Հայաստան շաքարի ներկրում իրականացնում է 46 կազմակերպություն, եւ նրանք բոլորը միասին ներկրում են 4 հազար 993 տոննա շաքարավազ։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ լավ է, շաքարի ներկրման ոլորտում մենաշնորհ չկա։
Նախ նշենք, որ բացի Սամվել Ալեքսանյանից՝ Լֆիկից, Հայաստան շաքար են ներկրում միայն քաղցրավենիքներ եւ պտուղ վերամշակող ընկերությունները եւ այն էլ՝ բացառապես սեփական կարիքների համար։ Այստեղ առաջանում է առաջին հարցը՝ ինչու են նրանք շաքարը ներկրում այլ երկրներից ու ոչ թե գնում այստեղ «արտադրվածը»։ Նշանակում է՝ բերելը ավելի էժան է նստում նրանց վրա, քան Հայաստանում գնելը։ Ու «ամենատարօրինակն» այն է, որ նրանք ավելի շատ չեն ներկրում, որպեսզի նաեւ այդ էժան շաքարը մանրածախ վաճառեն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրանց թույլատրված է միայն բերել սեփական կարիքների համար։ Մանրածախ շուկայում ոչ ոք չի կարող «խաղեր տալ»։
Հիմա հարց երկրորդ։ Ովքե՞ր են այդ 46 ներկրողները։ Նույն այդ ՊԵԿ-ի պաշտոնական տեղեկանքներում մենք գտանք «Գերմանիայից, Ավստրիայից, Բելգիայից եւ Իսրայելից» իրականացված ներկրումները եւ մեր կողմից ավելացրեցինք նաեւ Ռումինիայից ներկրված ամենախոշոր ծավալը, որը չգիտես ինչու ՊԵԿ-ը չի նշում։ Այդ երկրներից ներկրված ընդհանուր քանակը կազմում է 4 հազար 795 տոննա, ՊԵԿ-ի նշած 4 հազար 993 տոննայի դիմաց։ Այստեղ էականը շեղումը չէ։ Էականն այն է, թե ինչպես է ՊԵԿ-ը ստացել շաքարի 46 ներկրող։ Եվ ահա թե գաղտնիքը որն է։ Ընդհանուր առմամբ Հայաստան շաքար է ներկրվել 25 երկրներից։ Ըստ ՊԵԿ-ի պաշտոնական տեղեկանքների, 2013-ին, օրինակ, ԱՄՆ-ից ներկրվել է 1.5 կիլոգրամ, Շվեյցարիայից՝ 800 գրամ, Կոմորներից՝ 700 գրամ եւ այլն։ Այս «խմբաքանակները» բերողներին ՊԵԿ-ը համարել է ներկրող։ Հենց այսպես է ստացվել, որ շաքարավազի 46 ներկրող կա։
Եվս մի ուշագրավ ցուցանիշ։ ՊԵԿ-ը ասում է, որ Հայաստան է ներկրվել 74.7 հազար տոննա շաքարեղեգ եւ մոտ 5 հազար տոննա պատրաստի շաքար։ Ըստ ԱՎԾ տվյալների, անցած տարի Հայաստանում այդ շաքարեղեգից արտադրվել է 69 հազար տոննա շաքար։ Եվ ուրեմն, Հայաստանում սպառվել է 74 հազար տոննա շաքար։ Անցած տարիներին, երբ շաքարի գործարանը չկար, Հայաստանում տարեկան սպառվում էր 88 հազար տոննա։ Ու հանկարծ, երբ գործարանը իբր սկսեց աշխատել, շաքարի սպառումը միանգամից կրճատվեց 16 տոկոսով։ Սա ի՞նչ հրաշք է։ Իրականում ոչ մի հրաշք էլ չկա։ Այդ 16 տոկոսը գնացել է ստվեր։
Կարդացեք նաև
Իսկ իրականում Հայաստանի «շաքարային պատկերը» շատ պարզ է։ Շաքարեղեգի անվան տակ Հայաստան է բերվում պատրաստի շաքար։ Դա արվում է որպեսզի ներկրողը խուսափի մաքսատուրքից, որը շաքարեղեգի համար 0 տոկոս է։ Այլ շաքար օգտագործողները իրենք են փոքր խմբաքանակներով շաքար բերում, որովհետեւ «տեղում արտադրված» շաքարը ավելի թանկ է, ու բացի այդ, «արտադրողից» հաշիվ ապրանքագիր ստանալ գրեթե հնարավոր չէ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում