Հատկապես Ղրիմի հանրաքվեից հետո զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղի հարցի հետ՝ ՀՀ ու ԼՂՀ որոշ շրջանակներ ընկան ոգեւորության գիրկը՝ չբացառելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակի որոշակի զարգացումների դեպքում հնարավոր է որպես շահեկան տարբերակ դիտարկել նաեւ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը։
Ինչպես հայտնի է, նույն շրջանակները նույնպիսի ոգեւորություն ունեին նաեւ 2008– ի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։ Այն ժամանակ էլ այդ նույն «քաղաքագետները» պնդում էին, թե կարճ ժամանակ անց այդ երկու չճանաչված պետությունների անկախությունը կճանաչեն Ռուսաստանից կախում ունեցող բոլոր երկրները, ուստի եւ՝ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի առիթն օգտագործելով՝ Ռուսաստանը ճանաչի նաեւ Ղարաբաղի անկախությունը։
Ռուս-վրացական պատերազմից 6 տարի անց, սակայն, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, բացի ՌԴ-ից, ճանաչել էր ընդամենը 6 պետություն՝ Վենեսուելան, Նիկարագուան, Տուվալուն, Նաուրուն եւ Վանուատուն։ Վերջին երեքի դեպքում, իհարկե, հումորով պետք է մոտենալ պետություն ասածին, քանզի խոսքը քարտեզի վրա չերեւացող երեք կղզիների մասին է։ Փաստորեն՝ վեց տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը բավարարեց ընդամենը կղզյակ-պետությունների «ճանաչումը» գնելու համար։ Սակայն ինչպես երեկ հայտնի դարձավ՝ դա էլ խիստ ժամանակավոր էր։ Նախօրեին Տուվալուն դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Վրաստանի հետ՝ չեղյալ է հայտարարել 2011թ. Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու մասին իր որոշումը։ Մինչ այդ էլ, հիշեցնենք, նման կերպ էր վարվել Վանուատուն։ Իսկ սպասելիքները, որ Ռուսաստանի հորդորով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը կճանաչեն նաեւ Կուբան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը եւ այլ՝ քիչ թե շատ կշիռ ունեցող պետություններ, այդպես էլ մնացին չիրագործված։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում