Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաքարյան. Առաջիկա ամիսներին Քեսաբը դեռ կռվախնձոր կլինի Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ

Ապրիլ 01,2014 11:14

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» պատմական ակնարկ կատարեց`Քեսաբի հայկական լինելու մասին, միաժամանակ նկատեց, որ Քեսաբը թուրք-սիրիական սահմանի միակ հատվածն է, որը չի վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից եւ վաղ թե ուշ այն պետք է անցներ գրոհայինների ազդեցության ներքո: Իսկ մինչ այժմ չէր անցել, ըստ թուրքագետի, որովհետեւ Լաթաքիան Ասադի ընտանիքի ուժի աղբյուրն է. «Ասադին հաղթելու համար, տրամաբանական է, որ շատ ռազմավարական հենակետ կլինի վերցնել Լաթաքիան, որը սկսվում է Քեսաբը վերցնելով: Այդ հատվածում կա նաեւ ռադիոտեղորոշիչ կայան եւ, ընդհանրապես, հաշվի առնելով այն, որ աշխարհի ուշադրությունը Ղրիմի վրա է, բնականաբար, հաշվարկը եղել է այն, որ Քեսաբի նման փոքր մի հատվածի վերցնելը շատ ուշադրություն չի գրավի»: Թուրքագետը չբացառեց, որ հենց Արեւմուտքն է աջակցել Թուրքիային`ի պատասխան Ղրիմի զարգացումների նաեւ ոչնչացնելու ռադիոտեղորոշիչ կայանը, որը վերահսկում է այդ տարածքի բոլոր թռիչքները, ինչը ՆԱՏՕ-ի համար այդքան էլ հաճելի չէ:

«Ամեն դեպքում, հայերը շատ ճիշտ կողմնորոշվեցին եւ շատ գովելի է այն փաստը, որ Քեսաբը դարձավ տրենդային: Որոնողական համակարգերում «Քեսաբ» գրելիս գալիս են այն նորությունները, որ հայերը դատապարտում են Թուրքիային, ամերիկացի սենատորները դատապարտում են Թուրքիային: Թե հայկական սոցցանցերը, թե մեր պատգամավորների շատ ժամանակին այցը, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հաագայում, թե ԱՄՆ հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի շատ բուռն աշխատանքը Վաշինգտոնում այդ ամենը դարձրեց ավելի մեծ: Մենք ևս մեկ անգամ օգտագործեցինք այդ փաստը`Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ հիշեցնելու Ցեղասպանության մասին, արթնացնելու այս փաստերը»,- ասաց թուրքագետը:

Նա կոչ արեց ուռճացնելով Քեսաբի խնդիրը չհասցնել ստի հատվածի, քանի որ համացանցերում հայտնված երկու տարի վաղեմության տեսանյութերը, որոնք տարածվեցին եւ վերագրվեցին քեսաբյան իրադարձություններին, արդեն իսկ հիմք են տալիս թուրքերին` փորձեր անել կասկածներ հարուցել նախորդ դարի իրադարձությունների նկատմամբ:

Արձանագրելով, որ երկու օր առաջ ՏԻՄ ընտրություններում Էրդողանը ներքին դաշտում ապահովեց իր հաղթանակը օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների համար, թուրքագետը նկատում է, որ նրան առավել պետք է արտաքին դաշտում հաղթանակը եւ ամենահնարավոր ռազմական կարճատեւ հաղթանակը`Սիրիայի դեմ պատերազմում կարճատեւ բախումն է. «Այդտեղ կա ընդամենը երկու տարածք, որտեղ Թուրքիան իբր թե միջազգային իրավունքով կարող է արդարացնել իր ներկայությունը. մեկը Սուլեյման շահի դամբարանն է Սիրիայի տարածքում, մյուսը`ցավոք, Քեսաբն է: Ուստի կոչ կանեմ մնալ զգոն, քանի որ չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում Քեսաբը դեռ կռվախնձոր լինի երկու պետությունների միջեւ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930