պետական ինստիտուտներն էլ էին բավականաչափ օգնություններ տրամադրում տարհանված քեսաբցիներին: Ընդհանրապես, ցանկացած հայի, որը Սիրիայի քաղաքացի է, մոտեցումը նույնն է, ինչը մեր պատգամավորները ողջունել են:

Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, թե գոյություն ունի մարդու իրավունքների հարգման սկզբունք, որը բոլորի համար է պարտադիր ու մեր պատվիրակությունը խնդիրները բարձրացրել է մարդու իրավունքների տեսանկյունից`քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների իրավունքները զանգվածային կերպով Սիրիայում խախտվում են: «Միջազգային դատապարտումների քարոզարշավը տեղի ունեցավ հենց մեր այցելությունից հետո: Ու հիմա, թե ով ում հետ համաձայն չի`մեր գործը չէ: Մենք կողմերին կոչ ենք անում՝ նույն ժողովուրդն են, միասին, խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծեն»,- ասաց նա`հավելելով, որ Ասադի ռեժիմի անկումը կբերին քրիստոնյաների նկատմամբ տոտալ քարոզի:

Քեսաբի գրավումը, ըստ Թեւան Պողոսյանի, նոր պատերազմական ճակատ է սիրիական իշխանության դեմ, բայց մեր խնդիրն այլ է`մտահոգվել մեր հայրենակիցներով: Նա ուշագրավ է համարում, որ Սիրիան, մինչ պատերազմը ինքնաբավ երկիր էր ու բացառիկ երկիր, որը պետական պարտք չուներ: Սիրիայում շատ ազատ դաշտ կար մեր հայրենակիցներին`զարգացման համար: Նրանք գործարաններ եւ տարբեր հարստություններ ունեին: Ընդհանուր առմամբ, հայկական ունեցվածքը Սիրիայում գնահատվել է մինչեւ 46 միլիոն դոլար: Պատգամավորը գտնում է, որ նաեւ այդ հարցերը պետք է բարձրացնել միջազգային ատյաններում:

«Հայաստանը պետք է փորձի միավորել համայն հայության ուժերը`իրենց տները, այգիները վերականգնելու: Գյուղատնտեսական տեխնիկա, գումար, նման բաներով կարող ենք օգնել: Հայաստանը կարող է ձայն բարձրացնել տարբեր միջազգային ատյաններում`միջազգային արբեր հիմնադրամներ կան եւ պետք է մոբիլիզացնել ուժերն ու այդտեղից օգնություններ ստանալով`տրամադրել մեր հայրենակիցներին: Հայաստանի, որպես պետության կողմից այդ հարցերի բարձրաձայնումը, առավել ազդեցիկ կլինի միջազգային ատյաններում»,- ասաց Թեւան Պողոսյանը`պատասխանելով հարցին`իր պատկերացմամբ ի՞նչ պետք է անի Հայաստանի հանրապետությունն այս պարագայում:

Լաթաքիա մեկնած պատգամավորական խմբի անդամ Էդմոն Մարուքյանն էլ իրենց այցը կարեւորեց նաեւ այն առումով, որ այժմ ճշգրիտ տեղեկատվություն ունենք Քեսաբում կատարված իրադարձությունների մասին. «Քարոզարշավը շատ կարեւոր է, քանի որ աշխարհում կա բլոկադա`սիրիական խնդիրների հետ կապված: Կա տպավորություն, որ այնտեղ մարդիկ պայքարում են հանուն մարդու իրավունքների, ժողովրդավարության, եւ այլն, բայց գերի ընկած հայի հեռախոսի մեջի դիակները չէին պատմում մարդու իրավունքների համար պայքարող մարդկանց մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930