Կիրակի օրը Երեւանի խանութների զգալի մասում հաց չի եղել։ Վարչական շրջաններից մեկում գտնվող խանութի սեփականատերը պատմեց, որ առավոտվանից հաց չի ստացել. «Սովորաբար առավոտ ժամը 8-9-ի կողմերը հաց էի ստանում, էսօր չկա, ու չգիտեմ էլ ինչ եմ անելու, երեւի ուրիշ հացի արտադրամասից կբերեմ, բայց հո չենք կարա մարդկանց սոված թողնենք։ Խնդիրը ոնց որ թե ճանապարհներն են եղել»,- նշեց նա։
«Սեւանի հացի գործարան» ՓԲԸ-ից հայտնեցին, որ իսկապես նման խնդիր եղել է, ու պատճառն այն է, որ հաց տեղափոխող մեքենաները մերկասառույցի ու ձյան պատճառով չեն կարողացել հասնել խանութներ. «Տրանսպորտի հետ է խնդիրը եղել, մեքենաները, ճանապարհների պատճառով չեն կարողացել մոտենալ խանութներին։ Հացը մնացել է գործարանում, բայց տանել հնարավոր չի եղել, մի քանի մեքենա մնացել են ճանապարհի կեսին։ Քաղաքի վարչական շրջաններ չի հասել, բայց կենտրոնական մասերում հաց եղել է, անգամ 3-4 անգամ օրվա մեջ հաց ենք հասցրել, բայց ծայրամասերում հնարավոր չէր»,- հայտնեցին հացի գործարանից։
Հասարակական տրանսպորտը կիրակի օրը եւս, մեղմ ասած, կաթվածահար վիճակում էր։ Երթուղայինները կա՛մ չէին սպասարկում, կամ շատ դանդաղ ու զգույշ էին վարում։ Իսկ երբ մեքենաները արգելափակվում էին, վարորդները, ոստիկանների եւ ուղեւորների հետ միասին փորձում էին դուրս բերել մեքենաները արգելափակումից. կարելի էր հանդիպել տեսարանների, երբ քաղաքացիները ավտոբուս են հրում, կամ երթուղային տաքսի։
Երթուղայինների չգործելուց զատ, լավ չէին աշխատում նաեւ տաքսի ծառայությունները։ Երեւանում տրանսպորտային ծառայություններ իրականացնող «Երեւանտրանս» ՍՊԸ-ից, սակայն, հերքեցին, որ տրանսպորտը լավ չի աշխատել։ Հայտնեցին, որ երթուղայինները աշխատել են սովորականի պես, նորմալ։ Այնինչ անգամ երեկ կանգառներում կուտակումներ էին, էլեկտրոնային չվացուցակները չէին աշխատում, իսկ երթուղայինների աշխատանքը շատ դանդաղ էր։
Կարդացեք նաև
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում