Հարցազրույց «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանի հետ
– Մեր տեղեկություններով` Ձեր ղեկավարած կազմակերպության որոշ անդամներ ևս ցանկություն են հայտնել միանալ այն կամավորական ջոկատին, որը կազմավորվում է Հայաստանում քեսաբահայության ինքնապաշտպանությանը մասնակցելու նպատակով: Որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները:
– Այո, այդ տեղեկությունը ճիշտ է, Քեսաբ մեկնելու և այնտեղի ինքնապաշտպանությանը մասնակցելու ցանկություն ունեցողների թիվն իսկապես մեծ է, այդ թվում` նաև մեր հասարակական կազմակերպության անդամների շրջանում: Թուրքիայի կողմից հերթական անգամ հարձակում է կազմակերպվում հայկական բնակավայրերի վրա, և հայության հերթական կոտորածը թույլ չտալու համար պետք է, որ հայաստանցիները ևս իրենց մասնակցությունն ունենան քեսաբահայության պաշտպանությանը, ինչպես ժամանակին սփյուռքից եկած տղաները մասնակցեցին Արցախի ինքնապաշտպանությանը: Այնպես որ, որպես հայ մարդ` մենք պետք է մասնակցենք նաև Հայաստանից դուրս ապրող հայերի ինքնապաշտպանությանը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մարդիկ կան, ովքեր հնարավորություն ունեն և սատար են կանգնում նյութապես, մյուսները` բարոյապես, իսկ մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես սատար կանգնելու քեսաբահայությանը:
– Ձեր ղեկավարած կազմակերպության քանի՞ անդամ է ցանկություն հայտնել միանալ այդ ջոկատին:
Կարդացեք նաև
– Այդ թիվը գաղտնի է, և իմաստ չունի ինչ-որ թվեր հրապարակել, կարող եմ ասել որ նման ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ է: Պետք է նկատի ունենանք, որ մենք գործ ունենք այլ պետության` Սիրայի հետ, որի բանակը ևս ամեն ինչ անում է քեսաբահայությանը պաշտպանելու համար: Ուղղակի մեր խնդին է լինելու մեր մասնակցությամբ ցույց տալ, որ հայերը որտեղ էլ ապրեն՝ պետք է պատրաստ լինեն դժվար պահին իրար օգնության հասնել:
– Չե՞ք կարծում, որ Սիրիայում ընթացող պատերազմին մասնակցելու համար հատուկ պատրաստություն է հարկավոր գործին օգուտ տալու և անիմաստ զոհերից խուսափելու համար:
– Նորից եմ կրկնում, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են մեկնել Սիրիա, դա անում են իրենց ցանկությամբ, նրանց որևէ մեկը չի համոզում կամ պարտադրում: Իհարկե, հատուկ պատրաստություն պետք է, բայց այդ հարցերն իմաստ չունի թերթի էջերում քննարկել:
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում